Գըլզի Քրիստին
Չարենցավանի համար 6 հիմնական դպրոց
7-րդ դասարան
Ես Քրիստինն եմ, ծնվել եմ 2006 թ․՝ Սիրիայի Հալեպ քաղաքում, ունեցել եմ ուրախ ու անհոգ մանկություն մինչև պատերազմը։ Իմ ընտանիքում 7 հոգին էինք՝ հայրս, մայրս, պապիկս, տատիկս, երկու եղբայրներս և ես։ Ես շատ համառ եմ, միևնույն ժամանակ շատ շուտ ընկճվող։ Մեծ եղբայրս հոգատար է, ընկերասեր՝ չհաշված բռնկուն բնավորությունը։ Փոքր եղբայրս հանգիստ բնավորություն ունի և ես նրան նմանեցնում եմ իմ տատիկին, որը նույնպես շատ հանգիստ է և բարի։ Պապիկս աշխատասեր և գրագետ մարդ էր․ նա առանց մտածելու ոչ մի քայլ չէր անի։ Շատ էի սիրում պապիկիս, հիշում եմ աշխատանքի ավարտից հետո նա այնպայման մեզ համար ինչ որ մի քաղցրավենիք կամ խաղալիք էր բերում, մեզ հետ անց էր կացնում իր ամեն մի ազատ րոպեն։ Հայրս աշխատասեր, բարի, հոգատար է․ նա մեզ սովորեցնում է նայել աշխարհին ուրիշ աչքով՝ նույնիսկ վատի մեջ լավը փնտրելով։ Մորս կարող եմ վստահել ամեն ինչ․ նա ջանք չի խնայում մեզ համար։ Իմ բառապաշարում կան երեք շատ թանկ բառ՝ ընտանիք, ծննդավայր և հայրենիք։ Այս բառերը ունեն մեծ իմաստ։
Ի՛մ Հալեպ․ գեղեցիկ ու առատ քաղաք, որտեղ ապրում են բարի, աշխատասեր մարդիկ՝ իրենց յուրահատուկ ու հետաքրքիր տոներով։ Հալեպում մեր ամեն մի օրը հետաքրքիր էր անցնում, ամեն օր հայրս աշխատանքից հետո մեզ տանում էր զբոսանքի կամ խաղահրապարակ, լավ ժամանակ էինք անց կացնում ընտանիքով։ Երբ ես ու եղբայրս ընդունվեցինք Կիլիկյան վարժարանի նախակրթարան, ես չորս տարեկան էի ու, ինչպես ասում էին իմ ուսուցիչները, իմ հասակակիցներից ավելի հասուն էի մտածում (ես տան առաջնեկն եմ եղել, պահել եմ ինձ հասուն ու ծանր)։ Ընդունակ աշակերտուհի եմ եղել, ընկալել եմ միանգամից։ Մենք տանը դաս չէինք անում, տան առաջադրանքները անում էինք դպրոցում։ Տանը հանգիստ էինք։ Մեզ համար խաղաղ ու հաճելի էին դպրոցական օրերը մինչև այդ չարաբաստիկ պատերազմը, որը խլեց շատ մարդկանց կյանքեր՝ զինվորների, ծնողների, նույնիսկ երեխաների։
Պատերազմ․․․ չեմ սիրում այդ բառը։ Նա խլում է կյանքեր՝ չհարձնելով ո՛չ տարիք, ո՛չ վայր, ոչի՛նչ։ Հայրս ասում էր, որ անակնկալները անսպասելիորեն կհայտնվեն բոլորիս ճանապարհին, պետք է պատրաստ լինել, ընդունել դրանք՝ իրենց լավ և վատ կողմերով։ Այս խոսքերը կարող եմ ընդունել ցանկացած իրավիճակում, բայց չեմ կարող հասկանալ, չէ՞ որ պատերազմը իր լավ կողմերը չունի։ Հիշում եմ Հալեպում առաջին պայթյունը տեղի ունեցավ մեր դպրոցից մի փոքր հեռու, այդ օրվանից կարծես ինձնից հեռացավ իմ մանկությունը։ Սարսափելի էր․ ամեն անգամ հիշելիս վերապրում եմ նույն օրերի վախը, բայց կպատմեմ, նույնիսկ եթե հնարավոր լիներ, աշխարհին կպատմեի, թե դա ինչ վախ է երեխայի համար։ Մենք դպրոցում էինք, մեր հերթական դասն էր, նույնիսկ հիշում եմ՝ ինչ դաս էր․ սովորում էինք վանկատել բառը, ասել ձայնավոր ու բաղաձայն հնչյունները։ Եղբայրս ինձնից 10 ամիս փոքր է․ նա մի դասասենյակ այն կողմ էր դաս անում, մի պահ ուժգին ձայն լսվեց, ցնցվեց ամեն ինչ․ ոչինչ չէի հասկանում, երբ տեսնում էի ուսուցիչների խուճապահար վիճակը, որոնք փորձում էին մեզ՝ աշակերտներիս համար պատսպարան գտնել, փորձել պաշտպանել։ Այդ պահին չես հասկանում՝ ինչ է կատարվում, ինչից են այսքան վախենում, ինչից են փորձում պաշտպանել, միայն լսում ես կրակոցներ և երեխաների լացի ձայն։ Հիշում եմ՝ ինչպես էր եղբայրս լաց լինում ու ինձ կանչում։ Հետո ուսուցիչներից մեկը եղբորս բերեց ինձ մոտ, մենք փոքր էինք, բայց կարծես պաշտպանական գիտակցությունը, մեծ լինելու հասկացողությունը ավելի են մեծացնում քեզ։ Նա վախից գրկել էր ինձ ու կարծես ուզում էր և՛ ինքը պաշտպանվեր, և՛ ինձ պաշտպաներ, բայց թե ինչու, ինքն էլ ինձ նման չէր հասկանում։ Մի քանի ժամ հետո եկան մեր ծնողները, երբ այդ պահին տեսա մայրիկիս, էլ վախ չզգացի, փորձում էի հասնել նրան, հրում ուսուցիչներին, որ մեզ շրջապատել էին պաշտպանելու համար։ Չգիտեմ, երևի իրենք էլ այդ պահին արել են այն, ինչ կաներ ցանկացած ծնող։ Ես մի ձեռքս երկարել էի դեպի մայրիկս, մյուս ձեռքով եղբորս էի ամուր բռնել։ Երբ գրկեցի մայրիկիս, կարծես մի պահ ամեն ինչ վերջացավ, նույնիսկ ձայն չէի լսում։ Մայրս փորձում էր մեզ հասցնել մեքենային, այդ փոքրիկ ճանապարհը՝ դպրոցից մինչև մեքենա, կարծես մորս համար դժվար ու բարդ ճանապարհ լիներ։ Ուղղաթիռով կրակում էին վերևից և մեր կողքին զինվորներ կային։ Ես այդ պահին մեր զինվորներից էի վախենում, որոնք փորձում էին երեխաներին հասցնել մեքենա։ Հիմա եմ գիտակցում՝ ինչ էին անում մեր զինվորները հանուն մեզ։ Չէ՞ որ կարող էր այդ ուղղաթիռի գնդակը վիրավորել նրանց։ Այդ օրը, բարեբախտաբար, ոչ մի զոհ չեղավ։
Սկսվեց արագորեն փոխվել քաղաքի վիճակը, վատանալ։ Եկավ մի պահ, որ նույնիսկ հաց չկար քաղաքում։ Կարևոր չէր՝ հարո՞ւստ ես, թե՞ աղքատ․ բոլորի համար այդ վիճակը նույնն էր։ Կրակում էին ուղղաթիռից, երբ ձայնը դադարում էր բոլորը վազքով գնումներ էին կատարում, հացի հերթերէր կուտակվում, նույնիսկ չէին հասցնում տուն վերադառնալ, երբ նորից օդ էր բարձրանում ուղղաթիռը։ Կարծես ամբողջ քաղաքով մեկ լցված լինեին այդ ուղղաթիռները։
Սկսվեց պայթյունը պայթյունի հետևից։ Եկեղեցիներ, հացի փռեր․․․ Քաղաքան ավերվում էր օր օրի։ Մեզ համար կարծես թե սովորական էր դարձել կրակոցների և ռումբերի ձայնը։ Շատ բան էի հասկանում, բայց ցույց չէի տալիս ծնողներիս, վախենում էի մահից, մտածում էի ծնողներիս մասին։ Հերթական անգամ, երբ ծնողներս գնացին գնումների, ես եղբայրներիս հետ մեր խաղասենյակում էի՝ պատշգամբում։ Մի պահ մոտեցա փոքր եղբորս, որը լալիս էր իր կոտրված մեքենայի համար․ փորձեցի վերցնել մեքենան ու հանգստացնել, և այդ պահին մի ուժգին ձայն լսվեց, ցավ զգացի․ ուղղաթիռից մի գնդակ էր հասել իմ ոտեքի մոտ, այնքան մոտ էր, որ հարվածը հարել էր ոտքս։ Ես ուժգին գոռացի ցավից։ Եղբայրներս ինձ հետ սկսեցին լալ։ Լուրջ բան չէր եղել, պարզապես հարվածից սաստիկ ցավ էի զգում։
Այդ օրվանից ես մոտ 2 տարի չեմ խոսել։ Երբ որոշեցինք գալ Հայաստան, հայրս մեզ ճանապարհելու էր օդանավով, իսկ իրենք գալու էին մեքենայով։ Այդ օրը ինձ համար ամենասարսափելին էր․ ուզում էի գոռալ, բայց չէի կարողանում։ Մի երկու զինվոր մեզ ուղեկցեցին դեպի տանկ։ Նոր գյուղ կոչված թաղամասը դարձել էր ամենավտանգավոր թաղամասերից մեկը։ Այդտեղի ժողովրդին մարդիկ տարհանում էին՝ տեղափոխելով եկեղեցի և ավելի ապահով վայրեր։ Չկարողացանք մեզ հետ վերցնել ոչ մի բան, միայն տաք հագնվեցինք և դուրս եկանք։ Հայրիկիս, պապիկիս ու տատիկիս տարան մյուսների հետ, իսկ մենք սպասում էինք մեր ավտոբուսին, որը չէր կարողանում մոտենալ։ Մենք ստիպված տանկով հասանք օդանավակայան։ Խորը ցավ ապրեցի։ Մեր ընտանիքը բաժանվեց երկու մասի։ Մինչ հասնելը տանկին, ես վախեցած նայում էի քանդված շենքերին ու ավերված քաղաքին։ Նստեցինք օդանավ ու հասանք Հայաստան։ Մեզ դիմավորեց տատիկս ու մեկնեցինք Գյումրի։
Անցավ չորս ամիս․ հայրիկս տատիկիս ու պապիկիս հետ եկավ մեզ մոտ։ Մենք ոչինչ չունեինք՝ ո՛չ հագուստ, ո՛չ իր։ Մայրս միշտ ասում էր, որ դրանք էական չեն, կարևորը բոլորս ողջ և առողջ ենք։ Հայրս աշխատանք գտավ Չարենցավան քաղաքում, բնակարան վարձեց ու տեղափոխվեցինք այնտեղ։ Վերջապես բոլորս վերստին միասին էինք։ Մենք ապրում էինք դատարկ տան մեջ։
Անցավ մի որոշ ժամանակ, ունեցանք ամեն ինչ, նույնիսկ տուն։ Այդ տարի ես ու եղբայրս գանցինք առաջին դասարան։ Մենք նույն դասարանից էինք։ Դժվար էր․ ես ինձ օտար էի զգում։ Չէինք կարողանում գրական խոսել, երեխաները, ուսուցիչները մեզ լավ չէին հասկանում ու կար ինձ համար մի ցավոտ տարանջատում՝ մենք և դուք, որից ես ինձ օտար էի զգում։ Նոր-նոր էի սկսել խոսելուս ունակությունը վերականգնել։ Շնորհակալ եմ իմ ծնողներին, տնօրենին, որ ջանք չխնայեցին անելու ամեն ինչ, որպեսզի Հայաստանում մեզ օտար չզգանք։ Հիմա ես 7-րդ դասարանում եմ սովորում, ունեմ հիանալի դասղեկ, ով մեզ համար երկրորդ մայր է, դասընկերներ՝ ընկերասեր և պատրաստ ամեն ինչի հանուն իրենց ընկերոջ։
Եվ ի վերջո, ո՞րն է իմ ճանապարհը այս կյանքում․ կարևորը օգնել մարդկանց, առավել ևս պատերազմում առանց ծնող մնացած երեխաներին, որոնք ամենախոցելի էակներն են այս աշխարհում։ Ես որոշել եմ՝ ինչ մասնագիտություն էլ ունենամ, փորձելու եմ ամեն կերպ աջակցել ու հոգ տանել այդ երեխաների համար։