Ծաղկաքաղ «Ջեննի Գերհարդից»

Լինում են այնպիսի հազվագյուտ, յուրահատուկ բնավորության տեր մարդիկ, որոնք աշխարհ են գալիս՝ չիմանալով՝ ինչու, և կյանքից հեռանում են՝ այդպես էլ ոչինչ չհասկանալով նրանից

***

Գոռոզության ու ագահության այս աշխարհը  իդեալիստին ու երազողին խեթ է նայում: Եթե երազողը նայի բարձրում սլացող ամպերին, նրան կկշտամբեն պարապ-սարապ մնալու համար: Եթե նա ականջ է դնում քամու երգին, որը շոյում է նրա հոգին, այդ նույն ժամանակ շրջապատի մարդիկ շտապում են տիրանալ նրա ունեցվածքին: Եթե ամբողջ, այսպես կոչված, ոչ շնչավոր աշխարհը հափշտակում է նրան՝ հրապուրելով այնպիսի նուրբ ու թովիչ ձայներով, որ թվում է, թե դրանք չեն կարող կենդանի ու բանական չլինել, երազողը կործանվում է տարերքի հարվածների տակ: Իրական աշխարհը միշտ էլ իր չանչերը  մեկնում է այդպիսի մարդկանց վրա և տիրապետում է նրանց: Հենց այդպիսիններին է, որ կյանքը հնազանդ ստրուկներ է դարձնում:

***

Նա ունեցել էր կորուստի ապրումներ, ճաշակել էր բախտի հարվածները, նրա մեջ կար այնպիսի մի բան, որ աշխույժ երևակայություն ունեցող մարդկանց մեջ համակրանք էր հարուցում:

***

Առաքինությունը մարդկանց բարի ցանկանալու և բարիք գործելու ընդունակություն է: Առաքինի մարդը մեծահոգի մարդն է, որն ուրախությամբ պատրաստ է ծառայելու ամենքին ու բոլորին, բայց հասարակությունն այնքան էլ չի գնահատում այդ հատկությունը:

***

Հասարակությունն ընդհանրապես շատ վատ է ճանաչում մարդկանց: Նրա միակ չափանիշն է` ինչ կասեն ուրիշները: Ինչպես երևում է, շատ քչերն են ընդունակ ինքնուրույն դատողություն անելու:

***

Ամեն տուն հաստատված է նախ և առաջ մոր վրա, բայց այդ հասկանում են միայն այն ժամանակ, երբ արդեն վախճանը մոտիկ է:

***

Լավ բարեկամներն իրարից չպետք է բաժանվեն, դա վտանգավոր է:

***

Անդորրի մեջ ձեռք ես բերում իմաստություն:

***

Մեղմ, զիջողամիտ, անշահախնդիր մարդը միշտ էլ ավար է դառնում ամբոխի համար: Մարդիկ հեռվից զգում են նրա անպաշտպան լինելը:

***

Ամեն խելք չի կարելի չափել մի ինչ-որ անմիտ արարքով: Ամեն մեկին չի կարելի դատել նրա մի ինչ-որ կրքով:

***

Ծերունիներին ու երեխաներին միշտ կապում է մի ինչ-որ անբացատրելի բարեկամություն, մի սքանչելի և հուզիչ ներքին մոտիկություն:

***

Ամեն մի խոհուն մարդու կյանքում լինում է ժամանակ, երբ նա նայում է անցյալին և ինքն իրեն հարց է տալիս, թե ի՛նչ արժեք ունի ինքը և՛ մտավոր, և՛ բարոյական, և՛ ֆիզիկական, և՛ նյութական տեսակետներից: Սա տեղի է ունենում այն ժամանակ, երբ պատանեկան խելահեղ ժամանակներն արդեն անցել են, երբ առաջին ինքնուրույն քայլերն ու ամենաեռանդուն ջանքերն արդեն արված են, և այն ամենը, ինչին ձգտել ես ու հասել, քո աչքում դառնում են անճիշտ ու անհաստատ: Եվ շատերի գիտակցության մեջ սողոսկում է հոգին ցամաքեցնող մի միտք կյանքի ունայնության մասին, մի միտք, որ ամենից լավ արտահայտել է Եկլեսիատեսը:

***

Ջեննին մտածում էր, որ մարդիկ չեն կարող դիտավորյալ դաժան լինել: Նրա մեջ ապրում էր աստվածային բարության ու արդարության աղոտ պատկերացում:

***

Ոչինչ հավերժ չէ՝ բացի բարությունից, սրտագին, մարդկային բարությունից: Մնացած ամեն բան անցողիկ է երազի պես:

***

Ջեննի սիրտը կտոր-կտոր էր լինում. չէ՞ որ նա բնավորությամբ հաստատուն այն մարդկանցից էր, որոնք ոչ մի փոփոխություն չեն որոնում, միայն թե զգան, որ սիրված են և պահանջված: Նրա ամբողջ կյանքը բաղկացած էր նվիրումներից ու հիշողություններից, որոնք որպես անտեսանելի թելեր զատ-զատ տպավորությունները միահյուսում էին որպես մի ներդաշնակ ու հաստատուն ամբողջություն: Եվ այդ թելերից մեկն էլայս տոնն էր, նրա տունը՝զարդարված իր սիրով ու հոգատարությամբ դեպի բոլոր բնակիչները, դեպի ամեն մի աննշան իրը: Այժմ այդ ամենին վերջ էր տրվում:

***

Լեսթերը խոստացավ շուտով այցելել Ջեննիին, իսկ հետո պատրաստվեց մեկնելու, և հրաժեշտի անհրաժեշտության առաջ նրա խոսքերը միանգամից կորցրին իրենց նշանակությունը:

Կազմեց Հասմիկ Ադամյանը

Հավանեցի՞ր. տարածիր