Հատվածներ Կորյունի «Վարք Մաշտոցի» աշխատությունից
Նա (Մաշտոցը – խմբ․) Տարոն գավառից էր՝ Հացեկաց գյուղից՝ Վարդան անունով երանելի մարդու որդին։ Մանկական հասակում նա կրթվել էր հելլենական դպրությամբ, [ապա] եկել, հասել Մեծ Հայաստանի Արշակունի թագավորների դուռը, կացել էր արքունի դիվանատանը՝ դառնալով արքայի տված հրամանի ծառայողը՝ ոմն Առավանի՝ մեր Հայոց աշխարհի հազարապետության ժամանակ։ Նա տեղյակ ու հմուտ էր աշխարհական կարգերին, իր զինվորական արվեստով սիրելի էր դարձել իր զորականներին։ Եվ այնտեղ հենց ջանալով ուշադրությամբ հետևում էր աստվածային գրքերի ընթերցանությանը, որով և շուտով լուսավորվեց ու թափանցեց, խորամուխ եղավ աստվածային հրամանների հանգամանքների մեջ և ամեն պատրաստությամբ՝ զարդարելով իրեն՝ իշխանների ծառայություն էր կատարում։
Եվ դրանից հետո նա, ըստ Ավետարանական կանոնի, դարձավ մարդասեր Աստծու ծառայությանը. այնուհետև մերկացավ (թողեց – խմբ․) իշխանական ցանկությունները և պարծանքի խաչն առնելով՝ դուրս եկավ ամենակեցույց խաչվածի հետևից։ Եվ [հավատքի] հրամաններին հավանելով՝ խառնվեց Քրիստոսի խաչակիր գնդին ու շուտով մտավ միայնակեցական կարգի մեջ։ ․․․․Եվ մի քանիսին ևս գտել, հարեցրել էր իրեն՝ աշակերտ դարձնելով նույն սովորական ավետարանությանը։
․․․․Երանելին այնուհետև իր հավատացյալներին առավ, գնաց, իջավ Գողթնի՝ անկարգ ու անխնամ [թողնված] տեղերը։ Նրա առաջ դուրս եկավ նաև Գողթնի իշխանը՝ մի աստվածավախ և աստվածասեր մարդ, որի անունը Շաբիթ էր….։
Իսկ երանելին, իսկույն իր ավետարանական արվեստը բանեցնելով, իշխանի հավատարիմ օգնությամբ սկսեց [քարոզել] գավառում․․․․։
Եվ շատ օրեր հենց այնտեղ նույն [խնդրով] զբաղվելուց հետո վեր կացավ, այնուհետև [եկավ], հասավ Մեծ Հայաստանի սուրբ Կաթողիկոսի մոտ, որի անունը Սահակ էր, որին և պատրաստ ու հավան գտավ նույն հոգսի վերաբերմամբ։
․․․․Շատ հարցուփորձով ու որոնումով պարապեցին և շատ նեղություններ կրեցին. հետո և իրենց առաջուց ուզած բանի մասին իմաց տվին Հայոց թագավորին, որի անունը Վռամշապուհ էր կոչվում։ Այն ժամանակ արքան պատմեց նրանց մի մարդու՝ Դանիել անունով մի ազնվական ասորի եպիսկոպոսի մասին,որ հանկարծ գտել է հայերեն լեզվի ալփաբետներ–նշանագրեր։
․․․․Իսկ երբ հասկացան, որ այդ նշանագրերը բավական չեն հայերեն լեզվի սիղոբաները-կապերն ամբողջությամբ արտահայտելու համար (մանավանդ որ նշանագրերն էլ իսկապես ուրիշ դպրություններից թաղված և հարություն առած հանդիպեցին), ապա դարձյալ երկրորդ անգամ նույն հոգսի մեջ ընկան և մի քանի ժամանակ ելք էին փնտրում դրան։
Դրա համար երանելի Մաշթոցը, արքայի հրամանով և սուրբ Սահակի համաձայնությամբ, մի խումբ մանուկներ առավ հետը և սուրբ համբույրով միմյանց հրաժեշտ տալուց հետո ճանապարհ ընկավ…. հասավ Արամի կողմերը՝ ասորաց երկու քաղաքները, որոնց առաջինը Եդեսիա է կոչվում, և երկրորդի անունն է Ամիդ։ Ներկայացավ սուրբ եպիսկոպոսներին, որոնց առաջինի անունը Բաբիլաս էր, և երկրորդինը՝ Ակակիոս։
….Եվ այսպես նա շատ նեղություններ քաշեց իր ազգին մի բարի օգնություն գտնելու համար։ Ամեն բան շնորհող Աստծուց իսկապես պարգևվեց նրան [այդ] բախտը. նա իր սուրբ աջով հայրաբար ծնեց նոր և սքանչելի ծնունդներ–հայերեն լեզվի նշանագրեր։ Եվ այստեղ շուտով նշանակեց, անվանեց ու դասավորեց, հորինեց սիղոբաներով-կապերով։
Եվ ապա հրաժեշտ տալով սուրբ եպիսկոպոսին՝ իր օգնականների հետ միասին իջավ Սամոսատ քաղաքը, ուր մեծապատիվ կերպով մեծարվեց եպիսկոպոսից և Եկեղեցուց։
….Եվ սկսեց թարգմանել [Սուրբ] Գիրքը՝ նախ Սողոմոնի առակներից, որ սկզբում հենց հանձնարարում է ծանոթ լինել իմաստության՝ ասելով, թե՝ «Ճանաչել զիմաստութիւն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ», որ և գրվեց այն գրագրի ձեռով. Միաժամանակ և սովորեցնում էին մանուկներին՝ գրագիրներ [պատրաստելով] նույն դպրության համար։