Տանը մենակ

Որոշ երեխաներ արդեն չորս-հինգ տարեկանում կարող են բոլորովին միայնակ զբաղվել որևէ բանով` ծնողների մշտական ուշադրության կարիքն ընդհանրապես չունենալով: Սակայն շատերն էլ նույնիսկ տասներկու տարեկանում սարսափում են մենակ մնալուց և առանց հսկողության չեն դիմանա անգամ մի քանի րոպե:

Իսկ իրականում ե՞րբ և ինչպե՞ս պետք է սկսել երեխայի մեջ ինքնուրույնություն դաստիարակելը:  Հոգեբաններն ասում են, որ շատ բան կախված է փոքրիկի խառնվածքից: Եթե դուք չեք պատրաստվում գրկել ու գուրգուրել ձեր «հրաշքին» մինչև ամուսնության տարիքը, անհրաժեշտ է ժամանակին հնարավորություն տալ նրան զգալ ինքնուրույնության համը: Համաձայնեք, վաղ թե ուշ կգա այն պահը, երբ այլևս, ուզեք թե չէ, չեք պարուրելու զավակին ձեր խնամքի թևերով:

Ինքնուրույն լինելու հնարավորությունը երեխային պետք է ընձեռել աստիճանաբար` 5-6 տարեկանից սկսած: Սակայն չի կարելի որոշել ու միանգամից սկսել փոքրիկին մենակ թողնել տանը: Նախ հնարավորին չափ մեծ ազատություն տվեք նրան ձեր ներկայությամբ: Որքան շատ վերահսկեք նրա արարքները, այնքան մեծ կլինի ցանկությունը մենակ մնալիս անել անթույլատրելի ինչ-որ բան: Սահմանեք «մայրիկի ժամ», երբ մեկ այլ սենյակում դուք կզբաղվեք ձեր գործերով և ուշադրություն չեք դարձնի, թե ինչ է անում երեխան իր սենյակում. «Արի հիմա ամեն մեկս իր գործով զբաղվի, իսկ մեկ ժամ հետո միասին կտեսնենք` ով ինչ է արել»: Հաճախ թույլ տվեք փոքրիկին ինքնուրույն տնօրինել խոհանոցը. թող ինքն իր համար հյութ լցնի ու բուտերբրոդ պատրաստի: Հանգստյան օրերին թույլ տվեք երեխային ինքնուրույն նախաճաշ պատրաստել: Կարճ ժամանակ անց կտեսնեք, որ նա լավ էլ գլուխ է հանում խոհանոցի դարակներից և սովահար չի լինի, երբ դուք իր կողքին չլինեք:

Այսպիսի մի քանի վարժանքից հետո կնկատեք, որ երեխան սովորել է մայրիկի ժամանակավոր բացակայությանը և ամեն րոպե չի հայցում նրա օգնությունը: Հենց այդ ժամանակ էլ արդեն կարող եք տան «հսկողությունը» հանձնել նրան, իսկ ինքներդ աներկյուղ աշխատանքի գնալ:

Տանը մենակ մնացող երեխան պիտի քաջ գիտակցի՝ կան բաներ, որոնք չի կարելի անել, ինչպիսի իրադրություն էլ լինի: Ներկայացնում ենք մի քանի կարևոր «չի կարելի»: Հնարավոր է` Դուք հավելեք ևս մի քանիսը. գլխավորը` համոզվեք, որ երեխան հստակ յուրացրել է այդ կանոնները ու չի փորձում գաղտագողի խախտել դրանք:

Եվ ուրեմն՝

  1. Չի կարելի բացել դուռը ոչ ոքի առջև: Դա պետք է անեն միայն մեծահասակները. նրանք բոլորն էլ բանալի ունեն:
  2. Չի կարելի հեռախոսով անծանոթ մարդկանց պատմել, որ դու տանը մենակ ես: Կարելի է պատասխանել. մայրիկը հիմա զբաղված է, զանգեք երեք ժամից: Այսպես դու չես ստում (չէ՞ որ մայրիկն այդ պահին իրոք զբաղված է), իսկ անծանոթը չի իմանում, որ տանը մենակ ես:
  3. Չի կարելի պատուհանից ոչինչ նետել: Առհասարակ, պատուհաններին մոտենալ պետք չէ, անգամ եթե տանը չափազանց շոգ է:
  4. Չի կարելի խաղալ էլեկտրական սարքավորումներով:

Մի կանոն էլ ծնողների համար. տնային հեռախոսի մոտ կամ բջջայինի մեջ պետք է լինեն ձեր, մորաքրոջ, տատիկի հեռախոսահամարները, որպեսզի անհրաժեշտության դեպքում երեխան կարողանա զանգել: Կարևոր է բացատրել նրան, թե կոնկրետ որ դեպքերում է պետք դա անել:

Երեխայի ինքնուրույնության թեստ

Սիրելի՛ ծնողներ, ձեզ ենք ներկայացնում երեխայի ինքնուրույնության 10 չափորոշիչ: Եթե դրանցից գոնե ութը վերաբերում են հենց ձեր փոքրիկին, ուրեմն նա միանգամայն պատրաստ է իր գործերը միայնակ գլուխ բերելու և կարիք չունի մշտական ուշադրության: Հակառակ դեպքում դեռևս պետք չէ մտածել տանը նրան մենակ թողնելու մասին:

  1. Երեխան միայնակ կարող է մնալ երկու ժամից ավելի` անընդհատ օգնության չվազելով մայրիկի մոտ:
  2. Նա չի վախենում մթությունից և փակ տարածությունից:
  3. Հստակ գիտի թույլատրելիության սահմանը` ինչը կարելի է անել, ինչը` ոչ:
  4. Խաղալիս սադոմազոխիզմ չի ցուցաբերում. գիտի՝ երբ հնարավոր է՝ ինքն իրեն, քույրիկին, մայրիկին ֆիզիկական ցավ պատճառի և խույս է տալիս այդպիսի քայլերից:
  5. «Տունտունիկ» խաղալիս` մեծահասակի դեր է կատարում:
  6. Կարողանում է օգտվել հեռախոսից:
  7. Հիշաչար չէ, կարողնում է ներել:
  8. Ունի օբյեկտիվ ինքնագնահատական, գիտակցում է իր սխալները և չի ամաչում խոստովանել դրանք:
  9. Տանը ունի որոշակի պարտավորություններ (հավաքել խաղալիքները, իր անկողինը) և սիրով կատարում է դրանք:
  10. Ինքնուրույն հետևում է օրվա ռեժիմին. գիտի` երբ պետք է սնվել, երբ դուրս գալ բակ խաղալու, երբ պառկել քնելու:
Հավանեցի՞ր. տարածիր