Մաչու-Պիկչու

Կարո՞ղ ես պատկերացնել քաղաք` առանց բնակիչների: Մաչու-Պիկչու անունով այդպիսի մի քաղաք գտնվում է Հարավային Ամերիկայում` Պերուի տարածքում: Ահա թե ինչ են պատմում Մաչու-Պիկչուի ավերակները:

Ինկերի լքված-մոռացված քաղաքը

Ինկերը Ամերիկայում ապրող հնդկացիական ցեղ են: Մեզանից մոտ 600 տարի առաջ ինկերի մեծ առաջնորդ Պաչակուտեկը սարերի մեջ կառուցեց այդ փոքրիկ քաղաքը: Քաղաքն ամբողջությամբ առեղծված է: Անգամ նրա իրական անունը մեզ հայտնի չէ. և այն Մաչու-Պիկչու կոչվում է մոտակա լեռնագագաթի անունով:

Մաչու-Պիկչուն աշխարհից ամբողջովին կտրված է: Այդ պատճառով այն նաև անվանում են «քաղաք ամպերի մեջ»:

Երբ իսպանացիները հայտնաբերեցին Ամերիկան, սկսեցին գրավել հնդկացիների հողերը, ավերել քաղաքներն ու գյուղերը: Բայց Մաչու-Պիկչուն չգրավեցին: Գիտե՞ս ինչու: Նախ` որովհետև այն շատ բարձր էր վայրում է՝ լեռների մեջ: Բացի այդ՝ մի զարմանալի բան տեղի ունեցավ. քաղաքի բնակիչներն անհասկանալի կերպով անհետացել էին: Թե ուր և ինչպես, մինչև օրս պարզված չէ, և սա այս քաղաքի մեծագույն առեղծվածն է:

Դրանից հետո մոտ 400 տարի Մաչու-Պիկչուն ամայի էր և մոռացված: Մի գիտնական 100 տարի առաջ հայտնաբերեց քաղաքի ավերակները:

Երբ հնագետներն առատ բուսականությունից մաքրեցին քաղաքը, զարմացան իրենց տեսածից. դա մի ամրոց էր` բազմաթիվ աստիճաններով, քարանձավներով, ու կարծես լաբիրինթոս լիներ: Հնագետներն ուսումնասիրեցին քաղաքը և մնացին ապշած: Այն ժամանակների համար զարմանալի կառույցներ կան քաղաքում` պալատներ, տաճարներ, նույնիսկ աստղադիտարան:

Քաղաքը երկրաշարժից պաշտպանելու համար ինկերը հատուկ հաշվարկով են այն կառուցել: Իսկ ամենազարմանալին այն է, որ քարերը միմյանց ոչ մի նյութով չեն կպցրել, այլ մի քարը մյուսի վրա դրել են հատուկ ձևով տաշելով և քարերի կշիռը հաշվարկելով: Եվ պատկերացնու՞մ ես, այդպես կառուցված քաղաքը կանգուն է մինչև հիմա:

Ի դեպ, գիտե՞ս, թե ովքեր են հնագետները. նրանք գիտնականներ են, որոնք գտնում և ուսումնասիրում են պատմական վայրերը, հին շինությունները:

Ի՞նչ նպատակով են ինկերը նման քաղաք կառուցել, ի՞նչ է նրա իսկական անունը, ի՞նչպես են անհետացել նրա բնակիչները: Այս հարցերը մինչև այսօր պատասխան չունեն և դրանք հենց հնագետներն են փնտրում:

Հավանեցի՞ր. տարածիր