Սեփական արմատը ճանաչելու ամփոփ հատորը

Լավագույնս տիրապետելով հայկական դիցաբանական, բանահյուսական ու ազգագրական համապարփակ գիտելիքների, երկար տարիներ ուսումնասիրած լինելով Թալինի գյուղերում հաստատված սասունցիների ու տարոնցիների նիստուկացը, ավանդույթներն ու հոգեկերտվածքը, ինչպես նաև օժտված լինելով ընտրած նյութին համապատասխան լեզվաոճական ձև տալու անվիճելի ձիրքերով՝ 60-ականների վերջերից Դաշտենցը սկսում է կերտել հայոց նորագույն ժամանակների էպոսը՝ «Ռանչպարների կանչը»:
«Ռանչպարների կանչը» լույս տեսավ հեղինակի մահվանից հինգ տարի անց միայն՝ 1979 թվականին՝ արժանանալով ընթերցող ամենալայն շրջանների խանդավառ ընդունելությանը: Մեծ էր լսարանի ոգևորությունը․ տասնամյակներ շարունակ բերնեբերան փոխանցվող ֆիդայական ասք ու զրույցները վերջապես դարձել էին վեպ, սեղանի գիրք, սեփական արմատ-ակունքը ճանաչելու ամփոփ հատոր: Իր համեստ, պարզ, բանասացի պատմելաոճով Դաշտենցը գալիս էր հերքելու մարքսյան այն դրույթը, թե վառոդի ու կապարի ժամանակներում չի կարող ստեղծվել մի նոր Աքիլլես: Նոր ժամանակներում անհնար էր համարվում մի նոր էպոսի ծնունդ, այնինչ, նույնիսկ քսաներորդ դարի սկզբներին Սասունի լեռներում Արաբոյի, Սերոբի, Հրայրի, Անդրանիկի ու մյուսների տեսքով շրջում էին Սասունցի Դավիթը, Մեծ ու Փոքր Մհերները, ժողովի նստում Ծովասարի փեշերին, փորձում «միջամտել» Աստծո գործերին, պատերազմ էին հայտարարում արդար աշխատանքի, ստեղծագործ կյանքի վրա որպես անեծք ծառացած թուրքին։
Սասունցին անհիշելի ժամանակներից էպոս է արարել, նրանում ամփոփել աշխարհի, չարի ու բարու մասին իր ըմբռնումները, ստեղծել է իդեալներ ու դարերի ընթացքում սնուցել, ամբողջացրել դրանք: Սասունցին անհունորեն հավատացել է իր իսկ ստեղծածին, դարձրել այն իր համար կացութաձև, ապրելակերպ ու ապրելակարգ, դաստիարակվել ու առաջնորդվել բացառապես դրանով: Ահա թե ինչու արդեն քսաներորդ դար թևակոխած լեռնականների այդ վերջին սերունդը մազաչափ անգամ չէր փոխվել: Իր նախապապ Դավթի նման միամիտ էր ու հողապաշտ, սիրում էր քրտինքով ջրել իր հողը և Դավթի նման ծուռ էր ու պատուհասող, երբ ստիպում էին վճարել իր իսկ հողի դիմաց: Ընդհանրապես՝ վիպասքում չկան գլխավոր հերոսներ, կամ գլխավոր են անխտիր բոլոր հայդուկները: «Ռանչպարներում» որպես գլխավոր հերոս հանդես է գալիս մի ողջ սերունդ, իսկ այդ սերնդի գլուխն ու խորհրդանիշը Անդրանիկն Է: Այս է պատճառը, որ Դաշտենցը նախապես ծրագրել էր իր երկը խորագրել «Շապինանդ» (շապինգարահիսարցի Անդրանիկ), և վիպասքի ստեղծագործական երկար ու ձիգ տարիներին էլ մտերիմների մեջ տարածված էին շշուկներ, թե «վեպ էր գրում Անդրանիկ Զորավարի մասին»:
Հայդուկությունը հայ ժողովրդի մի բարձրագույն որակն է: Հայդուկի յուրաքանչյուր արարքը, յուրաքանչյուր շարժը ծես է, ունի իր խորհուրդը, և Դաշտենցը դրվագ առ դրվագ բացահայտում է այդ խորհուրդները: Ամենից առաջ շեշտվում է գաղափարական հասունության խնդիրը: Հայդուկը պիտի քաջ գիտակցի՝ ում դեմ և ինչի համար է զենք վերցրել: Սոսկ կույր ատելությունն ու այրող վրեժխնդրությունը երկար չեն կարող առաջնորդել նրան: Հայդուկը ցանկացած իրադրության մեջ պիտի կարողանա պահպանել սառնասրտությունն ու ասպետական վեհանձնությունը և չպիտի դաժանանա թշնամու բարբարոսություններից: Նա պիտի հավատա այն գաղափարի արդարությանը, որին զինվորագրվել է:
«Ռանչպարներում» չեն բացահայտվում հերոսների ներքին, հոգեբանական ապրումները: Դրանք դրսևորվում են միայն արտաքնապես, հայդուկների խոսքում ու գործողություններում: Սա բանահյուսության, մասնավորապես էպոսի առանձնահատկությունն է: Դաշտենցը խնդիր չունի անհատ-կերպարներ կերտելու: Նրա հերոսները (Արաբո, Սերոբ, Անդրանիկ, Գևորգ, Սմբատ և այլն) բավականին հստակ ուրվագծված են հայ ընթերցողի պատկերացումներում, և նրանց նկատմամբ ստեղծագործական ցանկացած այլ մոտեցում կարող էր այդ ուրվագծերը տարտղնելու վտանգն ունենալ: Դաշտենցի խնդիրը հավաքականության մեջ է: «Ռանչպարներում» հայդուկները, առանձին-առանձին վերցրած, ուժեղ կամ թույլ վրձնահարվածներ են, որոնց ամբողջությունից և հյուսվում է հայդուկի՝ հայ ֆիդայու կերպարը՝ ուրույն հոգեկերտվածքով, բարոյական ըմբռնումներով ու ձգտումներով: Սա էպիկական պատումի տարբերակիչ առանձնահատկությունն է:
Ինչ խոսք, Դաշտենցի հերոսները կարող էին ունենալ և իրականում ունեին բնավորության և սկզբունքների էական տարբերություններ, սակայն վիպասքում դրանք հասցված են նվազագույնի: Դրանք կարևոր չեն, կարևորը ժողովրդական ընկալումն է, իսկ այդ ընկալմամբ՝ բոլոր հայդուկներն էլ ստեղծված են միևնույն ատաղձից․ տարբեր է միայն նրանց հեղինակությունների աստիճանը: Երբ Անդրանիկն ասում է՝ «մեր միակ փրկությունը երկաթե շերեփի մեջ է», ապա դա միայն իր համոզմունքը չէ, դա ողջ ֆիդայական շարժման նշանաբանն է: Այդ շարժման փիլիսոփայությունն է ջրվոր Ֆադեի փիլիսոփայությունը՝ «ինչքան էլ թոփ ու թվանքները գոռան, վերջը պիտի խոնարհվեն թիակի առաջ», և այդ շարժման մորմոքն է Մորուք Կարոյի մորմոքը՝ «աշխարհում մեր գտածը քիչ եղավ, մեր կորուստը՝ շատ»: Ֆիդայիներն ունեն իրենց բարոյական նորմերն ու չգրված օրենքները, որոնք պահպանում են ամենայն սրբությամբ: Ճշմարիտ ֆիդայու վարքագիծն արդեն ձևավորվում է պատանի Սմբատի թափառումների ժամանակ: Նա ուժերը ներածին չափ աշխատում է օգնել ճանապարհին հանդիպած գեղջուկներին և արժանանում նրանց օրհնանքին: Արդեն կայացած և անուն վաստակած ֆիդայիները ևս իրենց ոչնչով բարձր չեն դասում ժողովրդից: Շարժումն իր էությամբ խորապես ժողովրդական է և նպատակաուղղված է ժողովրդի բարօրության ապահովմանը: Անգամ օր ծերության՝ հայրենի իշխանություններից հալածական, Մորուք Կարոն սիրտ ու ժամանակ ունի գիշերներն ավարտին հասցնելու հայրենակիցների կիսատ թողած դաշտային աշխատանքները: Սա էպոսից եկող աշխարհայացք է․ Սասնա ծռերը միայն պատերազմներով չեն զբաղված, նրանք մշակում են հողը, որսով կերակրում իրենց հովանավորությունը վայելող ժողովրդին, առնում նրանց ծածկի տակ։ Եվ վերջում՝ Բրաբիոն ծաղկի մասին:
Բառարանային իմաստով «բրաբիոն» նշանակում է «յաղթութեան մրցանակ, և որովհետև յաղթութեան մրցանակը առհասարակ մի ծաղիկ էր, ուստի բրաբիոն սկսեց նշանակել նաև ծաղիկը» (Հր․ Աճառյան): «Ռանչպարներում» այդ ծաղիկն է խորհրդանշում հայի վաղնջական երազանքը՝ թշնամիներից մաքրված, ազատ ու հզոր Հայաստանը, այդ ծաղիկն են որոնում իրենց կյանքն ու երջանկությունը հայրենիքին նվիրաբերած հայորդիները: Գտա՞ն արդյոք․․․ Ո՛չ «Ռանչպարների կանչում» և ո՛չ էլ մեկ այլ տեղ չկա Բրաբիոն ծաղիկը: Այդ ծաղիկը՝ ամբողջական ու հզոր Հայաստանը, որ ընդամենը մի պահ, պատմական մի ակնթարթ շոշափելի էր դառնում՝ անհուսորեն հեռացավ, դարձավ ցնորք, դարձավ տանջալիորեն չիրականացած երազ: Մախլուտոն, իր սերնդակից ռանչպարների նման, ողջ կյանքում փնտրեց Բրաբիոն ծաղիկը, «տեսավ շատ գեղեցիկ դաշտեր, ծաղկավետ հովիտներ, բայց մի դաշտ մնաց նրա հայացքի տակ՝ Մշո դաշտը և մեն-մի ծաղիկ՝ դժվարագյուտ ու անհասանելի՝ Երկիր Հայաստան: Ու կարոտելով կարոտեց նա այդ Բրաբիոն ծաղիկը և ծերանալով մաշվեց նրա կարոտից»:
Ռանչպարների առասպելական սերնդի ողբերգականորեն ձախողված ճիգերի բովում ուրվագծվեց միայն դեպի Բրաբիոն տանող միակ շիտակ ճանապարհը: Այդ ճանապարհը սկսվում է միմիայն այն փոքրիկ հողակտորից, որի վրա հայության բեկորները պետականություն կերտեցին:

Կարո ՎԱՐԴԱՆՅԱՆ
գրականագետ

Հավանեցի՞ր. տարածիր