Վայոց ձորում քարեղեն մի հրաշք կա, որին Վարդանի քար են ասում: Երբ նայում ես այդ քարին, թվում է՝ սպարապետի կիսադեմն է՝ արծվաքիթ, մորուքով, նշանավոր սաղավարտով: Անդնդախոր ձորում՝ հսկայական ժայռերի մեջ, թվում է, տեսնում ես վիթխարի արձանի գլուխը, իսկ մարմինը հողի մեջ է:
Զրույց կա, թե Ավարայրի ճակատամարտից հետո, երբ նահատակվեցին հազարավոր հայ քաջորդիներ, և նահատակվեց Վարդան Մամիկոնյանը, ժողովուրդը լացուկոծով լցրեց անդնդախոր այս ձորը։ Չկամենալով հավատալ իրենց անվեհեր զորավարի մահվանը՝ մարդիկ Աստծուն աղերսում էին վերադարձնել նրան:
…Եվ մի առավոտ մարդիկ տեսան Վարդանի քարեղեն կիսադեմը:
Ուշադիր, երկար նայելիս կարող ես նույնիսկ նկատել նրա ճակատի կնճիռները, հոգսն ու մտածումը հայացքի մեջ: Ձորի այս հատվածում մի իսկական քարաժխոր է, և միայն կիսադեմն է շրջապատված կանաչ օազիսով․․․ ապշեցուցիչ է: Թվում է՝ մարմինը, հողի և գետի մեջ սուզված, հանգստանում է զորավարը՝ արթուն հայացքը սևեռած հայոց աշխարհին:
Եգիպտական սֆինքսները, փարավոնների վիթխարի արձանները մարդիկ են ստեղծել․ Վարդանի դիմաքանդակը բնության գործն է և, այո՛, ժողովրդի: Ժողովրդի հազարամյա սերն է ծնել քարեղեն այս տեսիլքը:
Ըստ Զ. Դարյանի