Վաչե Էլբակյան
Խ. Աբովյանի անվան համար 84 դպրոց
3-րդ դասարան
«ՓՈՔՐԻԿ ՁԿՆՈՐՍԸ»: Այս հեքիաթը բարի սրտով տղայի մասին էր: Բախտը նրան ժպտացել էր. ապրում էր հարուստ, անհոգ կյանքով, բայց չկարողացավ մոռանալ իր հարազատներին և վերադարձավ նրանց գտնելու: Այդպես ես հասկացա, որ ինչքան էլ մարդը լավ ապրի օտարության մեջ, միևնույն է, իր հարազատ օջախից լավ տեղ չկա:
Ընկերներիս էլ խորհուրդ կտամ կարդալ այս հեքիաթը, որպեսզի ճանաչեն այդ ազնիվ մարդուն՝ Ուրաշիմային և չլքեն իրենց հարազատ օջախները:
«ՄԻ ԶՈՒՅԳ ՄԱՇԻԿ»: Այս հեքիաթը զույգ մաշիկների մասին է, որոնք միշտ դժգոհ են իրենց վիճակից: Բոլոր իրավիճակներում նրանք դժվարություններ են տեսնում և նոր կարգավիճակի են ձգտում: Ստանալով այն, ինչ ուզում են, նորից են դժգոհում:
Այս հեքիաթից ես սովորեցի, որ պետք է գոհ լինել նրանից, ինչ ունես և սիրես քեզ այնպիսին, ինչպիսին կաս: Նայելով դիմացինին՝ քեզ թվում է, թե նրա մոտ ամեն ինչ իդեալական է, հեշտ է, լավ է, բայց իրականում այդպես չէ: Բոլորն էլ ունեն իրենց հոգսերն ու դժվարությունները: Պետք է շնորհակալ լինել Աստծուն այն ամենի համար, ինչ ունենք և չդժգոհել: Խորհուրդ կտամ ընկերներիս կարդալ այս հեքիաթը, որպեսզի շատ չտրտնջան իրենց կյանքից ու շրջապատից:
«ՀԱԶԱՐԱՆ ԲԼԲՈՒԼ»: Այս հեքիաթը թագավորի կրտսեր որդու մասին է: Նա հաղթահարում է բազում դժվարություններ և համբերատարությամբ դիմակայում բոլոր փորձություններին: Նա հավատարիմ է մնում հորը տված խոստմանը, օգնում է նաև իրեն չսիրող եղբայրներին: Ազնիվ ու բարի տղան հասնում է իր երազանքին և ապրում ուրախ ու երջանիկ: Ես սովորեցի, որ չպետք է լինել նախանձ, հարազատին չպետք է թողել դժվարության մեջ, և հարկավոր է համբերատար հաղթահարել բոլոր դժվարությունները:
Խորհուրդ կտամ ընկերներիս կարդալ այս հեքիաթը, որպեսզի միշտ նպատակասլաց լինեն, խելացի, դիմացկուն և ուժեղ, չվախենան հանդիպող դժվարություններից:
«ԲԱՐԻ ԳՈՐԾԸ»: Այս հեքիաթը մի աղքատ ու բարի տղայի մասին է: Նա իր վերջին լուման տալիս է օձին փրկելու համար: Ես այս հեքիաթից սովորեցի, որ պետք է լինել բարի, օգնել դժվարության մեջ գտնվողներին, վնաս չհասցնել կենդանիներին: Խորհուրդ կտամ իմ ընկերներին կարդալ այս հեքիաթը, որպեսզի նրանք էլ միշտ բարի լինեն և եթե հնարավորություն ունենան, օգնելու ցանկացած մեկին, անպայման օգնեն: