Շատ դարեր առաջ՝ 988 թվականին, Բյուզանդիայի Բարսեղ Երկրորդ կայսեր հրամանով սեպտեմբերի 1-ը պաշտոնապես հռչակվեց նոր տարվա սկիզբ։ Եվ քանի որ այդ ժամանակ բոլոր դպրոցները գործում էին եկեղեցիներին կից, նոր ուսումնական տարին ևս սկսեց մեկնարկել սեպտեմբերի 1-ին։
1699 թվականին Պետրոս Մեծի հրամանով Ռուսաստանում նոր տարվա սկիզբը սեպտեմբերի 1-ից տեղափոխվեց հունվարի 1։ Եվ այնպես ստացվեց, որ 1699 թվականը ունեցավ ընդամենը 4 ամիս՝ սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր, իսկ հունվարի 1-ին սկսվեց 1700 թվականը։ Սակայն երեխաների համար չորս ամսում ամբողջ տարվա ծրագիրը յուրացնելը անհնար էր, ուստի նոր ուսումնական տարին սեպտեմբերի 1-ին սկսելու ավանդույթը մնաց անփոփոխ։
Մինչև 1930-ական թվականները ԽՍՀՄ-ում դասերը տարբեր ուսումնական հաստատություններում սկսվում էին տարբեր օրերի։ Գյուղերում դպրոցները բացվում էին խոր աշնանը, երբ ավարտվում էին գյուղատնտեսական աշխատանքները, մինչդեռ քաղաքներում գիմնազիաները սկսում էին գործել դեռևս օգոստոսի կեսերին։
Միայն 1935 թվականին սեպտեմբերի 1-ը պաշտոնապես հայտարարվեց որպես ուսումնական տարվա սկիզբ։ Իսկ տասնամյակներ անց՝ 1984 թվականին, սեպտեմբերի 1-ը հռչակվեց որպես պետական տոն՝ Գիտելիքի և դպրության օր։ Այսօր Գիտելիքի օրը համարվում է միջազգային տոն։ Սակայն ոչ բոլոր երկրներում է նոր ուսումնական տարին սկսվում սեպտեմբերի 1-ին։
ԱՄՆ-ում և եվրոպական բազմաթիվ երկրներում՝ Իսպանիայում, Իսլանդիայում և այլուր, ուսումնական տարվա մեկնարկի հստակ օր չկա։ Այս երկրներում այն սկսվում է օգոստոս-սեպտեմբեր ամիսներին, իսկ հստակ օրը որոշում է տվյալ վարչատարածքային միավորի ղեկավարությունը։
Գերմանիայում աշակերտները դպրոց են գնում հոկտեմբերի կեսերից, երբ վերջնականապես ավարտվում է ամառային տապը։ Ավստրալիայում դասերը սկսվում են փետրվարին։ Իսկ Ճապոնիայում և Հնդկաստանում նոր ուսումնական տարին մեկնարկում է ապրիլի 1-ին՝ ավարտվելով հաջորդ տարվա մարտին։