Ուր են տանում մարդուն նորագույն տեխնոլոգիաներ

Մարգարիտա Թորոսյան

Ջ. Աբրահամյանի անվան համար 111 հիմնական դպրոց

9-րդ դասարան

Այս թեման ես ընտրեցի, որովհետև իսկապես շատ արդիական հարց է: Մենք ապրում ենք 21-րդ դարում, երբ շատ մեծ արագությամբ զարգանում են տեխնոլոգիաները:

Իմ կարծիքով՝ մեզ` բոլոր մարդկանց, հետաքրքրում են նորագույն տեխնոլոգիաները: Դրանք օգնում են արագ տեղեկացված լինելու, այս դժվարին ժամանակներում դասերից հետ չմնալու համար: Բայց որքան նորագույն տեխնոլոգիան օգնում է մեզ, կրկնակի անգամ վնաս է հասցնում: Դրա պատճառով հազարավոր մարդկանց տեսողությունն է վատանում, հիվանդություններ են առաջանում. մարդկանց շփումը, կարելի է ասել, լիովին վիրտուալ է դարձել, ժամանակի անիմաստ կորուստ… Այսպես անվերջ կարող եմ թվարկել նրա թե´ վատ, թե´ լավ կողմերը:

Ես այնպիսի մասնագիտություն եմ ընտրել, որ առնչվելու եմ հենց նորագույն տեխնոլոգիաներրի հետ: Իմ նպատակն է դառնալ ծրագրավորող: Ինձ այն գրավել է, որովհետև շարունակ զարգացող մասնագիտություն է, և նոր ու հետաքրքիր աշխարհ է բացում մարդու առջև: Կարծում եմ` այս ամենն էլ կապ ունի այս թեման ուսումնասիրելու համար:

Մեր օրերում ցանկացած բնագավառում օգտագործվում են նորագույն տեխնոլոգիաները: Եվ ես կարծում եմ, որ մարդն ինքը պետք է որոշի՝ օգտագործի այդ տեխնոլոգիայի լա՞վ կողմը, թե՞ վատ: Յուրաքանչյուր մարդ ինքն է կառավարում իր կյանքը և պետք է գիտակցի, թե իրեն ինչն է պետք, և ինչը պետք չէ:
Այս բնագավառում անհրաժեշտ է միայն սուր միտք և մեծ ցանկություն. այդպես քո երազածին կհասնես:

Իսկ ո՞ւր են տանում մարդուն նորագույն տեխնոլոգիաները: Այս հարցը, կարծում եմ, շատերին է մտահոգում, ամեն մեկին` յուրովի: Արդեն մեր շուրջը կատարվող իրադարձություններից տեղյակ լինելով և նորագույն տեխնոլոգիաներից մարդկանց կախվածությունը տեսնելով` կարող ենք ենթադրել, թե ինչ կլինի հետագայում:
Հիմա կփորձեմ ներկայացնել այն ամենը, ինչին մեզ հասցրել են նորագույն տեխնոլոգիաները: Մենք հստակ կարող ենք ամրագրել այն փաստը, որ մարդկանց ցանկանում են չիպավորել: Եվ արդեն աշխարհում շատ մարդիկ չիպավորված են: Նույնիսկ սմարթֆոնները, որոնք ամենուրեք մեզ հետ են, պարզագույն սարքեր են, որոնք տարբեր ցանցերի միջոցով միշտ տեղյակ են մեզնից: Դրանք են` Մարկ Ցուկերբերգի ստեղծած Facebook-ը, Մայք Քրիգերի և Քևին Սիսթրոմի ստեղծած Instagram-ը, որը Facebook-ի հիմնադիրը սեփականացրեց, Էրիկ Յուանի ստեղծած Zoom-ը: Ես թվարկեցի ներկայիս ամենաշատ օգտագործվող ծրագրերը, որոնց միջոցով իրականացվում են շատ հանցագործություններ: Օրինակ` օգտվելով ծանր իրավիճակից` վատ մարդիկ կեղծ օգտանուններով գրանցվում են, գրավիչ առաջարկներ ներկայացնում, իսկ միամիտ օգտատերերը, լինելով ծանր դրության մեջ, իրենց նրանց են տրամադրում իրենց տվյալները և ընկնում ծուղակը:
Իմ թվարկած ծրագրերը և այլ շատ նոր ծրագրեր, պահպանում են մեր մասին այնպիսի տվյալներ, որ նույնիսկ մենք կարող է չհիշենք: Օրինակ` սոցիալական ցանցը հիշեցնում է, թե մի քանի տարի առաջ տվյալ օրը որտեղ ես եղել։

Կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակից ելնելով` առցանց դասերը կազմակերպվում են  Zoom ծրագրով: Այստեղ ևս կիբերխուլիգաններն իրենց չար գործն են կատարում ` խանգարելով դասերին:

Եթե ամեն ինչ այսպես շարունակի, մենք, ճիշտ է, կունենանք շատ զարգացած և արդյունավետ նորագույն տեխնոլոգիաներ, սակայն, վստահ եմ, որ ցանցահենները կօգտագործեն այդ ամենի վատ կողմը` իրագործելով իրենց չար նպատակները:
Առաջին նմանօրինակ տեղեկատվական տեխնոլոգիան` հեռախոսը, ստեղծել է ամերիկացի գյուտարար Ալեքսանդր Բելլը: Իսկ առաջին գունավոր հեռուստացույցը նախագծել է հայ գյուտարար Հովհաննես Ադամյանը: Եվ այս ամենը ցույց է տալիս, որ նորագույն տեխնոլոգիաներն աստիճանաբար կատարելագործվում են:

Իմ կարծիքով՝ եթե այսպես արագ շարունակեն զարգանալ նորագույն տեխնոլոգիաները, ամեն ինչ կգնա դեպի ռոբոտացում: Կսկսեն ստեղծել ռոբոտներ, որոնք շատ տեղերում կփոխարինեն մարդկային աշխատուժին: Եվ այդ ռոբոտներն աշխատանքը կկատարեն ավելի ճիշտ և արագ, քան մարդը: Իսկ անհատ ձեռներեցներին պետք կգա պահել մի քանի հսկիչ միայն, որպեսզի ամեն ինչ ընթանա պատշաճ և առանց խափանումների: Այդ պայմաններում մարդկանց մեծ վնաս կհասցվի, որովհետև նրանք այլևս աշխատանք չեն ունենա: Կամ մարդու բնական գեղեցկությունը լիովին կփոխարինվի արհեստական միջամտություններով, ինչը հիմա էլ շատ տարածված է:

Եկեք պատկերացնենք մի աշխարհ, որտեղ ամենուրեք նորագույն տեխնոլոգիաներ են: Բոլոր տները, երբ մտնես, քո ճաշակին համապատասխան տեսք կստանան: Մարդն էլ ոչ մի բան չի կատարի, միայն հրաման կտա, և բոլոր ծրագրերը նրա ցանկությունը կկատարեն: Վճարումները կլինեն անհպում:

Փողը շրջանառությունից դուրս կգա: Ինտերնետի նոր կապեր կստեղծվեն, շատ ավելի հզոր, քան 5G կապը, որը առանցքային տեխնոլոգիական հարթակ է և միլիարդավոր ծրագրերի մուտք է ապահովում: Մեր հրամանները կկատարվեն նույնիսկ օվկիանոսներից այն կողմ: Կստեղծվեն առցանց աշխանքներ: Դպրոցներ չեն լինի, դասերը կկատարվեն առցանց։ Կիբերհանցագործությունները շատ մեծ զարգացում կապրեն, դրանցից տուժած մարդիկ էլ օգնություն չեն ստանա: Կստեղծվի շատ հզոր զենք-զինամթերքներ: Նույնիսկ բնության գրկում, այգիներում կլինեն լուսային, ձայնային գրավիչ ատրակցիոններ, արհեստական շատրվաններ: Բժշկության բնագավառում․ եթե ինչ-որ մարդ կորցնի իր որևիցե օրգան, այն հեշտությամբ  արհեստականով կփոխարինեն: Կթվա, թե ոչ մի անլուծելի խնդիր չի լինի։ Ամենուրեք լույսեր կլինեն: Երկնքում արևից ու լուսնից բացի միշտ կերևան արբանյակները, ստեղծված կապերի լույսերը։ Մարդկանց համար ոչ մի դժվարություն չի լինի: Չի լինի աշխարհում մի մարդ, որի տեղը հայտնի չլինի։ Բոլոր ավտոմեքենաները կընթանան առանց վարորդի միջամտության: Բավական է՝ մարդը հրաման տա, թե որտեղ և երբ պետք է գնա, ու նա իր ուզած ժամին իր ուզած վայր կհասնի: Մարդկանց բոլոր տվյալները կլինեն համակարգիչներում կամ ավելի նորագույն տեխնոլոգիաներում, և ոչ միայն մարդկանց տվյալները, այլ այն ամենի, ինչը կա աշխարհում:

Ու մի պահ մտածեք․ եթե հանկարծ ինչ-որ բան խափանվի: Կջնջվեն բոլոր տվյալները, այն, ինչ ունեինք, պարզապես մեկ վայրկյանում կվերանա առանց վերականգնելու հնարավորության: Ավտոմեքենաներին տրված ծրագրի խափանման դեպքում հազարավոր վթարներ տեղի կունենան` խլելով մարդկային կյանքեր: Ծրագրերի խափանման դեպքում մեր տված հրամանները սխալ կընկալվեն, և ծարգիրն այլ բան կանի:

Բայց եթե նույնիսկ որևէ նման խնդիր չլինի, ինչպե՞ս կարող է մարդը ապրել այդքան ճառագայթման մեջ: Այդ դեպքում կառաջանան բազմաթիվ համաճարակներ, հիվանդություններ: Իսկ այդ ամենը լուծելու համար պետք կլինի ստեղծել մի նոր՝ ավելի հզոր ծրագիր, որի խափանումը նույնպես հնարավոր է։ Մի խոսքով, կստեղծվի անվերահսկելի իրավիճակ, և այդ ամենը կործանարար հետևանքներ կունենա:
 Սա իմ պատմած վատագույն սցենարն է` կապված նորագույն տեխնոլոգիաների ի չարս օգտագործելու վերաբերյալ:

Իսկ հիմա եկեք պատկերացնենք, որ նորագույն տեխնոլոգիաները ավելի զարգացել են: Սակայն մարդիկ դրանից միայն օգուտ են վերցնում: Հեռախոսները, համակարգիչները օգտագործում են նոր տեղեկություններ իմանալու համար: Յուրաքանչյուր մարդ զբաղվում է ինքնակրթությամբ: Բոլորը գիտելիքներով հարուստ մարդիկ են: Մարդկանց գործերը շատ հեշտացել են։ Որպեսզի ատոմակայանների ծուխը չաղտոտի բնությունը, ստեղծվել են հատուկ տեխնոլոգիաներ: Բժկության մեջ շատ բաներ, որոնք մեզ անհնարին էին թվում, դարձել են հնարավոր: Հաշված մարդիկ կան, որոնք անիմաստ տեսահոլովակներ են դիտում՝ կորցնելով ամենաթանկը՝  ժամանակը: Առօրյայում մարդիկ ավելի շատ կզբոսնեն, գրքեր կկարդան, նույնիսկ հիմա այնպիսի հնարավորություն կա, որ կարող են մեկ այլ մարդու կարդալը լսել: Մարդկանց օգնում են անվճար սովորել լեզուներ: Ցանկացած հարցի պատասխան գտնում ենք համացանցում: Ջրերը մաքրելու, զտելու համար նոր տեխնոլոգիաներ կստեղծվեն: Օրինակ` Հայաստանի Հանրապետության միակ քաղցրահամ լիճը` Սևանը, լճացման եզրին է․ նրան հնարավոր կլինի օգնել շատ արագ և արդյունավետ կերպով:
 Սա էլ ահա լավագույն սցենարը:

Հուսամ, ոչ միայն ես, այլև մյուս մարդիկ ևս մտածել են մեր ապագայի մասին, որը, անշուշտ լինելու է նորագույն տեխնոլոգիաների հետ: Իսկ եթե դեռ չեք մտածել, ապա մի պահ մտածեք և հաստատապես վստահ եմ, որ շատ համընկնումներ կլինեն: Շատ ուրախ կլինեմ, եթե բոլորը հասկանան և նորագույն տեխնոլոգիաները օգտագործեն հօգուտ համայն մարդկության բարօրության:

Ես, օգտվելով այս առիթից, որպես նոր սերնդի ներկայացուցիչ, կցանկանամ կոչ անել հատկապես իմ հասակակիցներին, քանի որ մեզնից է կախված ապագան: Բավական է՝ օգտագործենք նորագույն տեխնոլոգիաները ի վնաս մեզ, եկեք այնպես անենք, որ վերացնենք բոլոր արատավոր երևույթները և այս աշխարհը դարձնենք կատարյալ, որն էլ կլինի նորագույն տեխնոլոգիաների հաղթարշավը:

Հավանեցի՞ր. տարածիր