Մեր երկիրը հարուստ է ճարտարապետական հրաշալի հուշարձաններով: Զանգեզուր աշխարհում՝ Որոտան գետի վրա կախված մի հսկա ժայռին է գտնվում դրանցից մեկը: Այդ հրաշալիքն այնքա՜ն համահունչ է բնությանը` սարերին, ձորերին, մարգագետինին ու երկնքի անհուն կապույտին, որ թվում է` անձեռակերտ է, այսինքն` մարդու ձեռքը չի կերտել:
Տաթևը հիմնադրվել է 4-րդ դարում, և, պատկերացնո՞ւմ ես, շինարարությունը տևել է 500 տարի: Իսկ երբ կառույցն ավարտին է հասել…
Ահա թե ի՛նչ են պատմում մարդիկ այդ մասին…
Քարը քարին` տաճարը երկինք էր բարձրանում: Ճարտարապետ Մոմիկը, որը կառուցողների մեջ ամենից տարեցն էր, արդեն մի քանի շաբաթ գմբեթի շուրջը կապած տախտակամածից ցած չէր իջնում. նա էր իր կառուցած բոլոր տաճարների վերջին քարը դնում:
– Տե՜ր, օգնի՛ր մեղավորիս` պատվով ավարտեմ գործս ու բաց ճակատով նայեմ մարդկանց այսօր և առհավետ,- մրմնջաց ճարտարապետն ու նայեց երկնքին. անհուն կապույտի մեջ ճերմակաթև աղավնիներ էին թևածում:
Տաճարի բակում հոծ բազմություն էր հավաքվել:
Մոմիկ ճարտարապետը վերջին քարը տեղադրեց: Հետո ոտքի ելավ, խաչակնքեց և թեքվեց լուր տալու ժողովրդին, որ ավարտել է տաճարի կառուցումը: Թեքվեց ու քարացավ. գլուխը պտտվեց, աչքերը մթնեցին, ամուր բռնեց տախտակամածից, որ վայր չընկնի:
– Տե՜ր, թևե՜ր, թևե՜ր տուր ինձ, որ անփորձանք իջնեմ այս բարձունքից,- մրմնջաց նա:
Հանկարծ նա անսովոր թեթևություն զգաց. թվաց` թռչում է, հանգիստ թևածելով իջնում ցած:
Կատարված հրաշքից հիացած՝ բազմությունը գոչում էր.
– Տեսե՛ք, տեսե՛ք, ճարտարապետին թևեր են բուսնել:
Ճարտարապետը չզգաց` ինչպես հայտնվեց բազմության գրկի մեջ և երբ ոտքը հողին դրեց, բարձրաձայն ասաց.
– Կանգուն է տաճարը այսօր և առհավետ…
– Անունն ի՞նչ է, ճարտարապե՛տ,- հարցրեցին այս ու այն կողմից:
– Տաթև,- պատասխանեց ճարտարապետը…
Եվ օծվեց տաճարը: Եվ կոչվեց այն Սուրբ Տաթև:
Ավանդապատումը մշակեց Ռուբեն Մարուխյանը