Ամանորի տոնախմբումը տարբեր երկրներում

Աշխարհի տարբեր երկրներում Ամանորը նշում են տարբեր կերպ ու տարվա տարբեր ամիսներին: Ամեն երկիր ունի իր սովորույթները, որոնք մարդիկ փոխանցում են սերնդեսերունդ, և Ամանորը դառնում է նաև առանձնահատուկ ազգաին տոն:

Ճապոնիա

Նոր տարվա գիշերը քաղաքների ու գյուղերի տաճարների զանգերը 108 հարված են տալիս: Զանգի վերջին հարվածից հետո բոլորը քնում են, որ լուսաբացին արթնանան, դուրս գան փողոց ու Նոր տարին դիմավորեն ծագող արևի առաջին ճառագայթների հետ: Բոլոր ընտանիքներում պատրաստում են մեծ օձի տեսքով օդապարուկներ, դրանք ներկում են վառ գույներով և օդ թռցնում:

Իրան

Այստեղ Նոր տարվա առթիվ կոտրում են տան հին ամանեղենն ու նորը գնում: Ընտանիքի գլխավորը տան անդամներին նոր զգեստներ է նվիրում:

Հնդկաստան

Այդ օրն այս երկրում հարկավոր է առավել ուշադիր լինել բարեկրթության հարցում․ արգելվում է բարկանալ ու վատ խոսքեր ասել: Ոչ ոք չպետք է չարացած, նյարդայնացած կամ նեղացած լինի:

Իտալիա

Իտալացիները Նոր տարվա գիշերը իրենց տների պատուհաններից ուղիղ փողոց են շպրտում տան հնացած իրերը՝ ճաքած ամանեղենը, կոտրված կահույքը: Այդ օրը փողոց դուրս գալը վտանգավոր է. հանկարծ գլխիդ հին բազմոց կընկնի՜:

Ռումինիա

Ռումինիայում շատ տարածված է Նոր տարին դիմավորել այծի պարով: Մի մարդ, այծի դիմակ հագած, ուսերին բրդոտ ծածկոց գցած, անցնում է տներով ու պարում այծի պարը:

Ֆինլանդիա

Ֆինն աղջիկները Նոր տարվա գիշերը իրենց ոտքից հանում են մաշիկն ու գցում ուսի վրայով. եթե մաշիկն ընկնում է քիթը դեպի դուռը, ուրեմն, ըստ նրանց սնահավատության, այդ տարում ամուսնանալու են:

Հունգարիա

Գյուղերում երիտասարդները մութն ընկնելուն պես ծիծաղաշարժ ներկայացումներ են տալիս այն տների առջև, որտեղ հարսնացու աղջիկներ կան:

Մեքսիկա

Մեքսիկացիները հյուրասենյակում կախում են քաղցրավենիքով լի մեծ աման, որը զարդարված է գազանների ու հրեշների նկարներով: Հյուրերի աչքերը հերթով կապում են ու մահակը տալիս ձեռքը: Նա, ում հաջողվում է ջարդել ամանը, ըստ հավատալիքի՝ նոր տարվա ընթացքում երջանիկ է լինելու:

Բրազիլիա

Ռիո դե Ժանեյրոյի բնակիչները սիրում են Նոր տարին դիմավորել օվկիանոսի ափին: Հազարավոր մարդիկ, սպիտակ զգեստներ հագած, ուղիղ կեսգիշերին գնում են ծովափ: Վառվող մոմերը դնում են ափի ավազի մեջ, մտնում են ջուրն ու ջրի վրա ծաղիկներ ցանում:

Հավանեցի՞ր. տարածիր