Գերմանացի հանրահայտ կոմպոզիտոր Բախի երաժշտությամբ նոր ժամանակաշրջան սկսվեց դասական երաժշտության մեջ:
Յոհանի մեծ եղբայրը երգեհոն էր նվագում: Նա նոտաների մի հավաքածու ուներ, որ պահում էր փակի տակ, որպեսզի փոքր եղբոր ձեռքը չընկնի: Նա վախենում էր, որ այդ երաժշտությունը կփչացնի Յոհանի ճաշակը:
Բայց քանի որ նոտաները փակի տակ էին, շատ էին գրավում Յոհանին: Եվ նա, չգիտես ինչպես, գտել էր դրանք և ամեն գիշեր, երբ տանը բոլորը քնում էին, պահարանից հանում էր արգելված նոտաները:
Տղան ոտնաթաթերի վրա անաղմուկ հասնում էր իր ննջարան, նստում պատուհանագոգին և լուսնալույսի տակ թաքուն արտագրում դրանք: Եվ այսպես մոտ կես տարի շարունակ նա էջ առ էջ նոտաներ էր արտագրում:
Արդեն վերջին էջերն էին մնացել: Մի քանի օր ևս, և Յոհանն իր աշխատանքը կավարտեր: Բայց ահա մի գիշեր մեծ եղբայրը բացահայտեց փոքրիկի «չարագործությունը»: Նա այնքա՛ն բարկացավ, որ Յոհանի ձեռքից խլեց թե՛ իսկական նոտաները, թե՛ արտագրածը:
Յոհանը վիրավորանքից լաց եղավ.
– Չե՛մ ուզում քո նոտաները: Ես ի՛նքս երաժշտություն կհորինեմ: Ավելի լավը կհորինեմ, քան դա է:
– Կհորինե՜ս, բա չէ՜,- ծիծաղեց եղբայրը,- գնա՛, գնա՛ քնելու, գլուխգովա՛ն…
Բայց Յոհանի ասածները դատարկ խոսքեր չէին. նրա ստեղծած երաժշտությունը տարիներ հետո իրեն հանրահայտ դարձրեց։ Մինչև հիմա ամբողջ աշխարհը սիրով լսում է Բախի երաժշտությունը:
Դու էլ լսիր. անպայման կհավանես: