Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի աղոթքը

Սիրելի՛ երեխաներ, խոսքերը, որոնք դուք այժմ կկարդաք, իհարկե, դասական աղոթքի տեքստ չեն, բայց նույնքան անկեղծ են ու խոր և այդ պատճառով շատ են սիրվել ու հայտնի դարձել։ Այդ տողերում երևում է կյանքի փորձությունները տեսած մարդու դատողությունը, մարդու, որը հասկացել է՝ իրականում աշխարհում ինչն է կարևոր, իսկ ինչը՝ վաղանցուկ և ունայն։ «Կրթադիտակն» ընդգծել է «Աղոթքի» այն հատվածները, որոնց վրա արժե հատուկ ուշադրություն դարձնել, թեպետ ըստ էության՝ գրվածքի յուրաքանչյուր արտահայտությունն էլ ունի իր ուղերձը։

Աստվա՛ծ իմ, ես չեմ խնդրում հրաշքներ և տեսիլքներ․ ես խնդրում եմ ուժ`ամեն օրվա համար: Սովորեցրո՛ւ ինձ փոքրիկ քայլերի արվեստին: Դարձրո՛ւ ինձ հետևողական և պատրաստակամ, որպեսզի օրվա միապաղաղության մեջ ճիշտ ժամանակին կանգ առնեմ բացահայտումների և փորձի առջև, որոնք ինձ կհուզեն:

Սովորեցրո՛ւ ինձ ճիշտ տնօրինել իմ կյանքի ժամանակը: Նվիրի՛ր ինձ ներքին ձայն, որպեսզի առանձնացնեմ այն, ինչ պետք է անել առաջին և ապա երկրորդ հերթին:

Խնդրո՛ւմ եմ Քեզանից չափավորություն և զսպվածություն, որպեսզի իմ կյանքի ընթացքում չթռչեմ և չսողամ, այլ կարողանամ ծրագրել իմ օրը խելամտորեն, կարողանամ տեսնել բարձունքներն ու հեռուները:

Օգնի՛ր ինձ հասկանալ, որ երազանքները չեն կարող օգնել. ո՛չ անցյալի և ո՛չ էլ ապագայի մասին երազանքները: Օգնի՛ր ինձ լինել այստեղ և հիմա, ընդունել այս րոպեն՝ որպես ամենակարևորն ու գլխավորը:

Պահպանի՛ր ինձ այն միամիտ հավատից, թե այս կյանքում ամեն ինչ պետք է հարթ լինի: Տո՛ւր ինձ հստակ գիտակցություն, որ դժվարությունները, ձախողումները, պարտությունները և անհաջողությունները միայն կյանքի բնական բաղադրիչն են, որոնցով մենք աճում ենք ու հասունանում:

Հիշեցրո՛ւ ինձ, որ հաճախ սիրտը վիճում է բանականության հետ:

Անհրաժեշտ պահին ինձ մոտ ուղարկի՛ր ինչ-որ մեկին, ով քաջություն կունենա ասելու ճշմարտությունը, բայց կանի դա սիրով:

Ես գիտեմ, որ շատ խնդիրներ որոշվում են, երբ ոչինչ չես ձեռնարկում: Այդ դեպքում տո՛ւր ինձ համբերություն:

Դու գիտես, թե մենք որքան շատ ենք զգում ընկերության կարիքը: Թո՛ւյլ տուր արժանի լինել ճակատագրի ամենահրաշալի ու քնքուշ այդ նվերին:

Դարձրո՛ւ ինձ մարդ` ունակ թակելու այն դռները, որոնք ամենաներքևում են: Պահպանի՛ր ինձ այն վախից, թե կարող եմ ինչ-որ բան բաց թողնել իմ կյանքում:

Տուր ինձ ոչ թե այն, ինչ խնդրում եմ ինձ համար, այլ այն, ինչն իսկապես անհրաժեշտ է ինձ: Եվ խնդրում եմ նորից․ սովորեցրու ինձ փոքրիկ քայլերի արվեստին:

Հավանեցի՞ր. տարածիր