Առանց ջրի կյանք չկա:
Նոր բան չասացի, չէ՞: Իսկ դու, հնարավոր է, սիրում ես ծորակի մոտ կանգնել ու հոսող ջրի հետ խաղալ: Հետո մայրիկը կամ տատիկը կանչում են. «Հերի՜ք է, կմրսես, կհիվանդանաս»:
Բայց ջրի հետ չխաղալու, ջուրը չվատնելու ավելի կարևոր պատճառ կա. մեր մոլորակի վրա խմելու ջրի պաշարները քիչ են, և ոչ բոլոր վայրերում մարդիկ խմելու ջուր ունեն: Հեռուստացույցով տեսե՞լ ես, որ կան երկրներ, որտեղ մեծերն ու քո տարիքի երեխաները մեծ ամաններով աղբյուրից ջուր են կրում, տանում տուն:
Գիտե՞ս, որ Հայաստանում էլ կան գյուղեր, որտեղ մարդիկ ջուր չունեն: Տխրեցի՞ր:
Դու երևի քո կյանքն առանց ջրի չես պատկերացնում, չէ՞: Առանց ջրի ո՛չ բույսեր, ո՛չ կենդանիներ չեն կարող ապրել: Եվ ոչ էլ մարդը… Այնպես որ մտածի՛ր այս մասին: Մտածի՛ր ջուրը խնայողությամբ օգտագործելու մասին: Միշտ հիշի՛ր դա և հիշեցրո՛ւ քո շրջապատին: