Տիկնիկների թատրոնը

Տիկնիկային կերպավորումներով զանազան պատմություններ ներկայացնելը մարդու սիրելի արվեստներից է եղել հնագույն ժամանակներից։

Տիկնիկային թատրոնը Հին Եգիպտոսում հայտնի էր Ք. ա. XVI դարից, իսկ Հնդկաստանում և Հունաստանում՝ Ք. ա. V–IV դարերից:

Քրիստոնեական մշակույթի զարգացման շրջանում արդեն վանքերում տիկնիկներով ներկայացվել են Աստվածաշնչի առանձին տեսարաններ, հատկապես ավետարանական պատմությունները, որոնցում գլխավոր կերպարը Կույս Մարիամն էր. այստեղից էլ՝ մարիոնետ  անվանումը: 

XVI–XVII դարերում եվրոպական մի շարք երկրներում կազմակերպվել են տիկնիկային թատրոններ, որտեղ ցուցադրվել են հեքիաթներ, առակներ, զվարճալի ու երգիծական պատմություններ հարուստների, իշխանավորների մասին: 

XX դարի առաջին քառորդին պրոֆեսիոնալ տիկնիկային թատրոններ են ստեղծվել ինչպես մանուկների, այնպես էլ մեծահասակների համար:

Տիկնիկները խաղացնում են դերասան-տիկնիկավարներ՝ հիմնականում չորս եղանակով՝ մատներով, թելերով, ձողերով և ստվերապատկերներով: 

Մատներով խաղացվող տիկնիկը դերասանը հագցնում է մատներին և խաղացնում վարագույրի հետևում, որի վրա էլ երևում է նրա ստվերապատկերը: 

Թելերով խաղացվող տիկնիկները կոչվում են խամաճիկներ: Դերասանի ձեռքում մի քանի խաչաձև փայտիկներ են՝ թելերով միացած տիկնիկի գլխին, ուսերին, արմունկներին և ծնկներին: Դերասանը ձգում է թելերը կամ պտտում փայտիկները, և տիկնիկը քայլում է, թափահարում ձեռքերը, շարժում գլուխը, վարպետ դերասանի ձեռքում՝ նույնիսկ պարում: 

Ձողերով տիկնիկը դերասանը պահում է իր գլխավերևում և վարագույրի հետևից նրան խաղացնում այնպես, ինչպես մատներին հագցրած տիկնիկին: Հանդիսականները սովորաբար չեն տեսնում ձողերը, որովհետև դրանք ծածկված են տիկնիկի հագուստներով: 

Ստվերապատկերների համար նախատեսված տիկնիկները տափակ են՝ 15 սմ-ից մինչև մարդահասակ և ավելի մեծության (ձևում են կաշվից և գույնզգույն ներկում): Խաղացվում են հատուկ շյուղերի օգնությամբ. լուսավորված էկրանին ցուցադրվում են դրանց ստվերապատկերները:

Ծավալային տիկնիկներ օգտագործում են նաև մուլտիպլիկացիոն կինոյում, հեռուստատեսության գեղարվեստական և էստրադայի տիկնիկային ծրագրերում:

Ստվերային տիկնիկային թատրոնը հայ իրականություն մուտք է գործել ուշ միջնադարում՝ ձեռք բերելով իր յուրահատկությունները՝ մասնավոր ավանդույթների, կենցաղի ու բարքերի հիման վրա:

Ըստ «Դպրոցական մեծ հանրագիտարանի»

Հավանեցի՞ր. տարածիր