Միջնադարի մեծանուն հայ բժշկապետ Մխիթար Հերացին գործունեություն է ծավալել 12-րդ դարի կեսերին։ Նա բժշկություն է սովորել Կիլիկյան Հայաստանում, վայելել է կաթողիկոս Ներսես Շնորհալու հովանավորչությունը և մեծ հռչակ է ունեցել ժողովրդի շրջանում։ Հերացին շրջել է երկրից երկիր, ուսումնասիրել բժշկության հայր Հիպոկրատի, արևելքի մեծանուն բժշկապետ Ավիցեննայի աշխատությունները, ճանաչել տարատեսակ բույսերի բուժիչ հատկությունները, դրանք փորձարկել տարբեր հիվանդությունների բուժման ժամանակ: 12-րդ դարի 80-ական թվականներին Մխիթար Հերացին ձեռնամուխ է եղել իր հայտնի աշխատության՝ «Ջերմանց մխիթարություն» գրքի շարադրմանը, որտեղ նա անդրադարձել է Դաշտային Կիլիկիայի ճահճոտ վայրերում լայնորեն տարածված տենդային հիվանդությունների դասակարգման, պատճառագիտության, ախտածնության, մահճաբուժության, կանխարգելման և բուժման հարցերին: Հերացին տենդային հիվանդությունները բաժանել է 3 խմբի՝ «միօրյա», «բորբոսային» և «հալևմաշ անող»: Հետաքրքիր է նրա տեսությունը հատկապես «բորբոսային» տենդի մասին, ըստ որի` այդ տենդը վարակիչ է, իսկ նրա պատճառը մարդու արյան և մյուս հեղուկների մեջ գոյացող «բորբոսն» է, որը, կուտակվելով որևէ օրգանում, առաջ է բերում այս կամ այն հիվանդությունը: Ժամանակակից պատկերացումներով` դա վարակական շարժընթացի դիպուկ նկարագրություն է, ինչը Հերացին տվել է մանրէների հայտնաբերումից շատ առաջ:
«Բորբոսային» տենդերի խմբում Մխիթար Հերացին նկարագրել է դողէրոցքը, տիֆային և արյունավարակական հիվանդությունները, ժանտախտը, բնական ծաղիկը, կարմրուկը, տիֆը:
Իսկ տենդային հիվանդությունների Մխիթար Հերացու դասակարգումը հենվում էր ոչ միայն ախտաբանական ու պատճառագիտական սկզբունքների, այլև կլինիկական ուսումնասիրության, հիվանդի մանրակրկիտ հետազոտման վրա:
Հերացին մշակել է բուժման համալիր մի համակարգ, որը հիմնված էր դեղաբուժության (հատկապես՝ բուսաբուժության), սննդաբուժության և ֆիզիկական եղանակների վրա: Նա լուրջ ուշադրություն է դարձրել նաև հոգեբուժման (պսիխոթերապիայի) եղանակներին, ներշնչմանը՝ այդ նպատակով օգտագործելով նաև երաժշտությունը:
Բժշկապետի «Ջերմանց մխիթարությունը» երկար դարեր լավագույն ձեռնարկ-դասագիրքն է եղել հայ բժիշկների համար: Հերացին մեծ աշխատանք է կատարել նաև հայ բժշկական տերմինների ստեղծման ուղղությամբ, որոնց մի մասը ցայսօր գործածվում է:
1908-ին «Ջերմանց մխիթարությունը» գերմաներեն է թարգմանել Էռնեստ Զայդելը: Այնուհետև երկը թարգմանվել է մի շարք այլ լեզուներով և հայտնի դարձել եվրոպական գիտությանը: