Լեգենդը պատմում է, թե Ջերմուկի ջրվեժի վերևի հատվածում՝ ուղղաձիգ ժայռերի վրա, գտնվում էր մի իշխանի ամրոց, որն ուներ շատ գեղեցիկ դուստր։
Նրա ձեռքը խնդրելու էին գալիս աշխարհի տարբեր ծայրերից: Սակայն գեղեցկուհին մերժում էր բոլորին, քանի որ սիրտը պատկանում էր քաջարի մի երիտասարդի՝ հովվի որդուն:
Աղջիկն ամեն օր կեսգիշերից հետո ննջարանի լուսամուտից ձորն էր նետում մի երկար պարան, որով հովվի որդին խոր կիրճից բարձրանում էր իր մոտ:
Սակայն օրերից մի օր իշխանը գտնում է պարանը, և նրան ամեն ինչ պարզ է դառնում:
Զայրացած հայրը անիծում է աղջկան՝ ասելով. «Եթե մեկ էլ հանդիպես հովվի որդուն, ջրահարս դառնաս ու երբեք ջրից դուրս չգաս»:
Հերթական ծածուկ հանդիպման ժամանակ աղջիկը, որպեսզի սիրեցյալին օգնի բարձրանալ իր դղյակը, պարանի փոխարեն ժայռի բարձունքից կախում է իր երկար վարսերը: Եվ նույն ակնթարթին իրականանում է հոր անեծքը. գեղեցկուհին դառնում է ջրահարս, իսկ կիրճ թափվող նրա գեղեցիկ վարսերը վերածվում են ջրվեժի, որը ժողովուրդը անվանում է Ջրահարսի վարսեր: