Որոտնավանք

Որոտնավանքը գտնվում է Սիսիանից մոտ 14 կմ արևելք՝ Որոտանի կիրճի ձախակողմյան բարձունքին։

Վանքը հիմնադրել է Սյունյաց թագուհի Շահանդուխտը՝ 1000 թվականին: Սակայն նրա հնագույն՝ Սբ. Գրիգոր եկեղեցին, կառուցել է ինքը սբ. Գրիգոր Լուսավորիչը։ Եկեղեցին միջնադարում հայտնի է եղել օձի խայթոցը բուժելու իր զորությամբ և դարձել նշանավոր ուխտատեղի։ Ս. Գրիգոր եկեղեցու կողքին Շահանդուխտը կառուցել է տվել Ս. Ստեփանոս Նախավկա եկեղեցին, նրա գավիթը, արհեստանոցներ, պահեստներ և հիմնել մեծաթիվ միաբանությամբ վանքը՝ այն շրջափակելով պարսպով։ Ս. Գրիգոր եկեղեցին ներսում զարդարված է եղել որմնանկարներով, որոնցից հյուսիսային խորանում պահպանված հատվածը պատկերում է աստղազարդ երկինք` կենտրոնում հրեշտակ։ Շահանդուխտի կրտսեր որդին՝ իշխան Սևադան, մի քանի տարի անց կառուցել է Սբ. Կարապետ եկեղեցին և նրա կամարակապ գավիթ-սրահը։

Շահանդուխտ թագուհին և իշխան Սևադան թաղվել են Որոտնավանքում։

Որոտնավանքում հոգևոր և գիտական գործունեություն է ծավալել միջնադարի հայ փիլիսոփա Հովհան Որոտնեցին (1315-1388 թթ.): 14-րդ դարի վերջին քառորդին Որոտնավանքում է գործել սբ. Գրիգոր Տաթևացին. նա այստեղ ընդօրինակել է Պետրոս Արագոնացու «Գիրք յոթն առաքինութեանցն» («Յոթ առաքինությունների մասին գիրք») աշխատությունը։

Վանքը գործել է մինչև 20-րդ դարի սկիզբը։ Վանական համալիրի նորոգման աշխատանքներն ավարտվել են 2013 թ.:

Ativador Office 2010

Snaptube APK

 KMS Pico

Հավանեցի՞ր. տարածիր