Նպատակ և ինքնագնահատական

Երբ մարդը, գիտակցաբար թե ենթագիտակցորեն, իր համար կյանքի ինչ-որ նպատակ է ընտրում, նա դրա հետ մեկտեղ սահմանում է իր ինքնագնահատականը։ Այսինքն՝ իմանալով, թե հանուն ինչի է մարդն ապրում՝ կարելի է հասկանալ նաև՝ նրա ինքնագնահատականը բա՞րձր է, թե՞ ոչ։

Եթե մեկն իր առջև նպատակ է դնում կուտակելու պարզունակ՝ նյութական «բարիքներ», նա ինքն իրեն էլ գնահատում է այդ նյութականության համեմատ՝ որպես վերջին մոդելի մեքնա վարողի, որպես շքեղ առանձնատան սեփականատիրոջ, որպես իր կահույքի մի մասի․․․

Իսկ եթե մեկն ապրում է, որպեսզի ուրիշներին բարիք պարգևի, թեթևացնի նրանց տառապանքները, մարդկանց ուրախություն բերի, ապա նա ինքն իրեն գնահատում է մարդկայնության սանդղակով, իր համար սահմանում է արժանապատիվ անձի նպատակ։

Միայն կենսական նշանակության նպատակն է մարդուն թույլ տալիս ապրել արժանապատվորեն և զգալ իրական ուրախությունը։ Այո՛, ուրախությունը։

Մտածեք միայն․ եթե մարդը իր առջև խնդիր է դնում կյանքում բարին ավելացնելու, մարդկանց երջանկություն պարգևելու, ի՞նչ դժբախտություններ նրան կարող են հանդիպել։

Չկա մեկը, ում կուզեիք օգնե՞լ։ Բայց մի՞թե առհասարակ քիչ են մարդիկ, ովքեր աջակցության կարիք են զգում։ Դու բժիշկ ես և հիվանդին սխալ ախտորոշո՞ւմ ես տվել։ Այդպիսի բան պատահում է անգամ ամենալավ բժիշկների հետ։ Բայց հանրագումարում նրանք, միևնույն է, օգնել են ավելի շատ, քան թե չեն կարողացել օգնել։ Սխալվելուց ոչ ոք ապահովագրված չէ։ Բայց ամենամեծ սխալը, ճակատագրական սխալը կյանքի սխալ նպատակի ընտրությունն է։ Պաշտոնդ չեն բարձրացրել՝ սթրես, չես հասցրել հավաքածուիդ համար գնել նոր թողարկված դրոշմանիշը՝ սթրես, ինչ-որ մեկի մի մեքենան ավելի լավն է, քան քոնը՝ սթրես և այն էլ ինչպիսի՜ սթրես։

Քո առջև կարիերայի կամ հարստանալու նպատակ դնելով՝ հանրագումարում ավելի շատ հիասթափություն ես ապրում, քան ուրախություն, հետն էլ կա վտանգ ամեն բան կորցնելու։ Իսկ ի՞նչ կարող է կորցնել այն մարդը, որն ուրախացել է իր ամեն մի բարի գործից։ Կարևոր է միայն, որ բարեգործությունը նրա ներքին պահանջմունքը լինի, բխի իմաստուն սրտից, այլ ոչ թե միայն գլխից, չլինի զուտ «գաղափարական սկզբունք»։

Մի խոսքով՝ կյանքի գլխավոր նպատակը պետք է շատ ավելի լայն լինի, քան պարզապես անձնական մի բան։ Այն պիտի թելադրվի մարդկանց հանդեպ բարությունից, սիրուց, սիրուց ընտանիքի, քաղաքի, սեփական ազգի, Տիեզերքի նկատմամբ։

Արդյո՞ք դա նշանակում է, թե մարդը նյութական ոչինչ չպիտի ձեռք բերի, կարիերայում հաջողության չպիտի ձգտի։ Բոլորովին ոչ։ Մարդը, ով ընդհանրապես չի մտածում իր մասին, անձնապես ինձ հաճելի չէ։ Դրա մեջ ինչ-որ կեղծիք կա, ինչ-որ ցուցադրականություն։ Դրա մեջ անգամ ինչ-որ յուրատեսակ արհամարհանք կա մյուսների նկատմամբ, ինքնատիպ երևալու ձգտում։

Այդ պատճառով եմ ես խոսում կյանքի գլխավոր նպատակի մասին։ Իսկ այդ գլխավոր նպատակը պետք չէ մտցնել ուրիշների աչքը։ Եվ հագնվե՛լ է պետք գեղեցիկ (դա շրջապատի հանդեպ հարգանքի դրսևորում է), բայց պատրադիր չէ՝ «բոլորից լավ»։ Եվ սեփական գրադարա՛ն պետք է ունենալ, բայց ոչ անպայման ավելի մեծ, քան հարևանինը։ Եվ մեքենա՛ն կհշետացնի քո և ընտանիքիդ կյանքը։ Միայն թե չի կարելի երկրորդականը դարձնել առաջնային, որպեսզի դա չսպառի քո ուժերն այնտեղ, որտեղ պետք չէ։ Երբ այս բոլոր նյութական բաների անհրաժեշտությունն առաջանա, ուրիշ հարց․ այդ ժամանակ կտեսնենք՝ ով ինչի կարող է հասնել։

Դ․ Լիխաչով, «Զրույցներ բարու և գեղեցիկի մասին»

Հավանեցի՞ր. տարածիր