Թինա Մաշուրյան
Գորիսի համար 5 հիմնական դպրոց
5-րդ դասարան
Հեքիաթներ կարդալ ու դրանցով ապրել ինձ սովորեցրել է մայրիկս, երբ ամեն օր քնելուց առաջ ինքը պետք է պատմեր, իսկ մենք լսեինք ու իմանայինք, որ աշխարհում լինում ու միաժամանակ չէին լինում ինչ-որ բարի մարդ, մի իմաստուն թագավոր, մի գեղեցիկ արքայազն, տատիկին կարկանդակներ տանող մի փոքրիկ ու խելացի աղջիկ: Եվ չնայած նրան, որ մայրիկը միշտ պատմում էր, թե իմ սիրելի հեքիաթներն ու նրանց հերոսները լինում են ու չեն լինում միաժամանակ, միևնույն է, ինձ համար հեքիաթը միակ իրականությունն էր, որ ունեի քնելուց առաջ: Հիմա ես մեծ եմ. կարողանում եմ ինքս ընտրել՝ երբ և ինչ կարդալ:
Հեքիաթները մեզ պատմում են այն մասին, որ աշխարհում կան չար ու բարի, լույս ու խավար, արդար ու խաբեբա մարդիկ, ու բոլոր հեքիաթների վերջում միշտ խավարի ու չարի դեմ հաղթում, երջանկություն են գտնում բարի մարդիկ: Երբ ես հեքիաթը կարդում-վերջացնում եմ, ինքս լավ չեմ հիշում, թե ինչ անուն ուներ թագավորը կամ այն երկիրը, որտեղ նա թագավորում էր, բայց լավ հիշում եմ, թե հերոսներն ինչ լավ արարքներ են կատարել, ինչպիսի հնարամիտ պատասխաններով են կարողացել հասնել իրենց նպատակներին, ինչպես են ներել, օգնել ու սիրել մարդկանց:
Ուսուցողական հեքիաթներից շատ բան ունենք սովորելու, օրինակ՝ պետք չէ ընկերոջ թերության վրա ծիծաղել, այլ հարկավոր է օգնել նրան: Ալչիդեն օգնեց ևս մեկ անգամ համոզվելու, որ կյանքում ամենակարևորն ու գլխավորը աշխատանքն է ու համառությունը և ոչ ճակատագիրն ու փողը, ինչպես կարծում էին բանաստեղծն ու երգիչը:
Զվարճալի հեքիաթները հատուկ առանձնացրել եմ. ինձ դուր են գալիս, օրինակ, հիմար մարդ ու կնիկը, որ իրենց չափից շատ միամտության պատճառով զրկվեցին և՛ բարեկենդանի բերած եղ ու բրնձից, և՛ ձիուց: Անխելք մարդն այդպես էլ չհասկացավ, թե որն էր իր երջանկությունը, և սոված գայլի բաժին դարձավ: Զվարճալի էր նաև, որ խուլ ծառան թագավորի պատվերը ակամա կատարեց չորս խուլերի՝ միմյանց լավ չլսելու արդյունքում:
Անտառային հեքիաթներն ընթերցել եմ և ապրել Հենզելի ու Գրետելի ցավը, ուրախացել նրանց հետ, երբ նրանք վերջապես կարողանում են դուրս պրծնել չար պառավի կախարդական տնակից, հասնել իրենց հայրական տուն: Զարմացել եմ թութակների հնարամտության վրա, որ կարողացել են իրենց ընկերոջը հասկացնել վանդակից դուրս պրծնելու ձևը: Ռաջան սպանեց իր բազեին առանց համբերելու և հասկանալու բազեի արարքի պատճառը, և միայն վերջում հասկացավ, որ իմաստունն առանց մտածելու ոչինչ չի անում:
Բոլոր գրքերն էլ հետաքրքիր են՝ յուրաքանչյուրն իր բովանդակությամբ: Մեզ համար կարևոր ու անփոխարինելի գիտելիք միշտ էլ ստանում ենք գրքերից: Եվ ես շատ կցանկանամ և, բնականաբար, խորհուրդ կտամ, որ ընկերներս նույնպես կարդան, որովհետև իրոք սովորելու շատ բան կա այնտեղ: Թող իրենք էլ անցնեն «Անտառային Ճամփորդության» միջով, մտնեն «Զարմանահրաշ հեքիաթների» աշխարհ և բացահայտեն իրենց զարմանահրաշ մոլորակը, այնուհետև մտնեն «Զվարճալի հեքիաթների» մեջ և ծիծաղեն հիմար մարդ ու կնկա վրա…