Մորենին և վազը
Ոխ պահելով վազի դեմ՝ մորենին ասաց.
– Քեզ նման կբարձրանամ և կրկնակի պտուղ կտամ և կգերազանցեմ քեզ, որովհետև ձմռանը ես անթառամ եմ լինում:
Վազը հակաճառեց նրան.
– Քո պարծանքը կատարյալ կլինի, երբ աշնանը հավաքվես հնձանում։
Իսկ աշնանը մորենին ոտնատակ եղավ։
Խոհեմ մարդը և ծառերը
Մի խոհեմ մարդ հարցրեց ծառերին.
– Ի՞նչն է պատճառը, որ ինչքան բարձրանում եք, այնքան խորն եք արմատներ գցում։
Եվ նրանք պատասխանեցին.
– Խոհեմ լինելով՝ ինչպե՞ս չգիտես, որ մենք չենք կարող այսքան ճյուղեր կրել և ընդդիմանալ հողմերի ճնշմանը, եթե խոր և բազմաճյուղ արմատներ չունենանք։ Տեսնո՞ւմ ես մեր եղբայր հաճարի և փիճի ծառերը, որ, թեև շատ ճյուղեր չունեն, չեն կարողանում դիմադրել, որովհետև չունեն նաև խոր արմատներ։
Ձկները և նրանց թագավորը
Ձկները մեղադրվեցին իրենց թագավորից.
– Ինչո՞ւ եք ուտում ձեզնից մանր ձկներին։
Համարձակություն ստանալով՝ ձկները պատասխանեցին.
– Որովհետև քեզնից սովորեցինք, շատերը եկան քեզ երկրպագելու, և կլանելով՝ քեզ կերակուր դարձրիր։
Ըստ այդմ՝ իրենք ևս ավելի հանդուգն եղան:
Ծովի գորտերը
Ծովի գորտերը խորհուրդ անելով ասացին.
– Ինչո՞ւ ենք տռզած փորերով ու դեղնած մաշկով խեղդվում ջրերում, դուրս գանք ցամաք ու ապրենք ուրիշների պես։
Ծերերից մեկն ասաց.
– Հայրս պատվեր է տվել ինձ, որ ծովի ապաստանը չթողնեմ, որովհետև բնությամբ երկչոտ ենք, գուցե դուրս գանք ու սարսափելով հետ դառնանք և ցույց տանք մեր երկչոտությունը։
Չլսեցին խորհուրդը և դուրս ելան, բայց ոտնաձայն լսելով՝ փախան ու կրկին խորասուզվեցին ծովում։
Առյուծը և կենդանիները
Առյուծը, կոտրելով ոտքը, տրտնջում էր բոլոր կենդանիների վրա.
– Իմ հպատակներն եք, քանի որ կենդանիների իշխանն եմ ես, բայց ինչո՞ւ այժմ ընծա չեք բերում, որ առողջանամ։
Պատասխանում են.
– Դու երբեք չպաշտպանեցիր մեզ ո՛չ արջից, ո՛չ գայլից և ո՛չ էլ ուրիշ գազանից։
Նույնիսկ դու ինքդ մեզ չխնայեցիր։ Մենք Աստծուն պիտի ընծա մատուցենք, որ այդպիսի չարիքի մեջ ես ընկել։