Քամելեոնների տարբեր տեսակներ կան: Լինում են 4-ից մինչև 60 սմ երկարություն ունեցող քամելեոններ: Նրանք հիմնականում ապրում են ծառերի վրա: Այս կենդանիների երկար պոչը սովորաբար լինում է պարուրաձև: Պոչի միջոցով նրանք կարողանում են պինդ կառչել ճյուղերին: Նրանք դանդաղաշարժ են: Ապրում են Աֆրիկայում, Ասիայի ու Եվրոպայի հարավային մասերում:
Քամելեոնը երկու վայրկյանում կարող է գունափոխվել՝ սպիտակավունից դառնալ դեղին, նարնջագույն, կանաչ, կարմիր, շագանակագույն, սև:
Մեծավ մասամբ քամելեոնն ընդունում է այն գույնը, որն իր շրջակայքի հիմնական երանգն է: Կենդանին այդպես ծպտված է մնում թշնամիներից` թռչուններից, օձերից, կրծողներից: Նա գունափոխվում է, երբ վախեցած է կամ բարկացած, սոված կամ ծարավ… Եղանակը, լուսավորությունը, ջերմաստիճանը նույնպես ազդում են նրա գույնի վրա: Արու քամելեոնը գույնը փոխում է, երբ հանդիպում է էգին կամ թշնամուն: Էգին հանդիպելիս, նրան դուր գալու համար, արուն փքվում է և դառնում ավելի վառ ու գեղեցիկ:
Ի դեպ, քամելեոն են անվանում այն մարդկանց, ովքեր հաճախ փոփոխում են իրենց կարծիքը, նայած թե ո՛ր կարծիքն է ձեռնտու: Այնպես որ քամելեոն չլինե՛ս:
Զարմանալի են նաև քամելեոնի աչքերն ու լեզուն: Նրա կոպերը ծածկում են դուրս պրծած աչքերը՝ թողնելով միայն մի փոքրիկ ճեղք: Աչքերը կարող են շարժվել մեկը մյուսից անկախ: Այդպես նա կարողանում է մի աչքով նայել առաջ, մյուսով՝ հետ: Դրա շնորհիվ ժամերով անշարժ ու աննկատ մնալով՝ քամելեոնը դիտում է չորս կողմը: Առանց գլուխը շարժելու, աչքերը պտտեցնելով՝ նա նկատում է իր զոհերին՝ միջատներին, որոնց որսում է երկար լեզվի միջոցով: Երբ միջատը մոտ է լինում, քամելեոնը լեզվով հանկարծակի հարվածում ու նրա կպչուն ծայրով մի ակնթարթում զոհին քաշում բերանը: Նրա լեզուն շատ երկար է՝ համարյա իր մարմնի երկարության: Քամելեոնը դիպուկ ու ճարպիկ որսորդ է:
Արու քամելեոնները իրար տանել չեն կարողանում: Որպեսզի ցուցադրեն, թե ով որքան ուժեղ ու հզոր է, քամելեոնները սկսում են ուռչել: Զայրույթից նրանց երանգն արտահայտիչ է դառնում: Հակառակորդները բացում են բերաններն ու ֆշշացնելով դուրս են գալիս դեմ հանդիման՝ գլուխներով իրար հրելով ու կծելով: Այնքան են կռվում, մինչև որ մեկը հաղթում է:
Մի՛ կարծիր, թե դու էլ կարող ես քամելեոն պահել. շատ դժվար է: Նրանք չեն դիմանում ու սատկում են առանց ազատության: Ուրեմն ինչի՞ համար բռնել նրանց: Ավելի լավ չէ՞ ազատ բնության մեջ հիանալ այդ արտասովոր մողեսների գեղեցկությամբ և չվնասել նրանց: