Մի անգամ, երբ Վիկտոր Համբարձումյանը դեռ փոքրիկ տղա էր, իր հայրիկի հետ այցելեց Թիֆլիս` Հովհաննես Թումանյանին հյուր: Այնտեղ նա Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից մեկն արտասանեց: Հուզված Թումանյանը գրկեց գանգարհեր, խորունկ աչքերով տղային ու համբուրեց նրա ճակատը:
Անցան տարիներ: Վիկտոր Համբարձումյանը դարձավ հայտնի աստղագետ: Մի առիթով նա պատմեց իր մանկության այդ հուշը.
– Վաթսուն տարի է անցել այդ օրից, բայց ես դեռ ճակատիս զգում եմ Թումանյանի համբույրը: Այդ համբույրն այն ժամանակ ինձ ոգեշնչեց, որ ես ձգտեմ հասկանալու անհասկանալին, հասնեմ անհասանելիին: Ես սկսեցի շատ կարդալ, ամուր կապվեցի գրականությանը: Իսկ հետագայում համոզվեցի, որ տիեզերքի ճանապարհն անցնում է բանաստեղծության միջով:
Երբ Վիկտոր Համբարձումյանը 17 տարեկան էր, արդեն դասախոսություններ էր կարդում տիեզերքի, Արեգակնային համակարգի մասին, խոսում այնպիսի բաներից, որ այն ժամանակ մեծերն անգամ չգիտեին:
Պատմում են, որ այդ դասախոսություններից մեկին ներկա է եղել Հովհաննես Թումանյանը: Նա լսել է Համբարձումյանի խոսքն ու ասել.
– Էս մի մատ տղան մեծ մարդ է դառնալու:
Թումանյանի կանխատեսումը ճիշտ էր: