Սպասքի առաջին պարագան, որ ստեղծել են մարդիկ, դանակն է:
Հավանաբար շատ հնում մարդկանցից մեկը քար մշակելիս պատահաբար կտրել է մատը, և անմիջապես հասկացել, որ իր ձեռքի գործիքով կարելի է նաև հատել ինչ-որ բան: Հնարավոր է նաև, որ միտքը ծագել է առանց նման պատահականության. չէ՞ որ մարդը բանական արարած է՝ խորհող, ստեղծագործող:
Դանակի գյուտից հետո կյանքը դարձավ և՛ ավելի հեշտ, և՛ միաժամանակ ավելի դժվար, քանի որ քարե դանակները շատ ծանր էին: Սակայն ամեն բան տեղն ընկավ, երբ մարդիկ սկսեցին դանակներ պատրաստել այրված փայտից և ոսկորներից: Իսկ գրեթե 5 հազար տարի առաջ նրանք սովորեցին վերամշակել մետաղը՝ դանակներ պատրաստելով բրոնզից, իսկ ավելի ուշ՝ պղնձից: Ապա հայտնվեցին արծաթյա դանակները:
Սակայն սեղանի դանակներն առաջին անգամ օգտագործվել են ընդամենը 600 տարի առաջ՝ թագավորական տներում: Մի անգամ Նապոլեոնը ճաշի ընթացքում ինքն իրեն վնասեց դանակով: Հպարտ կայսրն անմիջապես հրամայեց կլորացնել դրանց ծայրերը: Այդ ժամանակից էլ առաջացան, ինչպես հայերս ենք առօրյա խոսքում ասում, «պանրի դանակները»։
Իսկ ամենահին գդալը, որը պեղումների արդյունքում հայտնաբերել են գիտնականները, ավելի քան 5 հազար տարեկան է՝ պատրաստված կավից: Կավե և փայտե գդալները մարդիկ սկսել են ավելի ուշ պատրաստել:
7-րդ դարի վերջին Իսպանիայի և Գերմանիայի արքայական պալատներում սեղաններին փորում էին հատուկ խորշեր, որոնց մեջ սնունդ էին դնում, իսկ այլ ազնվական ընտանիքներում ափսեի փոխարեն օգտագործում էին հացի կտորներ:
14-րդ դարում չինացիները սկսեցին Եվրոպա բերել ճենապակյա ափսեներ, որոնք շատ թանկ արժեին: Մարդիկ դրանք հազվադեպ էին օգտագործում, բայց տեսանելի տեղում էին դնում՝ ցուցադրելու համար, թե որքան հարուստ են: Նրանք պարծենկոտ էին:
Եվրոպացիները ճենապակի պատրաստել սովորեցին միայն 18-րդ դարի սկզբին: Ափսեները միանգամից էժանացան և սկսեցին օգտագործվել իրենց բուն նշանակությամբ:
Իսկ Հին Աֆրիկայում տապակների փոխարեն օգտագործում էին սովորական փոսեր, որոնք ներսից ծածկված էին կենդանիների կաշվով: Այս «կաթսաները» լցված էին ջրով։ Դրանց մեջ տաք քարեր էին նետում: Եվ երբ ջուրը եռում էր, փոսի մեջ սնունդ էին պահում։
Աղբյուրը՝ այստեղ