Շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոնը
Բոլոր տղաներն էլ խաղեր սիրում են: Այս տղան սիրում էր հատուկ խաղեր, խաղեր, որոնց ժամանակ պետք է մտածել: Նրանց տանը հաճախ էին պապիկներ հավաքվում դեսից-դենից խոսելու, նարդի կամ շաշկի խաղալու համար: Փոքրիկ Տիգրանը սիրում էր խաղալ նրանց հետ և մեկը մյուսի հետևից հաղթում էր փորձառու մրցակիցներին:
Բայց շախմատից նա սկզբում ոչինչ չէր հասկանում և ամաչում էր հարցեր տալուց: Մի օր պատահմամբ Տիգրանի ձեռքն ընկավ շախմատի մասին մի գիրք: Նա կարդաց գիրքը, և ամեն ինչ փոխվեց… Տղան պարզապես հարձակվեց շախմատի վրա: Խաղն այնպես կլանեց նրան, որ մյուս խաղերը, անգամ ֆուտբոլը, կորցրին իրենց հմայքը: Եվ Տիգրանը սկսեց շախմատի մրցաշարերի մասնակցել:
Նա մասնակցում էր Վրաստանի պատանեկան առաջնությանը, որտեղ շատ ուժեղ մրցակիցներ ուներ: Իսկ ինքը, թեև շատ տաղանդավոր էր, բայց այնքա՛ն ամաչկոտ էր, այնքա՛ն էր թերագնահատում իր ուժերը, որ կարծում էր՝ բոլոր հաղթանակները միայն բախտի բերմամբ են ստացվում: Երբ նա 16 տարեկանում դարձավ պատանիների առաջնության չեմպիոն, դեռ ոչ մի անգամ չէր պարտվել: Պատկերացրու, թե ոնց զարմացան հայտնի շախմատիստները.
– Ինչպե՞ս, երեխա է, և ոչ մի անգամ չի՞ պարտվել:
Տարիներ անց Տիգրան Պետրոսյանը դարձավ շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոնը: Այդ օրերին, երբ ընթանում էր պայքարը չեմպիոնի տիտղոսի համար, Հայաստանում մարդիկ ապրում էին միայն շախմատով: Ամեն երեկո հազարավոր հայեր, հանգիստը կորցրած, տուն-տեղ թողած, հավաքվում էին զբոսայգիներում, հրապարակներում և սպասում էին լուրի, թե ինչպես է ընթանում պայքարը, որի գլխավոր հերոսը Տիգրան Պետրոսյանն էր: Ասում են՝ այդ տարի Հայաստանում հանցագործությունները խիստ նվազել են, քանի որ բոլորը, նույնիսկ հանցագործները, տարված են եղել շախմատով։
Ըստ «Շախմատիստի կյանքը» գրքի