Կզարմանաք, բայց այս «անհրապույր» նյութը, ժամանակին իսկական հեղափոխություն է կատարել շինարարության ոլորտում։
Ցեմենտի գյուտը կատարվել է 19-րդ դարի առաջին կեսին։ Իհարկե, այնպես չէ, որ մինչ այդ բոլոր շինությունները պակաս ամուր ու ապահով էին, երբեմն գուցե նույնիսկ հակառակը, սակայն դրանց կառուցումը չափազանց երկար ու ծանր աշխատանք էր ենթադրում՝ ավելի մանրակրկիտ հաշվարկներ, ծանր ու մեծ քարերի տեղաշարժ, զգուշավոր շարվածք։ Իսկ ցեմենտը հնարավորություն տվեց արագ և մատչելի դարձնել կառուցապատումը՝ գոնե սովորական բնակելի տների կամ ոչ մշակութային նշանակության շինությունների համար։
1822 թվականին ռուս շինարար Եգոր Չելիևը ստացավ կրի և կավի՝ ամուր սոսնձող շաղախ և այն պատրաստելու եղանակը մանրամասն նկարագրեց իր գրքում՝ «Տրակտատ որակյալ շինարարական շաղախներ պատրաստելու մասին»։ Գյուտը միանգամից գնահատվեց մասնագիտական աշխարհում։ Շուտով հիմնվեցին ցեմենտ արտադրող գործարանները։ Այլ մասնագետներ հետագայում ցեմենտում հավելեցին քարի փոշին՝ ավելի ամուր դարձնելով այն։
Այսօր արդեն ցեմենտի տարբեր տեսակներ գոյություն ունեն՝ տարբեր բաղադրությամբ։ Դրանց բոլորին միավորող հատկանիշները, սակայն, երկուսն են՝ ամրությունն ու միաժամանակ շինարարության արագության ապահովումը։ Ջրով բացող փոշին նախ վերածվում է խյուսի, իսկ հետո, երբ լցվում է կից քարերի արանքում՝ ամրանում է՝ իրեն «սոսնձելով» դրանք։ Ցեմենտով նաև գետինը, որմերը և այլ մակերևույթներ են պատում, հարթեցնում։