Բանջարեղենի մասին

Մեկ հավաքական բառով՝ բանջարեղեն են կոչվում բոլոր այն խոտաբույսերը, որոնք համեղ հյութալի մասեր ունեն՝ տերև, ցողուն, պտուղ, և աճեցվում են սննդում օգտագործելու համար։

«Հայկական հանրագիտարանից» սովորում ենք բանջարեղենի հետևյալ խմբերի մասին․

ա) արմատապտղավորներ՝ գոնգեղ, գազար, բողկ, ճակնդեղ, արմատային մաղադանոս, ստեպղին, շաղգամ, արմատային նեխուր և այլն.

բ) տերևաբանջարներ՝ կաղամբ, հազար, սպանախ, սամիթ, տերևային ու տերևակոթունային նեխուր, տերևային մաղադանոս, թրթնջուկ և այլն (սննդի մեջ օգտագործում են սրանց տերևները և հաստ տերևակոթունները).

գ) պտղաբանջարներ` լոլիկ, սմբուկ, տաքդեղ, ձմերուկ, սեխ, դդում, դդմիկ, ծաղկակաղամբ, ոլոռ, լոբի, բակլա, շաքարային եգիպտացորեն, բամիա և այլն: Սրանք, ըստ իրենց բուսաբանական հատկանիշների, իրականում մրգեր են, բայց քանի որ կիրառվում են աղի հետ, դասվում են բանջարեղենների շարքին․

դ) սոխուկավորներ՝ սոխ, սխտոր․

ե) կարտոֆիլ և համեմունքային բանջարեղեն՝ գինձ, կոտեմ, ուրց, դաղձը, թարխուն, խնկածաղիկ, գաղտրիկ և այլն:

Բանջարեղենը պարունակում է շատ ջուր, հարուստ է օրգանիզմին անհրաժեշտ վիտամիններով, հանքային աղերով, սպիտակուցներով, ճարպերով, բուրավետ նյութերով, եթերայուղերով։ Բանջարեղենը կանոնավորում է մարդու նյարդային և մարսողական համակարգերի, ինչպես նաև այլ օրգանների գործունեությունը, բարձրացնում օրգանիզմի դիմադրողականությունը մի շարք հիվանդությունների դեմ: Որոշ տեսակներ, օրինակ՝ սոխն ու սխտորը, ունեն նաև հականեխիչ և մանրէասպան հատկություններ:

Սակայն բանջարեղենի սննդարար արժեքը պահպանելու համար անհրաժեշտ է այն ճիշտ մշակել և եփել: Օգտագործելուց առաջ բանջարեղենը պետք է լվանալ հոսող սառը ջրով՝ նրա մակերեսը հնարավոր վնասարար մանրէներից ու որդերի ձվերից մաքրելու համար։

Պետք է գիտենալ, որ արմատապտուղներն ու կարտոֆիլը լվանալուց հետո կեղևազերծում են ըստ հնարավորին բարակ շերտով, քանի որ վիտամիններն ու հանքային աղերը գտնվում են անմիջապես կեղևի տակ: Իսկ մատղաշ վարունգը, բողկը, գազարը առհասարակ ցանկալի է սննդի մեջ օգտագործել կեղևով: Ի դեպ, որքան խոշոր է մանրատված բանջարեղենը, այնքան քիչ է վիտամինների կորուստը: Գերադասելի է բանջարեղենը մաքրել և մանրատել օգտագործելուց կամ եփելուց առաջ միայն, որպեսզի նրա վերոհիշյալ բոլոր օգտակար հատկանիշները պահպանված լինեն:

Հավանեցի՞ր. տարածիր