Տորք Անգեղը հայոց հնագույն հերոսներից է։ Ավանդությունն ասում է, որ նա Հայկ նահապետի թոռ Պասքամի որդին էր։ Տորքը վիթխարի տղամարդ էր, որին իր կոպիտ կազմվածքի պատճառով Անգեղ էին կոչել (այսինքն՝ ոչ գեղեցիկ)։ Նա այնքան ուժեղ էր, որ ձեռքով ապառաժներ էր ճեղքում ու եղունգներով դրանց վրա արծվի պատկերներ փորում։
Տորք Անգեղը չէր գործածում ո՛չ սուր, ո՛չ նետ կամ նիզակ․ հենց միայն իր տեսքով սարսափ էր ազդում թշնամիներին ու չարագործներին։ Տորքին ենթարկվում էին անգամ առյուծներն ու վագրերը, որոնք այդ հեռավոր ժամանակներում դեռ ապրում էին Հայկական լեռնաշխարհում։
Մի անգամ թշնամիները նավով գալիս են Սև ծովի ափ և այնտեղից հարձակվում Հայոց բնակավայրերի վրա։ Մեծ ավերածությունների ու կոտորածի լուրը հասնում է Տորքին, և նա ելնում է թշնամիներին ոչնչացնելու։ Վերջիններս, սարսափած հսկայի կազմվածքից, ամեհի ուժից և իրենց շարքերում գործած կոտորածից, կրկին վազում են դեպի ափ՝ իրենց նավերով փախչելու։ Տորքը թշնամիների հետևից հասնում է, երբ նրանց տորմիղը ափից բավական հեռացել էր։ Եվ բարկացած հսկան լեռներից բլրաչափ ժայռեր է պոկում ու նետում նրանց ուղղությամբ։ Ծովում ահեղ ալեկոծություն է բարձրանում, և թշնամիների նավերը խորտակվում են։
Տորք Անգեղը հոգով էր գեղեցիկ։ Նրա սիրելիի անունը Հայկանուշ էր։
Իր ուժով ու սխրագործություններով Տորք Անգեղը հիշեցնում է մեր էպոսի հերոսին՝ Սասունցի Դավթին։
Նկարը՝ Արամ Վարդազարյանի