Ուրարտուն

Ուրարտուն կամ Վանի թագավորությունը պետություն էր Հայկական լեռնաշխարհում։

Հնագույն ասորեստանյան աղբյուրներում այն կոչվել է Ուրարտու, տեղի սեպագիր արձանագրություններում` Բիայնիլի և Նաիրի, իսկ Աստվածաշնչում` Արարատ:

Վանի թագավորության բնիկ գրային համակարգը բաղկացած է եղել հիերոգլիֆներից, որոնք կոչվել են մեհենագրեր և թվով շուրջ 300-ն են: Այս համակարգի վերծանումից ենթադրվում է, որ որ Ուրարտուի լեզուն եղել է հնագույն հայերենը:

Առաջին վկայված արքան Արամե Ուրարտացին է, որի անունն ասորեստանյան աղբյուրներում հիշատակվում է երեք անգամ՝ Ք․ ա․ 859–843 թթ․ ընթացքում: Ոմանք էլ ասում են, թե Վանի թագավորության հիմնադիր-արքան Սարդուրի Առաջինն է, ով և Ք․ ա․ 830-ական թվականներին կառուցել է Տուշպա (Տոսպ) մայրաքաղաքը՝ հիմնադրման արձանագրություններում իրեն անվանելով Նաիրի երկրի արքա։

Սարդուրի Առաջինի օրոք Ուրարտուն տարածվել է ոչ միայն Վանա լճի ավազանում, այլև Հայկական Տավրոսից հարավ՝ Տիգրիսի վերին հովտում:

Սարդուրիին հաջորդել է որդին` Իշպուինին (Ք․ ա․ մոտ 825–810 թթ): Նա իրականացրել է մի շարք բարեփոխումներ, որոնք շարունակել է արդեն նրա որդին՝ Մենուան (Ք․ ա․ մոտ 810–786 թթ.):

Սկզբում թագավորությունն ունեցել է դաշնային աշխարհազորը, ապա՝ մշտական կանոնավոր բանակ: Իշպուինին հարավում ընդլայնել է տիրույթները՝ Ուրմիա լճի ավազանից մինչև Պարսուա երկիր (հետագայում՝ Պարսք), հյուսիսում` մինչև Հայկական Պար լեռնաշղթա:

Իշպուինի արքայի օրոք ստեղծվել է տեղական սեպագրերի համակարգը (շուրջ 200 նշան՝ ձախից աջ գրությամբ), որով մեզ են հասել ավելի քան 600 մեծ ու փոքր բնագրեր:

Մենուայի օրոք է Վանի թագավորությունը հասել աննախադեպ հզորության: Նա ծավալել է շինարարական աշխատանքներ, ստեղծել է ոռոգման ցանց, 72 կմ երկարությամբ ջրանցք:

Մենուայի բանակի նվաճումներով Հայկական լեռնաշխարհի հիմնական մասը միավորվել է մեկ կենտրոնացված պետության մեջ: Մենուան հաղթանակներ է տարել տարածաշրջանի ամենահզոր պետության` Ասորեստանի նկատմամբ և Վանի թագավորությունը վերածել գերտերության:

Մենուայի հաջորդի՝ Արգիշտի Առաջինի գահակալության տարիներին (Ք․ ա․ 786–764 թթ.) Վանի թագավորությունը հասել է հզորության գագաթնակետին: Տերությունը ձգվել է Ուրմիայի ավազանի հարավից մինչև Ջավախք, Սևանա լճի ավազանից և Կուր գետից մինչև անդրեփրատյան աջափնյա շրջաններ, Մասիուս և Կորդվաց լեռներից մինչև Ճորոխի ավազան:

Արգիշտին Ք․ ա․ 782 թ․ հիմնադրել է Էրեբունին։

Արգիշտիի որդու` Սարդուրի Երկրորդի օրոք (Ք․ ա․  764–735 թթ.), երբ երկրի սահմանները ձգվում էին արդեն չորս ծովերի միջև, զինվորականության ընդհանուր թիվը շուրջ 350 հազար էր․ այն ժամանակների համար դա ահռելի բանակ էր։

Սակայն Ք․ ա․ 743–735 թթ․ Թիգլաթպալասար Երրորդը վերականգնում է Ասորեստանի նախկին դիրքերը` կրկին դառնալով Վանի տերության ախոյանը: 

Շուրջ մեկ դար անց՝ Ք․ ա․ 652 թ․, Ուրարտուի մեկ այլ թագավոր՝ Ռուսա Երկրորդը բարեկամական ուղերձով պատվիրակություն է ուղարկում Ասորեստանի արքա Աշուրբանիպալի մոտ, որին վերջինս ընդունում է մեծ պատիվներով:

Ռուսա Երկրորդին հաջորդել է ևս մի քանի թագավոր, որոնց օրոք, սակայն, պետությունը թուլացել է։ Հայտնի վերջին արքան Սարդուրի Երրորդն է, որն ասորեստանյան արձանագրություններում հիշատակվում է Ք․ ա․ 643 թվականին։

Վանի թագավորության անկման ժամանակը ստույգ հայտնի չէ: Պատմահայր Մովսես Խորենացու վկայությամբ՝ Հայկական լեռնաշխարհում՝ արևմտյան մասում, հայոց նոր՝ Հայկազունների իշխանությունը ձևավորվել է Ք․ ա․ 612 թ․՝ Պարույր Հայկազունու գլխավորությամբ:

Աղբյուրը՝ «Հայկական հանրագիտարան»

Հավանեցի՞ր. տարածիր