Ստեղծագործական շարադրություն կամ էսսե գրելու մասին

Ստեղծագործական շարադրությունը (փորձառու գրողների այդ աշխատանքներն անվանում են «էսսե») հասարակությանը ծանոթ որևէ թեմայով հեղինակի նոր ասելիքն է, նրա սեփական դիտարկումները, եզրահանգումները։ Եվ որպեսզի գրվածքն արժեքավոր համարվի, պետք է զերծ լինի ծեծված արտահայտություններից, բոլորին վաղուց հայտնի գեղեցիկ ձևակերպումներից ու բնութագրման ձևերից։ Գեղեցիկ ձևակերպումներ շարադրության մեջ, անշուշտ, պետք է լինեն, նաև չպետք է ընկնել հակառակ ծայրահեղության մեջ և փորձելով շատ յուրօրինակ մի բան ասել՝ անզգուշությամբ շեղվել լեզվի ընդհանուր ոճական օրենքներից։ Սակայն միևնույն ժամանակ այդ ձևակերպումները պիտի վկայեն հեղինակի սեփական ստեղծագործական մոտեցման մասին։

Ցանկալի է թղթի վրա կամ գոնե մտովի նախապես պլանավորել շարադրությունը, այսինքն՝ որոշել հիմնական ասելիքը, ապա հասկանալ, թե ինչպես ես այն սկսելու, ինչպես ես անցնելու բուն նյութին և ինչպես ես տանելու դեպի եզրահանգում, ամփոփում։ Ի միջի այլոց, սկսելու մասին․ առաջին նախադասությունը կամ պարբերությունը չափազանց կարևոր է այն պետք է լինի գրավիչ և կարդացողին դրդի շարունակելու ընթերցումը։ Դա կարող է լինել, ասենք, ինչ-որ հռետորական հարց, փոքր-ինչ «անորոշ», բայց զարմացնող, հետաքրքրություն առաջ բերող արտահայտություն կամ էլ շատ կարճ ու անսպասելի պատմություն։ Միաժամանակ հաջորդող տեքստն էլ պետք է արժանի լինի այդ առաջին ասվածին, ըստ արժանվույն բացահայտի վերոհիշյալ «անորոշությունը» և արդարացնի ընթերցողի սպասելիքը։ Կա նաև մի գաղտնիք․ շատ դեպքերում էսսեի մուտքը նույնիսկ հեղինակին է օգնում՝ շարունակելու ընթացքը։ Օրինակ՝ արդեն որոշել ես հիմնական ասելիքդ․ ընտրում ես դրան առնչվող մի դեպք (էական չէ՝ այն քե՞զ հետ է պատահել, ընկերո՞ջդ, թե՞ կարդացել ես ինչ-որ տեղ), հենց միանգամից, «կտրուկ» սկսում ես այն պատմել, այնուհետև անշտապ անցնում մեկնաբանությանը։

Խորհուրդ է տրվում նաև շարադրությունն ավարտելուց հետո որոշ ժամանակ (եթե շտապելու պատճառ չկա, անգամ մեկ-երկու օր) այն մի կողմ դնել, ապա կրկին ձեռքն առնել և նոր՝ արդեն կարծես տեքստին անծանոթ ընթերցողի հայացքով զննել՝ սահո՞ւն է արդյոք ընթացքը, չկա՞ն կրկնվող տողեր կամ բառեր, շարահյուսական անհարթություններ, կետադրական կամ ուղղագրական սխալներ։ Հաճախ պատահում են ժամանակաձևերի անհամապատասխանություններ, ենթակայի և ստորագյալի, բացահայտչի և բացահայտյալի քերականական անհամաձյանություններ, խնդրառության սխալներ, երբ մի բառի պահանջած հոլովի փոխարեն նրա լրացումը դրված է մի այլ հոլովով կամ ոչ ճիշտ կապով։ Դրանք պետք է շտկել։ Երկար նախադասությունները կարելի է կրճատել կամ բաժանել մի քանի մասի։ Կրկնվող մտքերից հարկավոր է թողնել միայն մեկը (եթե, իհարկե, կրկնությունը հատուկ ոճական նշանակությամբ չի կատարվել), իսկ բառերը, ըստ անհրաժեշտության, փոխարինել նույնանիշներով (ուշադրությո՛ւն դարձրեք․ խոսքը հենց նույնանիշների մասին է, որովհետև բառերը կարող են նաև իմաստային այնպիսի նուրբ տարբերություններ ունենալ, որոնք էականորեն փոխեն արտահայտված մտքի իմաստը կամ խաթարեն այն):

Մեջբերումների մասին թևավոր խոսքեր, այլ հեղինակների գրվածքներից հատվածներ, իհարկե, կարելի է գործածել շարադրության մեջ՝ իբրև օրինակ, համեմատություն, սակայն այնպես, որ այդ ընդմիջարկումները հանկարծ չխախտեն գրվածքի տրամաբանական կառուցվածքը կամ չլինեն այնքան շատ, որ ստվերեն սեփական ասելիքը։

Եվ մի բան էլ կա, որի մասին հաճախ է խոսվում․ գեղեցիկ շարադրություն ստանալու համար պարտադիր չէ, որ տեքստում առատ լինեն հազվագյուտ ու վերմաբարձ բառերը․ ընդհակառակը՝ որքան պարզ միջոցներով արտահայտվի գեղեցիկ միտքը, այնքան բնական ու համոզիչ կլինի այն։ Իսկ գեղեցիկ միտք ասելով՝ սովորաբար հասկանում ենք լավ խոսքը, որում մարդասիրության, ծնողասիրության, ընկերասիրության, մի խոսքով՝ բարու տարր կա։

Հավանեցի՞ր. տարածիր