Շվեյցարիա

Արևմտյան Եվրոպայի սրտում է գտնվում հեքիաթային մի փոքր երկիր` Շվեյցարիան` իր գունագեղ բնաշխարհով։ Հարավում աճող արմավենիներից ու խաղողի այգիներից մոտ 100 կմ դեպի հյուսիս՝ վեր են խոյանում հավերժական ձյունով ծածկված ալպյան լեռնագագաթները։ Շվեյցարիան հայտնի է բազմաթիվ լճերով ու գետերով, դրա համար էլ այն Եվրոպայի ջրամբար են անվանում։

Շվեյցարիան աշխարհի ամենախաղաղասեր երկիրն է. նա չի մասնակցում աշխարհում տեղի ունեցող պատերազմներին, բայց օգնության ձեռք է մեկնում դրանց հետևանքով տուժած մարդկանց։ Դրա համար էլ այն չեզոք երկիր են կոչում։

Այստեղ ամենատարածված փոխադրամիջոցը գնացքն է, որոշ շրջաններում` հեծանիվը, առանձին հատվածներում էլ` ճոպանուղին։ Ալպյան լեռների միջով բացված են երկաթուղային և ավտոմոբիլային թունելներ։

Շվեյցարիան յուրահատուկ է նաև նրանով, որ չորս պետական լեզու ունի` գերմաներեն, ֆրանսերեն, իտալերեն և ռոմաներեն։ Ըստ դրա էլ բաժանվում է չորս հիմնական հատվածի` գերմանական, ֆրանսիական, իտալական, ռոմանական «Շվեյցարիաների»։

Շվեյցարիան կանաչ երկիր է. քաղաքներն ու գյուղերն ասես թաղված են կանաչի և ծաղիկների մեջ։ Այստեղ դժվար թե գտնվի մի տուն կամ շինություն, որ ծաղկապատ չլինի։ Անգամ հատուկ մրցույթներ են անցկացվում` որոշելու գյուղի կամ շրջանի ամենածաղկառատ տունը։

Շվեյցարացիները ճշտապահ են և կարգուկանոն են սիրում ամեն ինչում։

Շվեյցարական բանկերը համարվում են աշխարհում լավագույնը, ամենաապահովը:

Շվեյցարական ժամացույցները ամենաճշգրիտն ու որակյալն են:

Շվեյցարական պանիրն ամենահամեղն է:

Իսկ շվեյցարական շոկոլադին ոչ մի շոկոլադ չի հասնի:

Հավանեցի՞ր. տարածիր