Շարադրություն գրելու 7 կանոն

Շարադրությունը ստեղծագործական աշխատանք է, ուստիև պետք է լինի գեղեցիկ ու արտահայտիչ, բայց նաև պարզ (ոչ թե պարզունակ, այլ հստակ, ստույգ)։ Ահա այս հատկանիշներն ապահովելու համար շարադրության հեղինակը պետք է պահպանի հատկապես մի քանի ոճական կանոններ, որոնք ներկայացնում ենք ստորև։

  1. Չպետք է գործածել կաղապարված, հնացած ձևակերպումներ, ասենք՝ «Համաշխարհային գրականության խոշորագույն դեմքերից է․․․»։ Այսպիսի նախադասությունները հենց սկզբից վկայում են, որ տվյալ աշխատանքն ինքնօրինակ, յուրակերպ չէ, այլ մի ստանդարտ, սովորական շարադրություն, որտեղ գուցե չգտնենք հեղինակի անձնական գնահատականն ու նրա ստեղծագործական մտքի արտահայտությունը։
  2. Վերլուծական շարադրություն գրելիս պետք է հենց վերլուծել, այլ ոչ թե վերապատմել ստեղծագործությունը։ Կարելի է անգամ չհամաձայնել հեղինակի հետ, խոսել ստեղծագործության թերությունների մասին, բայց չներկայացնել սյուժեն ու այդպիսով գործը կատարված համարել։
  3. Պետք է զերծ մնալ փքուն ու վերամբարձ արտահայտություններից և ավելորդ հուզականությունից։ Մեզ կարող է թվալ, թե դա գեղեցկացնում է խոսքը, բայց իրականում ընթերցողն արագորեն զգում է նրա արհեստականությունը, և դա գործում է ի վնաս հեղինակի։
  4. Հարկ է ուշադիր լինել ծավալուն նախադասությունների նկատմամբ, հետևել, որ դրանց միտքը քերականորեն ճշգրիտ կերպով հասցվի ավարտին։ Հաճախ է պատահում, երբ մի բանի մասին խոսելիս ակամա շեղվում ենք տվյալ նախադասության շարահյուսական կառուցվածքից և այն չավարտած՝ ասես մի նոր նախադասություն սկսում նույն միտքը շարունակելու համար։ Օրինակ՝ «Մարդը, որը չի կարողանում վճռորոշ պահերին արագ որոշում կայացնել, ոչ ոք այդպիսի մարդուն առաջնորդի դեր չի վստահի» Պետք է հետևել, որպեսզի գրավոր խոսքում այսպիսի շեղումներ չլինեն։ Այսպես՝ վերոհիշյալ նախադասությունը տրամաբանական կհնչի հետևյալ ձևակերպմամբ․ «Ոչ ոք առաջնորդի դեր չի վստահի այն մարդուն, որը վճռորոշ պահերին չի կարողանում արագ որոշում կայացնել»։
  5. Անհրաժեշտ է բառերը գործածել իրենց ճիշտ նշանակությամբ։ Օրինակ՝ հաճախ երախտիք բառը շփոթում են երախտագիտություն բառի հետ, մինչդեռ երախտիք նշանակում է վաստակ, իսկ երախտագիտություն՝ շնորհակալ լինելը։ Այդպես կարելի է շփոթել արժեք և արժանիք բառերը, հասկացություն ու հասկացողություն բառերը և այլն։
  6. Միապաղաղությունից ու կրկնաբանություններից խուսափելու համար խրախուսելի է հոմանիշների գործածությունը, միայն թե պետք է ուշադիր լինել դրանց նրբիմաստների նկատմամբ։ Օրինակ՝ չգործածենք կատաղել բառը բարկանալ բառի փոխարեն, խորհրդածել բառը մտատանջվել բառի փոխարեն և այլն։
  7. Պարտադիր է ուղղագրական և կետադրական կանոնների պահպանումը։ Դրանք ոչ միայն վկայում են հեղինակի կրթվածության մասին, այլև օգնում ընթերցողին՝ ճիշտ կարդալ տեքստը և ըմբռնել նրա միտքը։

Թերևս այսքանը։ Մնացյալն արդեն զուտ ստեղծագործական հմտության հարց է, երբ դրսևորվում է հեղինակի անհատական ոճը, մտածողության կերպը և, իհարկե, աշխարհայացքը, որն ամենակարևորն է։

Հավանեցի՞ր. տարածիր