Մեղրու լեռնաշղթայի հյուսիսային լանջերին լայնատերև անտառներ են՝ հարուստ բուսական և կենդանական աշխարհով: Դրանք պահպանելու և վերականգնելու համար 1985 թ. ստեղծվել Շիկահողի արգելոցը:
Արգելոցում պետության պաշտպանությանն են անցել կաղնու և բոխու անտառները, կենու, արևելյան սոսու և արևելյան հաճարենու պուրակները: Կան նաև վայրի պտղատուներ՝ տանձենի, արևելյան խնձորենին, հունական ընկուզենի, լորենի, հացենի, թխկի, թեղի, սալորենի։ Հանդիպում են բթատերև ինկենի, շագանակենի, կովկասյան խուրմա, նռնենի, թզենի, զկեռենին Շիկահողում կարելի է գտնել նաև գրեթե քսան տեսակի հազվագյուտ մամուռներ։
Արգելոցի կենդանիներից հայտնի են գորշ արջը, գորշուկը, վարազը, այծյամը, գայլը, աղվեսը, գորշ նապաստակը, լայնականջ ոզնին, բեզոարյան այծը, վայրի ոչխարը, հովազը։ Կան օձեր, որոնց մեջ առանձնանում է հայկական լեռնատափաստանային վահանագլուխ իժը։ Թռչուններից տարածված են վայրի հնդկահավը, քարարծիվը, սպիտակագլուխ և սև անգղները: Այս կենդանիներից շատերը գրանցված են կարմիր գրքում: