Միջնադարյան հայ պոեզիան՝ մեկ տաղերգուի օրինակով

Հայ նոր գրականության սկզբնավորումը պայմանավորելով աշխարհաբարին անցումով՝ մենք միշտ նշում ենք, թե մինչ այդ գրողները չէին ստեղծագործում պարզ ժողովրդին հասկանալի լեզվով, ասել է թե՝ այդ ժողովրդի համար։ Անշուշտ, այդպես ասելով՝ նկատի ունենք հենց տվյալ ժամանակաշրջանը, սակայն այս պնդմամբ ակամա ստվերի տակ է թողնվում 13-18-րդ դարերի այն ողջ գրավոր ժառանգությունը, որ ստեղծվել է միջին հայերենով՝ այդ շրջանում ժողովրդին միանգամայն հասկանալի լեզվով։ Դպրոցում էլ ուշմիջնադարյան գրականությանն ամենաքիչն է անդրադարձ կատարվում։ Աշակերտներին ծանոթ են թերևս միայն Ֆրիկի ու Սայաթ-Նովայի ստեղծագործությունները և գուցե ևս մեկ-երկու հեղինակի անուն։

Օրինակ՝ 15-րդ դարի տաղերգու Մկրտիչ Նաղաշի պարզ և միաժամանակ գեղեցիկ լեզուն նրա գործերը սիրելի են դարձրել ինչպես եկեղեցականների և ազնվականության, այնպես էլ հասարակ ժողովրդի համար։ Մատչելի ու պատկերավոր խոսքով՝ նա ցույց է տվել աշխարհիկ ձգտումների ամբողջ ունայնությունն ու խաբկանքը և գովերգել պարզակեցությունը․

Մալի հասրաթ մի լինիր մեծութիւն քեզ չի պիտի

Ունիս կերակուր, հանդերձ աւելին քեզ ցաւ կու լինի։

Միաժամանակ իր տաղերում հեղինակը հորդորում է կյանքի ժամանակն օգտագործել բարիք գործելու համար։ Սակայն այդ հորդորը նա ուղղում է ինքն իրեն՝ խուսափելով ուղղակի խրատաբանությունից։

Մկրտի՛չ Նաղաշ, թէ դու խելք ունես,

Միտ արա դու գարնան ծաղկին…

Հանցեղ ծաղկի մի լինիր,

Որ տանէ զքեզ հողմն ու քամին

Ծաղիկ լեր բարի գործով,

Որ պտուղ տաս դու հոգւով…

Մկրտիչ Նաղաշն ինքը մաքրակենցաղ եպիսկոպոս էր և մեծ մարդասեր։ Սեր ու հարգանք էր վայելում ինչպես հայերի, այնպես էլ հարևան ժողովուրդների շրջանում։ Նա խոր ցավ էր ապրում սոցիալական անարդարություններից։ Մեծ վշտով էր գրում նաև իր ժողովրդի պանդխտության մասին․

Հոգի՛, մի՛ ասեր ղարիպ, թէ չէ իմ սիրտըս կարունի

Ղարիպն ի յօտար երկիր, վա՜յ ամ, խիստ դիժար կու լինի

Զինչ հաւն երամէն ի զատ, մոլորած ի տեղ չի հանգչի,

Այնչափ երերուն կենայ, մինչ որ իւր տեղըն հասանի։

Քնարական առումով՝ որքա՜ն հուզիչ է հենց միայն «սիրտըս կարունի» ձևակերպումը։ Սակայն Մկրտիչ Նաղաշը լավատես էր․ նրա վշտերգությունն ամփոփվում էր հույսով ու մխիթարմամբ․

Ղարի՛պ, սըրտնեղ մի՛ կենար այս դիժար օրերըս կանցնին

Ամեն ղարիպ ի տուն դարձաւ մի՛ մնար, թէ քեզ չի լինի․․․․․

Բնականաբար՝ տաղերգուն չէր կարող անտարբեր լինել նաև բնաշխարհի նկատմամբ, բայց նա հեռու էր բնության պաշտամունքից, և շրջակա գեղեցկությունը դիտում էր որպես արարչագործության արդյունք։ Ծաղկունքի պատկերները նա օգտագործում էր բացառապես նպատակադրված փոխաբերությամբ․

Ծաղիկն յանց դեղ գնաց,

Որ ամէն ծաղկունք խընդային,

Հազար գոյնզգոյն ծաղկունք

Յայն Ծաղկի սէրըն ժողովին:

Ծաղկունք յայն ծաղկի սիրուն

Շաղ առին ու շողշողային․․․․

Միայն այս տողերից արդեն հասկանալի է, որ խոսքը Քրիստոսի մասին է, ում շուրջն են խմբվել բոլոր մյուս ծաղիկները։ Ստեղծագործության վերնագիրն է «Տաղ ի դէմս մարգարէիցն և Քրիստոսի և Լուսավորչին»։ Ուրեմն՝ ծաղկունքը մարգարեներն են, որ իրենց փայլն առնում են Տիրոջից։ Կարող ենք տեսնել նաև սբ․ Գրիգոր Լուսավորչին՝ շրջապատված իր ժողովրդով։ Ասել է թե՝ գեղարվեստական պատկերն ինքնապատակ չէ․ մենք առնչվում ենք ոչ թե «արվեստը արվեստի համար», այլ «արվեստը մարդու համար» սկզբունքին։

«Տաղ հարսանեաց և ուրախութեան մարդկան» բանաստեղծության մեջ կարդում ենք․

Ամպն ի յերկինք թուխ դարձան

Զանձրև քաղցրահամ ցօղան,

Որ յերկիրս ծնանի,

Ծաղկունք զարդարեալ ցնծան:

Գովեմք զհարսն ու զփեսայն,

ոքայ Յակոբայ նման.

Շայլայ ի միջաց խնդան

Ծնող լինին շատ մանկան…

Այստեղ էլ բնության զարթոնքը զուգադրվում է հարսանյաց արարողության հետ։ Մի կողմից՝ գեղեցիկ պատկերն է, մյուս կողմից՝ ընտանիքի, որդեծնության գովքը։ Տաղում միաժամանակ կարող ենք տեսնել նաև հոգևոր մոտիվ․ հարսը Եկեղեցին է, փեսան՝ Քրիստոս (ընդունված այլաբանություն քրիստոնեական գրականության մեջ), իսկ որդիները՝ բարի և առաքինի մարդիկ, որոնք դաստիարակվում են Տիրոջ և Եկեղեցու խնամքով։

Այսպիսով՝ Մկրտիչ Նաղաշի տաղերգությունը վառ օրինակ է, թե ինչպես կարելի է կամրջել հոգևոր և «աշխարհիկ» գրականությունները՝ ստեղծելով գեղագիտորեն արժեքավոր, լեզվով՝ ժողովրդական և էությամբ կատարելապես քրիստոնեական պոեզիա։

Հավանեցի՞ր. տարածիր