Վերլուծություն

Անի Միքայելյան

Գավառի համար 5 հիմնական դպրոց

7-րդ դասարան

Յուրաքանչյուր նոր գիրք բացում եմ սրտի թրթիռով։ Եվ ամեն անգամ վերջին էջը փակում եմ խոր ափսոսանքով՝ երանի տալով նրանց, ովքեր նոր են կարդալու այն, և ընթերցանության հաճելի պահերը դեռ առջևում են։

Ֆրանսիացի գրող Ժյուլ Վեռնի «Տասնհինգամյա նավապետը» գիրքը կարդացի, ինչպես ասում են, մի շնչով։ Հետաքրքրությամբ հետևեցի հերոսների անհավատալի արկածներին, նրանց հետ շրջագայեցի աշխարհով մեկ, ականատես եղա նրանց փորձություններին, տխրեցի և ուրախացա նրանց հետ և խանդավառվեցի երջանիկ ավարտով։

Գլխավոր հերոսը՝ պատանի նավապետ Դիկ Սենդը, համարյա իմ տարիքին է։ Նա չի տրտնջում որբին բաժին հասած դժվարություններից․ համառության, տքնաջան աշխատանքի շնորհիվ մեծ հաջողությունների է հասնում և առաջ անցնում իր հասակակիցներից։ Այո՛, համարձակ է Դիկը, և «համարձակներին է ժպտում բախտը»։ Նա երբեք չի նահանջում, չի հանձնվում, ցանկացած վտանգավոր վիճակից դուրս գալու միջոցներ է որոնում, գտնում և իրագործում։ Սակայն նա միայնակ ոչինչ չէր կարող անել, եթե կողքին չլինեին անձնվեր և հավատարիմ ընկերները։

Այս ստեղծագործությունը ինձ և մյուս ընթերցողներին կյանքի ամենակարևոր դասն է տալիս․երբ միավորվում են բարի, արդարամիտ, ազնիվ մարդիկ, ապա վաղ թե ուշ դավաճանները պատժվում են, չարը ոչնչանում է, և աշխարհը վերագտնում է իր կորցրած խաղաղությունը։

Գրքից քաղած մյուս կարևոր դասը այն է, որ համառությունը, առավելագույնին հասնելու ձգտումը, ամուր կամքը, տրտնջալու փոխարեն գործելը օգնում են հաղթահարելու ուզածդ փորձությունը։

Գրքում մի կարևոր բան էլ նկատեցի․հերոսները հաճախ օգնում են անծանոթ մարդկանց, իսկ որոշ ժամանակ անց պարզ է դառնում, որ այդ քայլով նրանք օգնել են իրենք իրեն։ Այսպես՝ Դիկ Սենդին խնամում և օգնում է նավատեր Ջեյմս Ուելդոն․ հետագայում պատանին շատ ավելին է անում նրա ընտանիքի համար, ավելիով վերադարձնում իրեն արված լավությունը։ «Պիլգրիմի» նավագնացները փրկում են խորտակված նավում մնացած սևամորթներին և անգամ շանը։ Փրկվածները ամենակարևոր դերակատարումն են ունենում հետագա գործողություններում․ նրանց շնորհիվ՝ բազմաթիվ փորձություններից հետո մեր հերոսներին հաջողվում է վերադառնալ հայրենի քաղաքը։

Ու՞մ խորհուրդ կտայի կարդալ այս գիրքը։ Իհարկե ինձ հասակակից տղաներին՝ իմ դասընկերներին։ Թող նրանք տասնհինգամյա նավապետի օրինակով լինեն համարձակ, երբեք չվհատվեն, չընկրկեն կյանքի դժվարությունների և փորձությունների առջև և անգամ ամենադժվար ժամին պահպանեն մարդկային բարձր արԺանիքները։ Նաև անշահախնդրորեն օգնեն նրանց, ովքեր դրա կարիքն ունեն։

Մեկ այլ ֆրանսիացի գրողի՝ Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի հետ իմ ծանոթությունը սկսվել է վաղուց՝ «Փոքրիկ իշխանը» ստեղծագործությամբ։ Հեղինակի հետ իմ երկրորդ հանդիպումը նույնչափ տպավորիչ էր։ «Գիշերային թռիչք» վիպակում գրողը ներկայացնում է ոչ սովորական մարդկանց՝ ոչ սովորական իրավիճակներում։ Այդպիսին է օդաչու Ֆաբիենը։ Երկնքում նա հաղթող է, նվաճող, սակայն հաճախ ցանկանում է պարզապես սովորական մարդ լինել և բացահայտել մարդկային պարզ երջանկությունը, ինչը նրան այդպես էլ չի վիճակվում։ Փոստային առաքումներ իրականացնող ավիաընկերության տնօրեն Ռիվիերն ունի իր սկզբունքները, որոշումներն անբեկանելի են, նա թույլ լինելու իրավունք պարզապես չունի, և ենթականերն էլ պարտավոր են ուժեղ լինել։ «Պետք է նրանց ստիպել, որ ուժեղ մարդու կյանքով ապրեն,- համոզված է Ռիվիերը,- կյանք, որ իր հետ տառապանք և խնդություն է բերում, բայց միայն այդ կյանքն է, որ արժեք ունի»։ Թվում է՝ Ֆաբիենի անհետանալուց հետո գիշերային թռիչքներ այլևս չեն լինի, բայց ո՛չ․ Ռիվիերը վերագտնում է ներքին անխռովությունը, թուլությունը տեղի է տալիս, և նա շարունակում է մնալ նույն անդրդվելի ղեկավարը, ում խիստ հայացքի ներքո աշխատողները խոնարհում են գլուխները։

Ի՞նչ դաս քաղեցի այս ստեղծագործությունից։ Երևի այն, որ բացառիկ խիզախ մարդիկ են օդաչուները՝ օժտված կամքի մեծ ուժով։ Կուզեի, որ իմ շրջապատում շատ լինեին այդպիսի անհատներ, որոնց կարելի է անմնացորդ վստահել։ Սակայն ինքս գերադասում եմ լինել սովորական մարդ, ապրել սովորական կյանքով և վայելել իմ սովորական մարդկային երջանկությունը։

Այս գիրքը խորհուրդ կտայի կարդալ նրանց, ովքեր ցանկանում են դառնալ ղեկավարներ։ Ռիվիերի կերպարը նրանց կհուշի, թե ինչպես վերաբերվեն աշխատակիցներին և ինչպես՝ ոչ։ Գուցե երբեմն կարելի՞ է զիջումների գնալ, ներել նրանց փոքրիկ թերացումները և խստորեն չպատժել։ Կամ էլ հանուն գործի հաջողության թող վարվեն այնպես, ինչպես մեր հերոսը՝ ուսերին տանելով ծանր բեռը։

Մյուս գիրքը գերմանացի գրող Էրիխ Մարիա Ռեմարկի «Արևմտյան ճակատում նորություն չկա» վեպն է։ Գրքից ստացած տպավորությունը, իրոք, շատ ճնշող է։ Հիմքում Առաջին համաշխարհային պատերազմն ու դրա աղետալի հետևանքներն են։ Բայց և հասկանալի է, որ բոլոր ժամանակների պատերազմները հավասարապես մերժելի են և անընդունելի․ խեղաթյուրվում են մարդկային ճակատագրեր, խեղվում է մարդն ինըք՝ և՛ հոգեպես, և՛ ֆիզիկապես։ Պատերազմի դաշտում քսանամյա երիտասարդները հայտնվում են կյանքի ու մահվան սահմանագծին։ Այստեղ նրանք զինվորներ են՝ իրենց նմանին ոչնչացնելու գործիքներ։ Աստիճանաբար բթանում է ամեն զգացմունք, և բոլորը դառնում են «կոպիտ, կասկածոտ, անկարեկից, վրեժխնդիր ու բիրտ»։ Երիտասա՞րդ են արդյոք, իհարկե ո՛չ․նրանք այլևս չեն ուզում գրոհել աշխարհը, այլևս չեն հավատում ձգտմանը, առաջընթացին, նրանք պատերազմին են հավատում։ Գլխավոր հերոսը՝ Պաուլը, այցելում է իր հայրենի քաղաք՝ ծնողներին։ Հասկանում է, որ ինքը խորթացել և օտարացել է այդ միջավայրից։ Սրտում մի փոքրիկ կայծ է միայն մնացել՝ մոր հանդեպ սերը։ Սակայն դա էլ հետ չի պահում նրան, և նա է վերադառնում բախտակից ընկերների մոտ, այն ընկերների, որոնք պատերազմի թոհուբոհի մեջ կյանքը իմաստավորող միակ մարդիկ են, և որոնց համար նա պատրաստ է իր կյանքը զոհելու։ Սակայն հերթով սպանվում են բոլորը, սպանվում է նաև ինքը, իսկ այդ մահերը ոչինչ չեն փոխում․ ամփոփագրերը բառ չեն գրում նրանց մասին, արևմտյան ճակատում ամեն բան անփոփոխ է մնում, որովհետև մարդկային կործանված կյանքերը ոչ մի արժեք չունեն պատերազմ սանձազերծողների համար։

Կարդալով այս գիրքը՝ հասկացա, որ պետք է կարողանանք գնահատել խաղաղությունը և այն ամենը, ինչ մեզ տրվում է դրա հետ միասին՝ տուն, մաքուր սպիտակեղենով անկողին, անվրդով քուն, սեր, երջանկություն, աշխատանք, գեղեցիկ ակնթարթներ… Խրամատներում կռվող զինվորը նույնիսկ երազել չի կարող այս ամենի մասին։ Գնահատե՛նք խաղաղությունը և ամեն գնով պահենք ու պահպանենք այն։ Մի նկատառում ևս․հայ ժողովրդի պատմությունը լի է պատերազմական դրվագներով, սակայն հայ զինվորը պատերազմելու համար իր շարժառիթներն ունի։ Վեպում տղաները գնում են մարտադաշտ ուսուցչի պարտադրանքով, կարծես թե պիտի մի փոքրիկ արկած լիներ նրանց կյանքում, գնում են՝ իրենք էլ չհասկանալով՝ ինչու։ Հայ զինվորն ինքնակամ է գնում ռազմի դաշտ՝ շատ լավ գիտակցելով՝ հանուն ինչի՛ է պայքարում։ Նրանցից ամեն մեկի զոհվելը անփարատելի վիշտ է յուրաքանչյուրիս համար և չի կարող աննկատ մնալ, ինչպես վեպում է։

Նայում եմ դասընկերներիս, ընտանիքիս անդամներին, ծանոթ-անծանոթ մարդկանց և խորհում՝ ո՞ւմ խուրհուրդ տամ, որ այս տխուր, այս դաժան պատմությունը կարդա։ Իմ հայացքը ոչ մեկի վրա կանգ չի առնում․թող բոլորը կարդան միայն երջանիկ ավարտով սիրավեպեր, թող պատերազմները և դրանց մասին պատմությունները անցնող ժամանակի հեռավոր արձագանքը դառնան և այլևս ոչ ոքի չփոթորկեն։

Հավանեցի՞ր. տարածիր