«Գտի՛ր ինձ» – ուշադրություն զարգացնող խաղեր

ՍԿՍԵԼ ԽԱՂԸ

«Էդիթ Պրինտ» հրատարակչության կողմից պատրաստված և ներկայացված «Ինտերակտիվ խաղեր»-ի հավաքածուն նախատեսված է նախադպրոցականների և կրտսեր դպրոցականների համար: Այն ընդգրկում է խաղեր, որոնք նպատակ ունեն զարգացնելու երեխայի պատկերային մտածողությունը, տրամաբանությունը, դիտողականությունը, մարզելու հիշողությունը, արագ կողմնորոշվելու և կենտրոնանալու կարողությունները և այլն: Ընդ որում՝ բացի հիմնական նպատակից՝ յուրաքանչյուր խաղի ընթացքում զուգահեռաբար լուծվում են բազմազան հարակից խնդիրներ՝ ձեռք են բերվում ճանաչողական գիտելիքներ, մշակվում տարաբնույթ կարողություններ, այդ թվում՝ գիտելիքներն ու կարողություները համակցելու, տարբեր կարողությունները զուգակցելու և այլն:

«ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԶԱՐԳԱՑՆՈՂ ԽԱՂԵՐ» խորագրով տրված է «Գտի՛ր ինձ» խաղը, որն ընդգրկում է վեց տարբեր թեմատիկաներ՝ ծով, անտառ, ջունգլի, բանջարանոց, փողոց, խոհանոց՝ համապատասխան թեմատիկ խմբերի բառապաշար (կենդանիներ, ձկներ, բանջարեղեն, խոհանոցային պարագաներ…) ներկայացնող առարկայական նկարներով: Խաղերի հիմնական առաջադրանքը երկու նույնական նկարներից մեկի մեջ պակասող պատկերները գտնելն ու ավելացնելն է: Ընդ որում՝ խաղերը աստիճանական բարդացման սկզբունքով են ներկայացված. եթե դրանց մի մասում նկարը նույնությամբ է պատկերված, ապա մյուսներում հայելանման է արտապատկերված, և խաղացողից ավելի մեծ կենտրոնացում և ուշադրություն է պահանջվում: Այս խաղերը ևս նպաստում են ճանաչողական գիտելիքների ու բառապաշարի հարստացմանը:

Խաղերի այս հավաքածուն կարող է կիրառվել որպես ժամանցային նյութ՝ ուսումնական գործընթացից դուրս, ինչպես նաև որպես ուսումնաօժանդակ նյութ` կիրառելի թե՛ դասագործընթացում, թե՛ դրանից դուրս: Ընդ որում՝ խաղերը հավասարապես կիրառելի են թե՛ որպես անհատական, թե՛ որպես դասարանական աշխատանք, երբ դրանք կարող են խաղարկվել մրցույթի կարգով, և այդ դեպքում հատկապես կկարևորվիու հաշվի կառնվի առաջադրանքի կատարման ժամանակը:

«Գտի՛ր ինձ» խաղը ունի ուշադրությունը, դիտողականությունը, կենտրոնացումը, կողմնորոշումը զարգացնելու և այդ գործողություններն արագ կատարելու կարողություն ձևավորելու նպատակներ: Վեց տարբերակներից մեկը, ինչպես արդեն նշվել է, առավել բարդ է, քանի որ հայելանման պատկերի ժամանակ խնդիրները փոխվում, դժվարանում են:

Խաղի բոլոր տարբերակները կարող են կիրառվել թե՛ նախադպրոցականների կողմից, թե՛ դպրոցականների կողմից, հատկապես գրուսուցման նախաայբբենական փուլում՝ բառապաշարի հարստացման, ընդգրկված իմաստային դաշտերին պատկանող բառապաշարի ուսուցման և դրանք խոսք ներմուծելու նպատակներով:
Ուսուցման զննականության սկզբունքն ու խաղը ապահովում են ուսումնական գործընթացի հետաքրքրաշարժությունը և արդյունավետությունը: Ինտերակտիվ խաղերը 21-րդ դարի երեխայի հետաքրքրությունները և ճանաչողական պահանջները բավարարելու կարևորագույն միջոցներ են:

Ուշադիր զննի՛ր նկարի աջ և ձախ հատվածները, ապա, կտտացնելով նկարի աջ մասի վրա, գտի՛ր թաքնված պատկերները: Փորձի՛ր ավարտել հնարավորինս արագ:

Հավանեցի՞ր. տարածիր