Վերլուծություն

Լիկա Բանդուրյան

Չեխովի անվան համար 55 դպրոց

6-րդ դասարան

Երբ ընթերցեցի Արթուր Կոնան Դոյլի ստեղծագործություններից երկուսը՝ «Արնագույն գործը» և «Չորսի նշանը», ինձ այնպե՜ս գրավեցին այդ դետեկտիվ պատմությունները: Չեմ կարող ասել, որ դրանք անգերազանցելի խորիմաստ էին: Իհարկե ոչ: Սակայն այնքան հետաքրքիր էր ընթերցանությունը, որ կտրվել հնարավոր չէր։

Ինձ դուր եկավ այն, որ չկան արյունոտ ու դաժան տեսարաններ. կարևորը գործի բացահայտման մեթոդն է և ընթացքը: Յուրաքանչյուր պատմվածք փոքրիկ գլուխգործոց է՝ անկրկնելի՝ ստեղծված մեծ վարպետի գրչով:

Ամեն ստեղծագործություն, նույնիսկ եթե քեզ այնքան էլ խորիմաստ չի թվում, ասելիք ունի: Այն, ինչ կա մեր շուրջը կամ կատարվում է մեզ հետ, պատահական չէ. անշուշտ, կարևորություն ունի, և պետք է լինել ավելի ուշադիր դրանք ըմբռնելու համար:

Շերլոկ Հոլմսը մեզ սովորեցնում է ուշադիր նայել և ընկալել այն ամենը, ինչ մեզ շրջապատում է:

«Գիշերային թռիչք»: Ինչպե՜ս կարող էի իմ սիրելի Փոքրիկ իշխանի «հայրիկի»՝ Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի կողքով անտարբեր անցնել: Գիրքը փոստային առաքումներ իրականացնող ավիաընկերության մասին է: Վտանգավոր աշխատանք, որն անիմանալի խիզախություն և կամքի ուժ է պահանջում օդաչուներից: Տնօրեն Ռիվիերն ու նրա գործընկերները պետք է իրականացնեն գիշերային թռիչքներ: Ռիվիերը պետք է արագ գործի. նրա նպատակը լավագույնը լինելն է, իսկ դա միշտ զոհեր է պահանջում: Չի կարելի զենքը ցած դնել դժբախտ պատահարի պատճառով, թեև մարդկային կյանքն անգին է, և Ռիվիերը շարունակում է իր գործը: Դեպքերն ընդամենը մի քանի ժամվա՝ մեկ գիշերվա ընթացքում են կատարվում, սակայն որքա՜ն հագեցած է վիպակը: Իսկապես, ևս մի անգամ ապացուցվեց, որ մենք երբեք չենք կարող ասել, թե ինչ կլինի մեր կյանքում մեկ վայրկյան հետո: Վիպակում պատկերված են կյանքի և մահվան սահմանեզրին կանգնած մարդու ապրումները, մահվանը հաղթող անխորտակ հույսը: Այստեղ քեզ գերում է հավատն ու հարգանքը մարդու նկատմամբ, մարդասիրությունը: Ոչ միայն օդաչուն է խիզախ, ուժեղ, այլև տնօրենը, ոստիկանները, մեխանիկները, կանայք: Ամեն ինչ այնքան կարևոր է թռիչքի համար: Միգուցե կյանքն էլ թռիչք է՝ ըստ Էքզյուպերիի:

«Գիշերային թռիչքը» խորհրդածություն է կյանքի իմաստի մասին: Ռիվիերի նախատիպը «Աերոփոստալի» տնօրեն Դիդյե Դորանն է, որ հայտնի էր իր անզիջում սկզբունքայնությամբ:

Վստահ կարող եմ ասել, որ մեզնից յուրաքանչյուրը պարտավոր է կարդալ այս գործը: Երբ ես էի կարդում, զգում էի, որ մարդիկ պետք է այս հերոսների նման մտածեն, հավատան և գործեն, ու աշխարհը պետք է կատարելագործվի: Գիրքը իսկապես լավն է:

Հերման Մելվիլի «Մոբի Դիք» գրքի մասին շատ էի լսել (համաձայնեք, որ հետաքրքիր անվանում է): Գիրքը մի նավաստու մասին է, որը չգիտեր՝ ինչ կարելի է անել այս կյանքում:  Նա որոշում է նավաստի դառնալ: Գրքի շապիկին գեղեցիկ տողեր են. «Այն ոչ մի քարտեզի վրա չկա… Իրական վայրերը երբեք էլ չեն լինում»: Կարծում եմ՝ այս խոսքերն իսկապես ինչ-որ իմաստ ունեն:

Վեպում նկարագրված միջադեպների շղթան խորհրդանշական նշանակություն ունի: «Պեկոդի» տախտակամածը հեղինակի համար վերածվում է մարդկային վարքի ուսումնասիրման վայրի: Նավի անձնակազմում կան երկրագնդի բոլոր ազգերի ու ցեղերի ներկայացուցիչներ՝ աֆրիկացի սևամորթներ, ասիացիներ, պոլինեզիացիներ, եվրոպացիներ. սա մարդկության մանրանկարն է:

Զարմանալի գիրք է. առաջին իսկ տողերից կարծես դու էլ ես բռնկվում արկածների հանդիպելու ցանկությամբ և զգում ծովի շունչը: Գրավում են ուժեղ հերոսները, որոնք պայծառ հոգիներ ունեն:

Գիրքը խորհուրդ եմ տալիս կարդալ բոլորին. չեք փոշմանի:

Մի խոստովանություն էլ. գիտե՞ք՝ փոքր-ինչ դժվար է ընթերցել այն, ինչը կարդում ես հանձնարարումով, ինչը հանձնարարված է կարդալ: Բայցևայնպես…

Ինչպես հասկացաք, ինձ բոլոր գործերն էլ շատ են դուր եկել: Ընթերցման ընթացքում տարբեր զգացումներ էին համակում՝ զարմանք, հուզմունք, հպարտություն, երբեմն ժպտում էի, երբեմն՝ անհանգստանում և աչքերս լցնում: Գրքերի ընտրության հարցում, ասեմ, ընդհանրապես չեմ սխալվել: Ընտրել էի շատ տարբեր, բայց միևնույն ժամանակ շատ նման գրքեր: Երեքն էլ հետաքրքիր են, և երեքն էլ ստիպում են մտածել, ուշադրություն դարձնել այն ամենին, ինչ կատարվում է մեր կյանքում: Առաջին գիրքը (Շերլոք Հոլմսի մասին) ինձ ստիպեց աշխարհին և իմ շուրջն ավելի ուշադիր նայել: Երկրորդը՝ «Գիշերային թռիչքը», ինձ ասաց, որ ամեն բան կարող է փոխվել մեկ ակնթարթում, որ մենք անզոր ենք ճակատագրի հանդեպ, ուստի պիտի գնահատենք կյանքը: Աշխատե՛ք ապրել այնպես, որ հետո չզղջաք: Վերջապես երրորդ՝ ամենից շատ դուր եկած գիրքը` «Մոբի Դիքը» ինձ ստիպեց հասկանալ այն, որ մենք բոլորս մարդիկ ենք, և նշանակություն չունի՝ սևամո՞րթ ենք, սպիտակամո՞րթ, հարո՞ւստ, թե՞ աղքատ. կարևորն այն է, որ լինենք և ազնիվ, չէ՞ որ այդպիսի մարդիկ են գեղեցկացնում աշխարհը:

Հավանեցի՞ր. տարածիր