Թաջ Մահալը քվեարկության ժամանակ ստացել է մոտ 100 միլիոն ձայն:
Թաջ Մահալ (նշանակում է «թագի տաճար») դամբարանը կառուցել է Շահ Ջահանն իր երիտասարդ կնոջ` Մումթազ Մահալի մահից հետո, որպես իր չափազանց մեծ սիրո ապացույց:
Հուշարձանը գտնվում է Հնդկաստանում՝ Ջամնա գետի ափին: Բարձրությունը 74 մետր է (գրեթե 25-հարկանի շենքի բարձրությունն է):
Շքեղ կառույցի առջև մեծ ավազան է կառուցված, իսկ շուրջը դրախտային պարտեզներ են:
Դամբարանը կառուցել են մոտ 350 տարի առաջ: Շինարարությունը տևել է գրեթե 20 տարի, մասնակցել է ավելի քան 20 հազար վարպետ: Դամբարանի ներսում են թաղված Շահ Ջահանն ու իր կինը:
Կառույցի պատերը մարմարյա են, օգտագործվել են նաև փիրուզ, ագաթ և այլ թանկարժեք քարեր: Մարմարյա պատերը զարմանալի հատկություն ունեն. ցերեկը դրանք սպիտակ են, մայրամուտին վարդագույն են թվում, իսկ լուսնի տակ պալատը կարծես արծաթագույն լինի: