Ուր են տանում մարդուն նորագույն տեխնոլոգիաները

Մանվել Հովհաննիսյան

Մուշեղ Մովսիսյանի անվան միջնակարգ դպրոց

7-րդ դասարան

Մարդը ստեղծելու, արարելու մեծ ձգտում ունի իր մեջ:

Սա մարդկությանն առաջ մղող ամենազոր բանաձևն է, որի ճշմարտացիությունը վաղուց ապացուցել է ժամանակը:

Պատկերացրեք, որ սա կլոր ու շարժվող բանաձև է, որը անիվի նման գլորվում է,
բայց վերև է բարձրանում՝շփվելով հողի հետ և սնվելով մարդու դարավոր փորձով ու գիտելիքներով:

Այս բանաձևով է, որ հեքիաթաստեղծ մարդը դարձել է բանաստեղծ,  նկարիչ, երաժիշտ, տիեզերագնաց և վերջապես ռոբոտագործ: Հեքիաթաստեղծ մարդը դարձել է ռոբոտագործ:

Լինել ռոբոտագործ նշանակում է առնչվել նորագույն տեխնոլոգիաների հետ, ունենալ մեծ հնարավորություններ, նշանակում է «քանդել-հավաքել» մի բան, որ կարող է բարուն ծառայել․ բարությունը պարտադիր պայման է:

Ռոբոտագործի երևակայության արդյունքները կարող են օգտագործվել ամենատարբեր բնագավառներում՝ ճարտարագիտության մեջ (հսկա կամուրջներ կառուցելիս), փրկարարական աշխատանքների ժամանակ (հրդեհը մարելիս կամ երկրաշարժի արդյունքում փլատակների տակ մնացած մարդկանց օգնելիս), պարզապես հիվանդ մարդուն՝ կույրին, համրին, հաշմանդամին օգնելիս:

Մի խոսքով՝ ստեղծված անհարմարություններին դիմակայելիս տեխնածին ռոբոտները կարող են մարդու աջ ձեռքը լինել:

Ես ուզում եմ դառնալ ռոբոտագործ, ուզում եմ սովորել Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում, շատ եմ ուզում հայտնվել Սիլիկոնյան հովտում, ուզում եմ ապրել, սովորել հարրիփոթերյան այդ աշխարհում: Երազում եմ աշխատել այնտեղ ապրող, ստեղծագործող գիտնականների հետ ու տիրապետել այն թաքնված հմտություններին, որոնք ինձ հնարավորություն կտան իմ հայրենիքում ստեղծել նման մի ինժեներական լաբորատորիա:

Պատկերացրեք՝ ես ստեղծում եմ աշխարհում նմանը չունեցող մի լաբորատորիա: Հրավիրում եմ այստեղ աշխատելու բոլոր հեքիաթաստեղծ-հեքիաթասերներին՝ երաժիշտներին, նկարիչներին, գրքասերներին, ֆիզիկոսներին, կենսաբաններին, քիմիկոսներին, բժիշկներին, մաթեմաթիկոսներին․․․

 Մեր լաբորատորիան առաջին հերթին կստեղծի գերժամանակակից տեխնոլոգիաներով զինված հզոր դպրոցներ՝ բնության ամենագեղեցիկ վայրերում: Բոլոր ցանկացող երեխաները կհամախմբվեն «Մեր երկիրն ավելի լավը դարձնելու» գաղափարի շուրջը, կգան այստեղ անվճար սովորելու:

Իսկ հետո՞․ հետո շատ կարճ ժամանակահատվածում կլուծվեն իմ հայրենիքի բոլոր խնդիրները՝ սոցիալական, տնտեսական, կենցաղային և էլի շա՜տ ու շատ խնդիրներ, որովհետև մեր դպրոցի շրջանավարտները զինված կլինեն գիտելիքով ու նորագույն տեխնոլոգիաներով։

Հետո մեզ կմիանա աշխարհը։ Բարի գաղափարի շուրջ համախմբվում են միայն լավ մարդիկ։ Մեր ստեղծած հայկական արտադրության նորագույն տեխնոլոգիաները,
ռոբոտները մե՜ծ հնարավորություն կտան ճանաչելու Տիեզերքը։

Կհետազոտենք Լուսինը, Մարսը, Յուպիտերը, Արեգակնային համակարգը: Կգտնենք ուրիշ աստղեր ու երբ ճանաչենք մեր մոլորակից դուրս գտնվող բոլոր օբյեկտները, ավելի շա՜տ կսիրենք մեր լուսավոր ու տաք Երկիր:

Ինչո՞ւ եմ վստահ, որ նորագույն տեխնոլոգիաները մարդու առաջ միայն ու միայն բարի, օգտակար ու հետաքրքիր ճանապարհներ են բացելու․ որովհետև զորեղ բնությունն իր ներսում հանդուրժում է միայն բարի, օգտակար երևույթները, իսկ եթե շեղվես բարություն անելու, սիրելու, լավը ավելացնելու երկնային ու երկրային կարևոր այս օրենքից, ապա Աստված քեզ շատ արագ «կարգի կհրավիրի», որ չհամարձակվես կործանել այն, ինչը դու չես ստեղծել։

Բնության հետ պետք է ապրել խաղաղ, համերաշխ և ներդաշնակ։ Այդ դեպքում բնությունը մարդուն կպարգևի առավել երևակայություն ու ստեղծագործելու մեծ եռանդ։ Արարչին էլ է հետաքրքիր, թե ո՞ւր կարող են մեզ հասցնել մեր նորագույն տեխնոլոգիաները:

Սակայն պետք է մի բան էլ ասեմ․ ըստ իս՝ միակ վտանգավոր բանը, որ կարող է սպառնալ մարդուն, մեծամտությունն է, որը երբեք լավ բանի չի հանգեցնում (մեր մեջ
ասած՝ բնությունն էլ չի խելագարվում մեծամտացած մարդու համար): Դրա դեմն առնելու միակ միջոցը մարդուն բաբելոնաշինությունը հիշեցնելն է։

Հավանեցի՞ր. տարածիր