Մոռացված մասնագիտություններ

Տեխնիկայի շարունակական զարգացումը, քաղաքակրթության պահանջմունքների փոփոխությունը ինչպես անդադար նոր մասնագիտություններ է ծնում, այնպես էլ անցյալի գիրկն է թողնում բազմաթիվ հները, որոնք իրնեց ժամանակին մեծ տարածում են ունեցել։ Հիշենք դրանցից մի քանիսը։

Քարափորներ։ Անցյալում շինարական կամ այլ նպատակներով մարդիկ ժայռերը ձեռքով էին փորում՝ հատուկ գործիքների օգնությամբ։ Դա շատ ծանր ու վտանգավոր աշխատանք էր, բայց դեռ չկային դրա համար նախատեսված ժամանակակից մեքենաները, չկար պայթեցման համակարգը։

Կոշիկ մաքրողներ։ Աղքատ այդ տղան, կոշիկի խոզանակն ու քսուքը ձեռքին, կանգնած էր քաղաքի այս կամ այն անկյունում։ Հետո մոտենում էր հպարտ կեցվածքով անցորդը, բազմելու պես նստում համապատասխան աթոռին, և տղան մաքրում էր նրա փոշոտված կոշիկները, իսկ այդ ընթացքում «պատվիրատուն» թերթ էր կարդում, հայացքը ցցած՝ նայում վեր կամ էլ, եթե բարի մարդ էր, գուցե մտերմիկ զրույցի էր բռնվում իրենից ցածր դասի այդ տղայի հետ։

Լապտերավառներ։ Երբ իջնում էր երեկոն, նրանք, երկար ձողերն առած, շրջում էին փողոցներով, վառում քաղաքի լապտերները, որոնք էլեկտրական չէին, և լուսավորում անցորդների ու կառքերի ճանապարհը։

Մեքենագրուհիներ։ Բոլոր այն կազմակերպություններում ու գրասենյակներում, որոնք գործ էին ունենում փաստաթղթերի հետ, պարտադիր էր մեքենագրուհու հաստիք ունենալը։ Կանայք ժամեր էին անցկացնում տեքստեր տպագրելով և սենյակը լցնում ծանր կոճակների բարձր թաքթրաքով։

Հեռախոսային օպերատորներ։ Դեռ բոլորովին վերջերս, երբ կային միայն բնակարանների լարային հեռախոսները, և ոչ ոք չէր լսել «ռոումինգ» բառը, օտար երկրում գտնվող բաժանորդի հետ զրուցելու համար անհրաժեշտ էր նախ կապ հաստատել տեղի հեռախոսային օպերատորի հետ, որն էլ ապահովում էր համապատասխան «կամուրջը» իրարից հեռու երկու տարածքների միջև։

Հավանեցի՞ր. տարածիր