Մհեր Մկրտչյան

Մհեր Մկրտչյանը թատրոնի և կինոյի կատակերգակ դերասան էր:

Գիտե՞ս, թե ով է կատակերգակը: Դա այն դերասանն է, որը կարողանում է իր խաղով ծիծաղեցնել: Իսկ դա հեշտ բան չէ: Մհեր Մկրտչյանը դա փայլուն էր անում: Նրա խաղը դիտելիս մարդ ակամա ժպտում է, բայց այդ ժպիտի մեջ նաև մի տեսակ թախիծ կա: Որովհետև այդպիսին էր նա՝ և՛ ուրախ, և՛ տխուր: Զարմանալի է, չէ՞:

Երբ նա փոքր էր, հայրն ուզում էր, որ տղան նկարիչ դառնա, որովհետև նա լավ նկարում է: Հնարավոր է, որ այդպես էլ լիներ, եթե տասը տարեկանում տղան անսպասելիորեն չհրապուրվեր թատրոնով: Այսպես նա հայտնվեց թատրոնի խմբակում:

Պատմում են, որ երբ նա առաջին անգամ բեմ է դուրս եկել իր փոքրիկ դերով, պիտի լուրջ ու ողբերգական մի տեսարանում հայտարարեր. «Դուք իշխանից նամակ եք ստացել»: Բայց պատանի դերասանը հենց որ բեմ է ելել, հանդիսատեսը, չգիտես ինչու, սկսել է ծիծաղել: Պատանին տարակուսած կանգ է առել՝ սպասելով, որ ծիծաղը հանդարտվի, բայց այն շարունակվել է: «Դե գիտե՞ք ինչ, նամակն իշխանին ինքնե՛րդ փոխանցեք»,- ասել է նա ու անցել կուլիսներ, որտեղ ծիծաղից թուլացել էին նույնիսկ նրա խաղընկերները:

Այն ժամանակ այդ դեպքը շատ է տխրեցրել ապագա արտիստին: Բայց հետո, շատ տարիներ անց, նա հասկացել է, թե ինչ հրաշալի բան է, երբ կարողանում ես ծիծաղ պարգևել հանդիսատեսին:

Հավանեցի՞ր. տարածիր