Մխիթար Սեբաստացին, գրական ու կրթական միաբանություն ստեղծելու նպատակով, 1717 թվականին ոտք է դնում Վենետիկի մոտ գտնվող Սուրբ Ղազար կղզու վրա: Դա բորոտների կղզի էր, որ մարդիկ լքել էին վաղուց:
Իր աշակերտներից մեկն ասում է Մխիթարին.
– Ես լսել եմ, որ երկու հարյուր տարի առաջ վենետիկցիները բորոտներին բերում էին, այստեղ թողնում և հետ փախչում սարսափահար: Սա ցամաքի անիծված կտոր է, ահա ինչքան ժամանակ է՝ ոչ ոք ոտք չի դրել այստեղ: Եթե այս հողակտորը իսկական հողակտոր լիներ, իտալացիները չէին զիջի հայերիս:
Մխիթարը պատասխանում է նրան.
– Մենք այստեղ ցորենի մի փոքրիկ արտ կցանենք, եթե աճեց ու բերք տվեց, անեծքը կվերանա կղզու վրայից:
Եվ մի քանի բուռ ցորեն է ցանում:
Շատ չանցած՝ մի թիզ արտը փարթամ ցողուններ է տալիս: Բերքն էլ ընտիր էր՝ չնայած եղած-չեղածը մի քանի խուրձ էր:
– Մարդը կարող է ապրել այնտեղ, ուր ցորեն է աճում,– ասում են միաբանները և Սուրբ Ղազար կղզին դարձնում իրենց ու հետնորդների մշտական բնակատեղին։