Տնային պարտականությունների կատարումը հաճախ դառնում է կռվախնձոր ծնողների և երեխաների միջև: Մեծահասկաները հոգնում են տունը կարգի բերելուց, մինչդեռ երեխաները չեն վառվում նրանց օգնելու ցանկությամբ, և դա հանգեցնում է վեճերի, սպառնալիքների:
Ներկայացնում ենք 5 առաջարկ, թե ինչպես սովորեցնել երեխաներին սիրել աշխատանքը: Գաղտնիքը պարզ է. այն պետք է մատուցվի ոչ թե որպես ծանր պարտականություն, այլ իբրև խաղ, հաճելի զբաղմունք:
1. Աշխատանքը դարձրե՛ք հետաքրքիր:
Ճիշտ կլինի որոշակի ժամանակ առանձնացնել մեկ կոնկրետ աշխատանք, օրինակ՝ մաքրել հայելիները: Այդ կերպ երեխային ավելի հեշտ կլինի կենտրոնանալը: Միացրե՛ք լավ երաժշտություն, գործի դրեք գունագեղ կտորներ: Կարող եք բաժանել անելիքները, ասենք՝ երեխան ցողում է հայելին, իսկ դուք մաքրում եք այն: Այդ ողջ ընթացքում, սակայն, մի՛ մոռացեք, որ գործի պատասխանատուն ոչ թե փոքրիկն է, այլ դուք. երեխայի խնդիրն է ուրախանալ ձեզ հետ համատեղ աշխատանք կատարելուց:
2. Կիրառե՛ք խրախուսման մեթոդը:
Կազմե՛ք ցանկ և գրանցե՛ք այն աշխատանքները, որոնց կատարումն ակնկալում եք երեխայից: Փակցրե՛ք թերթիկ յուրաքանչյուր կատարված աշխատանքի դեպքում, օրինակ՝ երբ երեխան հավաքել է իր մահճակալը կամ մաքրել սեղանն ուտելուց հետո: Երբ հավաքվեք որոշակի թվով թերթիկներ, պարգևատրե՛ք երեխային, նկարազարդման ալբոմով կամ խաղալիքով: Այդ «մրցանակներն» ավելի շատ խորհրդանշական պետք է լինեն, որպեսզի երեխան չսովորի մեծ պարգևերի ամեն մի կատարած աշխատանքի համար:
3. Շնորհակալությո՛ւն հայտնեք:
Աշխատանքը չկատարելու պարագայում սպառնալու և վախեցնելու փոխարեն ավելի լավ է երեխային ցույց տալ, որ շնորհակալ կլինեք, եթե նա օգնի ձեզ: Չմոռանաք շնորհակալություն հայտնել հատկապես այն դեպքերում, երբ նա կատարում է որևէ աշխատանք սեփական նախաձեռնությամբ՝ առանց ձեր հանձնարարության կամ հիշեցման:
4. Տվե՛ք երեխաներին առաջադրանքներ, որոնք նրանք սիրում են:
Կարևոր է, որ հանձնարարությունները, որ տալիս եք ձեր երեխաներին, համապատասխանեն նրանց տարիքին և հաճելի լինեն: Օրինակ՝ եթե ձեր երեքամյա դուստրը սովորում է գույները, ապա կարող եք խնդրել նրան առանձնացնել լվանալու հագուստը ըստ գույների: Կամ եթե ձեր տղան սիրում է ինչ-որ բան կառուցել, հանձնարարե՛ք նրանց հավաքել սենյակի թափթփված իրերն իր խաղալիք բեռնատարով: Այդպես նա և՛ կխաղա, և՛ կմասնակցի տան կարգիբերման աշխատանքներին: Մի՛ ծանրաբեռնեք երեխաներին դժվարին աշխատանքներով: Սկսեք հեշտից ու պարզից: Այդ պարագայում նրանք կիմանան, որ կարող են ավելի շատ աշխատանք կատարել և չեն անհանգստանա, որ հանձնարարությունները բարդ են և իրենց ուժերից վեր:
5. Վերածե՛ք աշխատանքները մրցույթի:
Երեխաները սիրում են մրցել: Ուրեմն ինչո՞ւ չուղղորդել դա դեպի օգտակար աշխատանքը: Կազմակերպե՛ք, օրինակ, ներընտանեկան մրցույթ, թե ով ավելի շատ իրեր կհավաքի հատակից: Կազմե՛ք «մրցաշարային աղյուսակ» և շաբաթվա վերջում «հանդիսավոր» պարգևատրեք հաղթողին: Հետևե՛ք միայն, որ մրցույթը երեխաների մեջ հանկարծ չծնի նախանձի զգացողություն. դա չափազա՛նց կարևոր է: Չլինի թե բոլոր աշխատաքներում մշտապես «հաղթի» նույն երեխան:
Նյութի աղբյուրը՝ այստեղ