Վարդան զորավարի կաղնին

Դեռ մի քանի տասնամյակ առաջ Տավուշի Ակնաղբյուր գյուղում դյուցազուն մի ծառ կար, որը կոչվում էր Վարդան զորավարի կաղնի:
Ժողովրդին բերնեբերան ավանդվել է, որ կաղնին տնկել էր սպարապետ Վարդան Մամիկոնյանը 450 թվականին՝ Ավարայրի ճակատամարտից մեկ տարի առաջ:
450 թվականի ամռանը պարսից մի զորաբանակ շարժվեց դեպի Կուր գետի ափերը՝ ճանապարհին պարտության մատնելով աղվաններին: Հայկական մի փոքր զորաբանակով աղվաններին օգնության հասավ Վարդան Մամիկոնյանը: Խաղխաղի դաշտում տեղի ունեցած ճակատամարտում հայոց բանակը փայլուն հաղթանակ տարավ: Տունդարձի ճամփին սպարապետը կանգ առավ Աղստևի ձախ ափին՝ Ակնաղբյուր գյուղի մոտ:
Մի տարեց շինական Վարդան Մամիկոնյանին շնորհավորեց Խաղխաղի հաղթության առթիվ՝ ասելով.
– Ձեռդ կուռ մնա, անունդ՝ անմահ:
Եվ շինականը կաղնու մի ոստ մեկնեց սպարապետին: Վարդան Մամիկոնյանը ժպտաց և, ոչինչ չասելով ու ոչինչ չհարցնելով, սկսեց իր նիզակով փոս փորել: Նրան օգնեց դստրայրը՝ նախարար Արշավիր Կամսարականը:
Սպարապետի կաղնին հզորացավ ու կանաչ մնաց 1528 տարի:
1978 թվականին ծառը տապալվեց
Բայց ընկած կաղնու կողքին նոր կաղնի տնկեց քսաներորդ դարի հայ զորավար, Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանը:

Հավանեցի՞ր. տարածիր