Ուղտասար

Ուղտասարը Հայաստանի՝ պատմագիտական արժեք ունեցող հնավայրերից է: Ասում են՝ սարն այդպես են անվանել, որովհետև տեսքով նմանեցրել են ուղտի, բայց հանդիպում է նաև Ուխտասար տարբերակը՝ ուխտատեղի նշանակությամբ։ Լեռը գտնվում է Սիսիանից մոտ 30 կիլոմետր հեռավորության վրա՝ Սյունիքի բարձրավանդակի կենտրոնական հատվածում, և ծովի մակերևույթից բարձր է ավելի քան 3 հազար մետր: Տարածքի ժայռապատկերն օգնում են բացահայտելու հի՜ն-հին ժամանակներում ապրած մարդկանց աշխարհընկալումն ու կենցաղը:

Լեռան ստորոտներում՝ տեղանքի մանր լճակների շուրջը, ձորակներում ու դարավանդներում, հայտնաբերվել է մոտ 2 հազար ժայռապատկեր՝ որսորդությանը, շրջապատող բնաշխարհին, Տիեզերքի մասին հնագույն պատկերացումներին վերաբերող թեմաներով։ Ուղտասարի ամենահին ժայռապատկերները փորագրվել է Ք. ա. 5-4-րդ հազարամյակներում:

Ուղտասարի կենդանիների պատկերների գերակշիռ մասը այծերի ուրվագծերն են, իսկ ժայռապատկերների համար շատ տարածված է այծքարեր կամ իծագրեր անվանումը։ Այծերը հատկապես տարածված են որսի տեսարաններում՝ որպես մանր եղջերավոր անասունների հավաքական խորհրդանիշ։

Ուղտասարի ժայռապատկերները մեզ են հասել գրեթե անվնաս վիճակում։ Միայն աննշան մասն է ենթարկվել հողմահարման ազդեցությանը՝ պոկվելով ժայռաբեկորների մակերեսից, իսկ աղբյուրներին մոտ որոշ մասը ծածկված է հողաշերտով:

Հավանեցի՞ր. տարածիր