Ներսը և դուրսը

Անգելինա Գրիգորյան

Թիվ 1 հիմնական դպրոց

9-րդ դասարան

Բոլորն էլ երազում են… Դա է մեր կյանքի իմաստը: Երազել, այն դարձնել նպատակ, հավատալ մեր երազանքներին, աշխատել, որպեսզի դրանք դառնան իրականություն և… և վերջ: Բոլորն են երազում, սակայն քչերին է հաջողվում երազանքից անցում կատարել դեպի նպատակ… Շատերը այդ ճանապարհից շեղվում են, շատերը նպատակի վրա կենտրոնանալու փոխարեն ուշադրություն են դարձնում իրենց քննադատողների կարծիքներին՝ չիմանալով, որ հաջողության հասնելու համար պետք չէ լսել ոչ ոքի: Շատերը չեն հավատում իրենց երազանքներին… Նրանց կարծիքով՝ հաջողությունների հասնելը բախտավորություն է, և իրենցից կախված չէ… Երբ ոչինչ չի ստացվում, ապա մեղավոր են բոլորը, կամ էլ իրենք են անբախտ: Ծանոթանալով աշխարհի ամենահարուստ մարդկանց կենսագրությանը, երբեմն տեսնում ենք, որ նրանք ապրել են ամենախղճուկ պայմաններում, պարզապես համաձարկ են եղել, հավատացել են իրենց ուժերին և ոչ ոքից կախված չեն եղել: Ամեն նպատակի իրագործման ավարտին մենք վայելում ենք մեր աշխատանքի պտուղները, իսկ ոմանց պատկերացմամբ՝ դրանք հեշտությամբ ենք աշխատել: Ամեն բան դրսից գեղեցիկ է թվում, հեշտ, իսկ երբ նայում ես մյուս կողմը, տեսնում ես, որ այն բարդ է, իսկ դրան հասնելու ճանապարհը՝ խոչընդոտներով լի: Բոլորս էլ մանկությունից ի վեր ձգտել ենք հեշտին, պարզին, որպեսզի շուտ հասնենք մեր նպատակին, առանց տքնելու: Ցավոք սրտի կամ էլ բարեբախտաբար, այդպես չի լինում…

Մարդկանց դեպքում էլ է այդպես… Հեշտ չէ մարդկանց հասկանալը… Հեշտ չէ հասկանալ դիմացինի տխրությունը կամ կիսել նրա ցավը… Հեշտ չէ ուրախանալ դիմացինի երջանկությամբ… Շատերը, չկարողանալով հասկանալ դիմացինին, ստիպված սկսում են… ձևացնել… Սկսում են դնել դիմակներ, որովհետև վախենում են աշխարհից, մարդկանցից… Սկսում են պաշտպանվել… Գիտե՞ք, երբեմն դիմակները փրկում են, սակայն դիմակով դու սկսում ես կորցնել քո էությունը, սեփական ես-ը: Դառնում ես շրջապատի թելադրած կերպարը… Կորցնելով քո իսկ սեփականը։ Ու մի օր սկսում ես հասկանալ, որ հետզհետե լցվում ես դատարկությամբ, որ դիմակի տակ էլ ոչինչ չի երևում:

Սակայն կան մարդիկ, ովքեր դիմակների կարիք չունեն: Նրանք կարողանում են կամ էլ նրանց հաջողվում է հասկանալ մյուսներին: Բարդ է հասկանալը… Մենք այն չենք, ինչ ցույց ենք տալիս: Մենք ներսից այլ ենք… Մենք ստեղծում ենք դարպասներ, որպեսզի ոչ ոք չմտնի և տակնուվրա չանի մեր ներսը։ Ամեն մեկը պարփակված է իր մեջ, իսկ դրսո՞ւմ: Անտաբերություն է տիրում… Հեռախոսների գերիշխանություն… Դրանք փոխարինել են մարդկանց, դարձել մեր կյանքի անբաժան մասը, մեր «հավատարիմ ընկերը»։

Մենք ենք մեր հոգու տերը, մենք պետք է որոշենք, թե ինչ լինի մեր ներսում՝ բարի գրքե՞ր, թե՞ բացասական կարծիքներ, հավա՞տ, թե՞ կասկածամտություն:

Անկախ մեր ներսի ու դրսի տարբերություններից, անկախ դրանց հակասություններից՝ այնպես ապրենք, որ երկու կողմերում էլ ուրախություն տիրի, որպեսզի կարողանանք մեր դրական էներգիայով վարակել շրջապատին։ Ժպտա՛, և երբեք մի՛ հուսահատվիր։

Հավանեցի՞ր. տարածիր