Նախանձի մասին

Երբ ծանրամարտիկը նոր ռեկորդ է սահմանում, դուք նրան նախանձո՞ւմ եք։ Իսկ աթլետի՞ն։ Իսկ եթե ռեկորդակիրը ջրացատկո՞րդ է։

Սկսեք թվարկել մարդկային բոլոր նվաճումները, որ գիտեք, և առանձնացրեք դրանցից այն ամենը, ինչին կարող եք նախանձով նայել։ Դուք կնկատեք հետևյալ իրողությունը․ որքան ձեր գործունեությանը մոտ է այս կամ այն մասնագիտությունը, ապրելակերպը, այնքան մեծ է նախանձելու հավանականությունը։ Հայտնի խաղի նման՝ ցուրտ է, տաք է, ավելի տաք է, այրում է։ Վերջին խոսքից դուք փակ աչքերով կռահում եք այն իրը, որ թաքցրել են մյուս խաղացողները։

Որքան մոտ է ուրիշի հաջողությունը ձեր մասնագիտությանը, ձեր հետաքրքրություններին, այնքան մեծանում է այրող նախանձի վտանգը՝ սոսկալի զգացում, որից տանջվում է նախ ինքը նախանձողը։

Այժմ դուք գիտեք՝ ինչպես ազատվել նախանձի՝ սաստիկ ցավագին ապրումից․ զարգացրեք սեփական անհատականությունը ձեզ շրջապատող աշխարհում, հավատարիմ մնացեք ինքներդ ձեզ, և երբեք ոչ ոքի չեք նախանձի։

Նախանձը ծնվում է առավելաբար այնտեղ, որտեղ դուք օտարացած եք ձեր անհատականությունից։ Նախանձը զարգանում է նախևառաջ այն ժամանակ, երբ դուք ձեզ չեք տարբերում ուրիշներից։ Եթե նախանձում եք, ուրեմն չեք գտել ինքներդ ձեզ։

Դ․ Լիխաչով, «Զրույցներ բարու և գեղեցիկի մասին

Հավանեցի՞ր. տարածիր