Մեր հայրենիքի արևմտյան հատվածում ցեղասպանություն իրականացնելուց հետո գոռոզ թուրքերը ցանկանում էին կոտորել նաև Արևելյան Հայաստանի բնակչությանը: Սակայն այս անգամ նենգ թշնամու ծրագիրն իրականություն չդարձավ: Ավելին՝ մղված երեք հերոսական ճակատամարտերի արդյունքում հռչակվեց Հայաստանի առաջին հանրապետությունը: Երկար դարերի տառապանքներից հետո հայ ժողովուրդն ինքնիշխան պետություն ձեռք բերեց: Մեր նոր պատմության այդ երեք պանծալի էջերն էին Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի ճակատամարտերը:
ՍԱՐԱԴԱՐԱՊԱՏԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏ: 1918 թ. մայիսի 15-ին թուրքերը մտան Արևելյան Հայաստան՝ Ալեքսանդրապոլ (այժմ՝ Գյումրի) և ջարդի ենթարկեցին ու կողոպտեցին անզեն բնակչությանը: Ապա նրանք գրավեցին Սարդարապատ գյուղը և երկակթուղային կայարանը:
Հայերը փոքրաթիվ էին, բայց հաղթելու էին շնորհիվ իրենց հավատի, արիության և իմաստնության:
Հայկական բանակի սպարապետ Թովմաս Նազարբեկյանը երևանյան զորքերի հրամանատար նշանակեց գեներալ-մայոր Մովսես Սիլիկյանին: Իմաստուն սպան նախ հրամայեց պայթեցնել Արաքսի կամուրջները` հավելյալ թուրքական զորքերի ներխուժումը բացառելու համար, իսկ մայիսի 22-ին գնդապետ Դանիել Բեկ-Փիրումյանի 8 հազար մարտիկները Սարդարապատի ուղղությամբ անցան հարձակման: Նախ ջախջախեվեց թշնամական դիվիզիայի առաջ մղված մասը: Անվրեպ էր խոցում հայկական հրետանին, թեպետ անհամեմատ զիջում էր ախոյանին թե՛ թվաքանակով, թե՛ տեխնիկայի հզորությամբ: Շուտով կռվին միացան նաև Պողոս Բեկ-Փիրումյանի` հիմնականում արցախցիներից կազմված «Մահապարտների» գունդը և Ստ. Խաչատրյանի գումարտակը։ Հայոց զորքը միասնաբար ոչնչացրեց «Գելիբոլու» դիվիզիայի նաև երկրորդ վաշտը:
Երեկոյան գնդապետ Պերեկրեստովի գունդը հարավից ներխուժեց Սարդարապատ, ապա գյուղ մտավ նաև «Մահապարտների» գունդը՝ ամրապնդելով հաղթանակը: Սակայն մայիսի 24-ին թուրքերն անցան հակագրոհի․ հայկական ուժերն այն հետ մղեցին, բայց նորագույն գնդացիրներով զինաված թշնամուն նրանք երկար չէին դիմադրի, եթե օգնության չհասներ Խզնավուզյան ջոկատը։ Շրջանցելով հակառակորդի ձախ թևը՝ քաջարիներն անսպասելի հարված հասցրին ոսոխին: Թշնամական բանակի մնացորդները խուճապահար ճողոպրեցին`տալով ավելի քան 4000 սպանված ու վիրավոր:
ԲԱՇ-ԱՊԱՐԱՆԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏ: 1918 թ. մայիսի 25–27-ը 6 հազար հայ մարտիկներ՝ զինվոր և կամավոր, արյունալի մարտեր էին մղում 9 հազար թուրքի դեմ։ Զորքերի հրամանատար Դրոն որոշեց ձևավորել 700 հեծյալներից կազմված հարվածային բռունցք՝ թշնամու զորախմբի կենտրոնը թուլացնելու նպատակով: Թուրքերը, չդիմանալով հայ զինվորների հուժկու կրակին, թողեցին իրենց դիրքերը և փախան Ապարանի բարձրադիր վայրեր: Դրոն, սակայն, իր զորքի հարձակումներով այդ ուժերին կրկին իջնել տվեց հարթավայր՝ նպաստավոր պայմաններ ստեղծելով հատկապես հեծելազորի գործողությունների համար: Հայկական հեծելազորը նետվեց գրոհի, ճեղքեց ճակատը և անցավ թշնամու թիկունք: Հակառակորդի ամբողջ ճակատային կենտրոնը դիմեց փախուստի: Երկու օր էլ մոտակա Միրաք գյուղում որոշ մարտեր ընթացան, բայց ոսոխն արդեն պարտություն էր կրել:
ՂԱՐԱՔԻԼԻՍԱՅԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏ: Տեղի է ունեցել 1918-ի մայիսի 24-28-ը: Թուրքական կողմից մասնակցում էր 10 հազար զինվոր, հայկական կողմից` ընդամենը 6 հազարը՝ գնդապետ Ալեքսանդր Բեյ-Մամիկոնյան առաջնորդությամբ: Մարտերը կատաղի էին: Թուրքերը մի քանի անգամ նահանջեցին՝ ամեն անգամ մեծ ճիգերով վերադառնալով նախկին դիրքեր: Խելահեղ կռվում էին Նիկոլայ Ղորղանյանի մարտիկները, շտաբս-կապիտան Գուրգեն Տեր-Մովսիսյանի հրետանավորները, Գարեգին Նժդեհը և շատ ուրիշներ: Թեպետ անհավասար մարտում հայկական ուժերը տվեցին մեծաթիվ կորուստներ՝ 2000-ից ավելի զոհ և վիրավոր, սակայն նաև այս ճակատամարտի շնորհիվ թուրքերը չկարողացան հասնել Երևան, Արարատյան դաշտ և Սևանի ավազան։ Թուրքական մարշալ Մեհմեդ Վեհիբն ինքն է խոստովանել. «Հայերը Ղարաքիլիսայի տակ ցույց տվեցին, որ կարող են լինել աշխարհի լավագույն զինվորները»։