Շառլ Ազնավուր

Ֆրանսիայում է ծնվել և ապրել մի հրաշալի երգիչ, բանաստեղծ ու դերասան, որ նաև մեծ բարեգործ էր։ Նա ազգությամբ հայ էր: Այդ մարդու անունն է Շառլ Ազնավուր:

Դժվար պահերին նա միշտ իր նախնիների հայրենիքի` մեր երկրի կողքին է եղել և օգնել մեզ: Երբ Ազնավուրը գալիս էր Հայաստան, հազարավոր մարդիկ շրջապատում էին նրան, ձգտում տեսնել մքտիկից, զրուցել:

Կարդանք մի դրվագ «Ազնավուրը Ազնավուրի մասին» ինքնակենսագրական գրքից:

Երբ ես փոքր էի, մի օր խիզախություն ունեցա նամակ գրելու «Փոքրիկների թատրոնի» տնօրենին՝ խնդրելով լսել ինձ: Հրավերը չուշացավ: Մորս հետ գնացի: Ահա այդ օրն էր, որ հանդիպեցի հրաշք երեխաների. այնտեղ կային կինոաստղերի նման զուգված-զարդարված աղջնակներ ու տղաներ: Նրանք աչքի տակով իրար էին զննում, աքլորանում, կռվում կամ ծամածռություններ անում: Իսկ նրանց մայրերն այդ անտանելի աղմուկի մեջ գովերգում էին իրենց բալիկների տաղանդն ու արժանիքները:

Իսկ մայրս հանգիստ կանգնած էր մի անկյունում և լուռ, բայց սիրով ինձ էր նայում: Ես տարբերվում էի մյուս երեխաներից: Ես կիրակնօրյա զգեստներ չէի հագել, որովհետև չունեի: Եվ մյուսներն ինձ արհամարհանքով էին նայում:

– Հաջո՜րդը,- աղմուկի մեջ բղավում էր մի մարդ:

Ու իրար հրմշտելով՝ բոլորը միասին վազում էին դեպի դուռը…

Մայրս ու ես, այս աղմուկից հեռու, կծկված կանգնած էինք մի անկյունում:

– Ո՞վ մնաց:

Լռություն: Հետո անհամարձակ ասացի.

– Ես:

– Ի՞նչ ընդունակություն ունես:

Գրպանիցս հանեցի դեղնած ու ճմռթված նոտաներս և մեկնեցի դաշնակահարին:

Բոլորի հեգնոտ հայացքների տակ, առանց համարձակվելու որևէ մեկի նայել, ես մի պար կատարեցի:

– Մենա՞կ ես եկել:

– Ո՛չ, մայրիկիս հետ:

– Թողեք ձեր հասցեն, մենք ձեզ կգրենք:

Երկու օր հետո նամակ ստացա. ընդունված էի:

Տեսնու՞մ ես՝ միշտ չէ, որ տաղանդավոր մարդը միանգամից աչքի է ընկնում։ Իսկական տաղանդը հիմնականում համեստ է և ամոթխած: Բայց մի օր նրան անպայման նկատում են, բացահայտում:

Դրա համար էլ դու պետք է հավատաս քո ուժերին և չվախենաս մարդկանց քո ընդունակություններով ներկայանալուց:

Չմոռանաս նաև համբերատարության մասին. մի օր կգա նաև քո ժամը։

Հավանեցի՞ր. տարածիր